Ի վերջո հայտարարություներում ասվում է, որ ԿԲ-ը թույլ չի տա դրամի կուրսի արհեստական անկում։ Բնական է, որ արհետական անկում թույլ չի տա, ու ոչ ոք էլ հակառակը չի պնդում, իսկ դրամի կուրսի Բնական անկման մասին ոչ ոք ոչինչ էլ չի ասել։
Այս օրերին տարօրինակ է դարձել նաև շատ բանկերի վերաբերմունքը սեփական հաճախորդներին։ Զարմանալիորեն արտարժույթ գնելիս, եթե ասենք գումարը մեծ է 1000 ԱՄՆ դոլարից, բանկի աշխատակիցը հարցնում է, թե որտեղի՞ց Ձեզ այդքան գումար։ Սա ամենաքիչը կոռեկտ չէ։ Իսկ եթե մեկն ինձ համոզի, որ այս գործուղություններն արվում են դոլարի սպեկուլյացիայից խուսափելու համար, ապա ես կպատասխանեմ. 1-ին. ինչու՞ է Ձեզ թվում, որ դոլարային սպեկուլյանտը պետք է անկեղծանա ու Ձեզ տեղեկացնի այդ մասին՝ չնայած որ բանկերին վերագրված չէ հաճախորդին վաճառած արտարժույթի շարժի վերահսկան գործառույթը, և 2-րդ. սպեկուլյացիայի ամենամեծ մեղավորը հենց անբարեխիղճ բանկերն են, որոնք այս օրերին իրենց մոտ ֆիքսված կուրսով գործարքներ դոլարի հետ կապված կամ ընդհանրապես չեն անում, կամ անում են ծայրաստիճան տհաճ պայմաններով: Ոչ մի բանկ իրավունք չունի հաճախորդին նման հարցեր տալու, քանի որ այդ նույն բանկերում պահվում են մեր շատ ու շատ պատգամավորների և պետակա ծառայողների՝ միլիոնների հասնող արտարժութային ավանդները։ Կարծում եք՝ որևէ բանկի աշխատող հետաքրքրվե՞լ է նման ավանդատուներից, թե որտեղից համեստ աշխատավարձ ստացող պետական ծառայողին այդքան փող: Բնականաբար ոչ:
Այսօր նաև շրջանառության մեջ փորձում են ամրապնդել այն միտքը, որ այս ամենը դեկտեմբերյան պանիկայի արդյունք է՝ մոռանալով, իհարկե, որ սա առաջին դեկտեմբերը չի։ Ամեն տարի էլ այս ամիս տատանումը կազմել է 3-5 դրամ, բայց ոչ 50 դրամ։
Ոչ արհեստավարժ եմ համարում նաև այն միտքը, որ դրամի արժեզրկումը կապված է դոլարի և եվրոյի արժևորման հետ։ Դրա հավանականությունն ընդամենը չնչին տոկոս է կազմում։ Իրական պատճառը միմիայն ռուբլու արժեզրկումն է։ Անկախ ամենից՝ ամենավտանգավոր միտումը կայանում է նրանում, որ ռուբլու անգամ կայունացման դեպքում ես համենայնդեպս բացառում եմ, որ դրամը կվերադառնա 1-դոլարը- 411 դրամ կուրսին։
Եթե ամեն բան մեզ համար բարեհաջող ավարտ ունենա, ապա, կարծում եմ, որ լավագույն կուրսը կմնա 1-450 տարբերակը։ Սա, իհարկե, լավագույն դեպքում։ Հուսանք, որ Պուտինի երեկվա ուղերձը շրջադարձային կլինի ռուբլու համար և մի քանի օր հետո ստիպված չենք լինի կրկին նոր մանևրային լղոզված հայտարարություններ ունկդրելու՝ թե ինչպես դոլարը հատեց 500 դրամի սահմանագիծը։
Հ.Գ. Կարևորն ամեն ինչ վերահսկվում է, հանգիստ եղեք ու խուճապի մի մատնվեք, որովհետև այս տարվա խուճապի չափաբաժինն արդեն շռայլորեն սպառվել է իշխանությունների կողմից։



