1in.am–ը գրում է.

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ սկսվում է Լալա Ավետիսյանի գործի դատական քննությունը:
36-ամյա Լալան մեղադրվում է տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ 112 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում Լալան անձնական փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ Նորքի 4 –րդ զանգվածի Բակունցի 2-րդ նրբանցքի շենքերից մեկին կից գործող վարսավիրանոցի մոտ, ապա վարսավիրանոցի ներսում վիճաբանել է իր ծանոթ տաքսիստ Արթուր Ա.-ի հետ:
Վիճաբանության ընթացքում Լալա Ավետիսյանը Արթուրի առողջությանը ծանր վնաս է պատճառել: Աշխատանքային գործիք սանրը Լալան գործադրել է որպես սուր կտրող-ծակող գործիք, որով հարվածել ու վնասել է Արթուրին:
Լալայի նկատմամբ սկզբում որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մոտ մեկ ամիս առաջ խափանման միջոցը փոփոխվել է, կիրառվել է գրավ, ու Լալան ազատվել է կալանքից:
Ըստ ամբաստանյալի՝ վիճաբանությունն իր և ծանոթ տաքսիստի միջև եղել է այն պատճառով, որ այդ տաքսիստն իր հասցեին արատավորող տեղեկություններ է տարածել: Ինքը պարզել է այդ հանգամանքը, փորձել է պարզաբանել հենց Արթուրի հետ:
Վերջինս իրեն վարսավիրանոցում ծեծել է, ինքն էլ նրան հարվածել է… սանրով:
Լալա Ավետիսյանն ասաց, թե իրեն ոստիկանություն են տարել կապտուկներով, որոնք հասցրել էր Արթուրը:
Այս գործով անդրանիկ նիստը հետաձգվեց Լալա Ավետիսյանի շահերի պաշտպանի բացակայության պատճառով:
Տուժողի բարեկամուհիներից մեկը դատարանի դահլիճում Լալայի ներկայությունից զայրացած ասաց, թե նա իր արարքով կանանց անունն է վարկաբեկել, կինն իրեն այդպես պահել չէր կարող, ու նա պետք է ամաչի կնոջը չվայելող արարքի համար՝ ախր երիտասարդ տղային դարձրել է հաշմանդամ…



