Armlur.am-ը գրում է․
Նախագահը մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) 7-րդ համագումարին: Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարում Հարգելի՛ գործարարներ գործատուներ և հյուրեր, Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարում և հույս եմ հայտնում, որ այսօրվա քննարկումներն ի նպաստ կլինեն մեր ընդհանուր գործին, մեր տնտեսության զարգացման և առկա նոր հնարավորություններից օգտվելու արդյունավետ ճանապարհների ընտրությանը: Այսօրվա ելույթս կբաժանեմ 3 մասի. ելույթի առաջին մասում կխոսեմ մինչ այսօր Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացների մասին, զուգահեռներ կանցկացնեմ այսօրվա և տնտեսական զարգացման մեր անցած ճանապարհի ժամանակահատվածների հետ: Երկրորդ կանդրադառնամ առկա տնտեսական մարտահրավերներին և այն օբյեկտիվ իրականությանը, որում Հայաստանը հայտնվել է՝ հաշվի առնելով նաև համաշխարհային տնտեսության միտումները: Երրորդ մասում կխոսեմ ապագա հեռանկարների և մեր անելիքների մասին: Եվ այսպես, ինչպիսի զարգացումներ է ապրել մեր երկիրը և որտեղ է գտնվում այսօր: Այս համատեքստում կարելի է խոսել երկու խումբ ցուցանիշների մասին. առաջին խումբը տնտեսության զարգացվածության մակարդակը բնութագրող ցուցանիշներն են և երկրորդ խումբը՝ կյանքի որակը բնութագրող սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Նախ` խոսենք տնտեսական զարգացումների մասին. գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երկիր իր զարգացման պատմության ընթացքում անցնում է տնտեսական փոխարկումների փուլերով: Ըստ Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնագետների՝ աշխարհի բոլոր երկրները դասակարգվում են զարգացման 5 փուլերում գտնվող երկրների խմբերի, ընդ որում 3 փուլեր համարվում են հիմնական, իսկ 2 փուլ՝ մեկ հիմնական փուլից մյուսին անցնելու միջանկյալ փուլեր: Տնտեսական զարգացման առաջնային հիմնական փուլը էժան ռեսուրսների վրա հիմնված տնտեսությունն է, որին ներհատուկ է էժան և ցածրորակ աշխատուժի օգտագործմամբ վերջնական արդյունքի ստեղծումը, իսկ միջազգային շուկաներում այսպիսի երկրները մրցունակ են լինում հիմնականում հումքի արտահանմամբ: Այս տիպի երկրների տնտեսություններին հատուկ է արտաքին աշխարհից եկող ցնցումների նկատմամբ թույլ դիմադրողականությունը, քանի որ տնտեսության հենքերը լինում են ոչ ամուր, ընդհանուր ռեսուրսների արտադրողականությունը ցածր և էապես կախված հումքի միջազգային գների վայրիվերումներից: Տնտեսական զարգացման հաջորդ հիմնական փուլը արտադրական ռեսուրսների արդյունավետությամբ առաջ մղվող տնտեսություններն են: Այս տիպի երկրներին հատուկ է արտաքին աշխարհից եկող ցնցումներին դիմակայելու հարաբերականորեն ավելի բարձր կարողությունը, քանի որ ունենում են ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն և արտահանում, արտադրական գործոնների հարաբերականորեն ավելի բարձր արտադրողականությունը և օգտագործման արդյունավետությունը, միջազգային շուկաներում հումքային ապրանքների գների տատանումներից համեմատաբար քիչ կախվածությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



