mher-sedrakyanԵրկու օր առաջ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն ասել էր, որ մեր ազգը սովոր է ուրիշի լծի տակ ապրել, հիմա «թող, ոնց որ ասում են, ռուսի իշխանության տակ ապրի»: Սա շատերի հանգիստն է վրդովել: Ֆեյսբուքում լրագրողներին ուղղված կոչեր են հնչում՝ գործ չունեք «Դարվինի տեսության կարկառուն ներկայացուցիչների» հետ: Սա ամենամեղմ բնորոշումն է ԱԺ ամենաինտելեկտուալ պատգամավորների հասցեին, որոնք նաև քրեական հեղինակություն են, մի քանիսը՝ նույնիսկ մեկ-երկու անգամ դատապարտված:

Այս մարդիկ, այսինքն՝ «ինտելեկտուալ» ՀՀԿ-ականները, հայտարարություններ են անում ԱԺ-ում աշխատող լրագրողների ձեռամբ, որոնցով խայտառակում են «ռեսպուբլիկան»: ԱԺ լրագրողներին ուղղված կոչի հիմնական էությունն այն է, որ վազն անցեք Մհեր Սեդրակյանից, Առաքել Մովսիսյանից, Սամվել Ալեքսանյանից և այսպիսի մոտ 30-40 պատգամավոր դեմքերից: Վազն անցնելու կոչի էությունը պարզ է՝ այս մարդիկ մի բան դուրս կտան, հետո ամբողջ ազգով չենք կարող դրա տակից դուրս գալ: Համաձայն եմ: Բայց այստեղ խնդիր կա: Կներեք, ինչպե՞ս են այս մարդիկ հայտնվել խորհրդարանում: Նրանց պետք չէ մոռացության մատնել, որովհետև կկրկնվեն հաջորդ խորհրդարանում: Լուսաբանել նրանց ասածը, չասածը, արածը և չարածը լրագրողի գործն է, ինչպես լրագրողի գործն է լսել Հերմինե Նաղդալյանին և մյուսներին, որոնց համեմատաբար հոդաբաշխ մտքերն ավելի մարդկային չեն: ԱԺ-ում չկա Թոխմախի Մհեր, Լֆիկ Սամո և Շմայս, սա պաշտոնապես եմ ասում: ԱԺ-ում կան Մհեր Սեդրակյան, Սամվել Ալեքսանյան և Առաքել Մովսիսյան: Եվ մինչև տվյալ գումարման ԱԺ աշխատանքների վերջը նրանք մնալու են հենց անուն-ազգանունով մարդիկ, քանի դեռ նրանք մեզ են ներկայացնում, քանի դեռ հենց նրանց պատգամավորությունն է հնարավոր, քանի դեռ թեման ոչ թե մենք ենք, որ հնարավոր ենք դարձրել նրանց, այլ նրանց ասածը:

Իսկ ո՞վ ասաց, որ Սերժ Սարգսյանն ավելի իմաստալից բաներ է ասում, կամ Մհեր Սեդրակյանը նրանից վատ է ասում: Անձամբ ես այդ կարծիքին չեմ: Չեխիայի ՀՀ դեսպանատանը ե՞ս էի կենդանի-կենդանի թաղում պետականության ընկալումն այն խոսքերով, որ մի փոքր երկրում հո տաս հոգով շաքար չե՞ն ներկրի: Ո՞վ ասաց, որ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը վտանգավոր մտածող է Հայաստանի Հանրապետության համար, իսկ, ասենք, Կորյուն Նահապետյանը հույս է: Վարչապետին լսե՞լ եք, լրագրողներին ասում է՝ «բա ըտենց որ խոսաք, կարտագաղթեն»: Հասկացա՞ք: Այսինքն, էս երկրի նախագահն էլ են լրագրողները, կառավարությունն էլ, ԱԺ-ն էլ, դատավորներն էլ ու բոլոր մեղքերը նրանց վրա է: Լրագրողները մեղավոր են, երբ գործարքի և համաձայնության մեջ են նախագահի, կառավարության, ԱԺ-ի և դատավորների հետ, բայց նրանք իրենք իրենցով չեն կարող մեղավոր լինել: Երբ վարչապետը լրագրողին ընկալում է որպես մեկի, որը պետք է ամեն գնով կանխի արտագաղթը, իսկ ինքն էս ծայրահեղ աղքատ պետության տեսադաշտից չվերացնի իր դղյակը, ոչ մի լռության ուխտ չի փրկի ոչ Հովիկ Աբրահամյանին, ոչ էլ այս երկիրը: Ֆեյսբուքահայության մի մեծ հատված լրագրողներին ասում է, որ հասկանում է նրանց մղումը սենսացիոն հայտարարություններ պոկելու Մհեր Սեդրակյանից, Սամվել Ալեքսանյանից կամ Առաքել Մովսիսյանից, «բայց,-գրում է ֆեյսբուքահայությունը,-մի խոսացրեք նրանց, որ գոնե մեր թշնամիները չծիծաղեն մեր վրա»: Ժողովուրդ, աշխարհում չկա մի թշնամի, որը ծնվել է, երբ դու քնած էիր: Դու անպայման արթուն ես եղել, երբ նա ծնվել է, նշանակում է, դու ինքդ էլ ես աշխատել, որ նա լինի: Ըստ այդմ, եթե մեր ծիծաղելիին մենք չգործուղենք ԱԺ, չեն ծիծաղի:

Խնդիրը «կայֆավատը» չէ, որը լրագրողը փնտրում է ՀՀԿ-ական «ինտելեկտուալներին» ԱԺ միջանցքներում տեսնելիս, այլ հարգանքը նրանց ներկայության և պաշտոնեական պարտականությունների հանդեպ, որովհետև ազնիվ չէ մտածելը, թե ՀՀԿ-ական տնտեսագետ պատգամավոր Գագիկ Մինասյանը և երիտպատգամավորներից ցանկացածը ավելի լուրջ պատճառներ և հիմքեր ունեն ինչ-որ բան ասելու կամ մեկնաբանելու, քան Մհեր Սեդրակյանը: Եվ երբ նրան ասում եք Թոխմախի Մհեր, դուք ծիծաղում եք ամենևին ոչ նրա վրա: Որովհետև ՀՀԿ վերնախավից, շա՜տ վերնախավից ինչ-որ մեկը պլստում է էդ մականվան տակից, ինչ-որ մեկը մաքուր է պրծնում, որովհետև «Թոխմախի Մհերը» տեղորոշվում է, բոլորն իմանում են նրա տեղը: Անձամբ ես ԱԺ-ում Թոխմախի Մհերի չեմ հանդիպել նույնիսկ այն օրերին, երբ նա սպառնում էր կոտրել լրագրողի ծնոտը: Դա իմ հարգանքը չէ Մհեր Սեդրակյանի հանդեպ, դա իմ հարգանքն է ԱԺ ինստիտուտի հանդեպ: Որովհետև էդ ինստիտուտն իմ հարկերն է ուտում: Ես սկսում եմ իմ հարկերը հարգելուց: Եթե ես չեմ կարողացել կանխել իմ հարկերի այսօրինակ վատնումը, ինչպիսին Մհեր Սեդրակյանի, Առաքել Մովսիսյանի, Նահապետ Գեւորգյանի, Սամվել Ալեքսանյանի և մյուսների ներկայությունն է ԱԺ-ում, գոնե կարող եմ հասարակությանը պատմել ինքնակեղեքման իմ պատմությունը, որը մեծ հաշվով Հայաստանի հազիվ Հանրապետության պատմությունն է: Այնպես որ մեզ մի ասեք, թե պետք չէ լուսաբանել ԱԺ-ում նստած ՀՀԿ-ականների մտքերը, ավելի լավ է ձեզ էն գլխից ազատեք նրանցից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել