Tert.am-ը գրում է․
Բանակցության երևանյան կենտրոնն այսօր կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաժողով, որի ընթացքում արծարծվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ռազմավարությունը, հայկական պահանջատիրության` վերականգման և հատուցման իրավաքաղաքական ուղիները և այս համատեքստում ՀՀ իրականացրած դիվանագիտական քայլերը:
Բանակցության երևանյան կենտրոնի տնօրեն Ստեփան Խզրթյանը նշեց, որ բանակցություների խնդիր չպետք է լինի Ցեղասպանության եղելիության հարցը, այլ պետք է քննարկել հատուցման հարցերը: «Ճանաչումը և դատապարտումը միայն ազգային շահերից չեն բխում, դա համամարդկային հարց է: Երբ հասնենք այս խնդրի արդարացի լուծմանը, նորանոր պատերազմներ չեն լինի, և տարածաշրջանում կունենանք հարատև կայուն խաղաղություն»,-ասաց նա:
Նա նկատեց, որ Թուրքիայի վերջնական նպատակը` ցեղ սպանելը, չի հաջողվել: «Ցեղասպանության հիմնախնդիրը այն եզակի հարցերից է, ներառյալ ԼՂՀ հարցը, որն ունի համայն հայության միատարր, միասնական որոշումը»,-ասաց նա և հավելեց.«Նրանք մեզ ցանկացան հողում թաղել, նրանք չէին գիտակցում, որ մենք սերմ ենք և ծիլ ենք տալու»:
Բանակցության երևանյան կենտրոնի ավագ խորհրդատու Թովմաս Սամուէլեանը նկատեց, որ շատ պետություններ ուշացրել են այս հարցի ճանաչումը: Նա նշեց, որ այդ պետություններին ստիպելու լծակներ չկան: «Հիմնական հարցը, մոտեցումը պետք է լինի հանրային ճնշումը և գիտակցության բարձրացման հողի վրա աշխատանքներ տանելը»,-ասաց նա և նշեց, որ մեծ մասամբ դատական դռները փակ են այս հարցի լուծման համար:
«Անպատժելիությունը ամենամեծ վտանգն է մարդկության համար»,-ասաց նա և նշեց, որ մեր պահանջները պետք է ճշգրիտ ներկայացնենք և հիմնավորենք:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ որպես Ցեղասպանության ժառանգներ` նորություն չէ մեզ համար, որ այն, ինչ մենք կորցրեցինք, միայն մարդկային կյանքեր չէին, միայն ցեղի սպանություն չէր, այլ նաև` մի ողջ հայրենիքի, քաղաքակրթության, մշակույթի սպանություն էր, հայրենիքից զրկում էր:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ճանաչումն արդեն եղել է, այն աշխարհի արխիվների մեջ կա, այդ թվում` ԱՄՆ-ի, Թուրքիայի: «Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա իրավական, սահմանադրական իր իրավունքները ճանաչող որակյալ պետություն, որ կարողանա ներկայացնել ՀՀ-ի իրավունքները և շահերը»,-ասաց նա և կարևոր համարեց նաև այն հարցը, թե արևմտահայոց ժառանգները որքանով են պատրաստ ինքնակազմակերպվել և ներկայացնել պահանջներ:
Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ միգուցե չարժի մեր բոլոր պահանջները մի զամբյուղի մեջ դնել, այլ պետք է իրավական և քաղաքական պահանջները զուգահեռ տանել:
«Այստեղ մեր ժողովրդին ուղղված մարտահրավերներ ևս կան,արդյո՞ք մենք պատրաստ ենք վերամիավորվել և ներկայանալ մեր պատմական բնօրրանում»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ