1in.am–ը գրում է.
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց «Ֆինանսական բուրգի» գործով դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 41-ամյա Արթուր Անդրեասյանը բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվել է փաստացի անվճարունակ վիճակում:
2010 թվականի հունիսին Անդրեասյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ոստիկանության ղեկավար պաշտոններ զբաղեցնող Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևանում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետ ունեցած մտերմության, դրանով պայմանավորված՝ իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու, դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել է տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի գումարները և ձեռք է բերել իրավունք՝ նրանց անշարժ գույքի նկատմամբ:
Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի դրվագով կատարված խարդախությունների համար:
Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա մշտապես գանգատվում է առողջական վիճակի վատացումից, շատ նիստեր հետաձգվում են ամբաստանյալի վատառողջության, ուժեղ գլխացավերի պատճառով:
Հարցաքննվեց դատարան ներկայացած վերջին վկան՝ Արման Իսահակյանը: Նա աշխատում է «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի Սայաթ-Նովայի մասնաճյուղի տարադրամի փոխանակման կետում՝ որպես գանձապահ: Աշխատել է 2010 թվականից:
Վկան սկզբում խուսափողական դիրք ընդունեց և ասաց, թե նախաքննական ցուցմունքում ամեն բան ասել է, այլևս ասելիք չունի:
Նախագահող դատավորը մի քանի անգամ դիտողություն արեց վկային՝ դատարանում ցուցմունք, այն էլ՝ ճիշտ ցուցմունք տալու պարտականության մասին:
Վկան մնում էր անդրդվելի: Նախագահողը զգուշացրեց, որ նրա պահվածքը կարող է համարվել ցուցմունք տալուց հրաժարվել կամ հրաժարվելու փորձ, ինչը ենթակա է քրեական հետապնդման: Նույնիսկ հարց ուղղեց վկային. «Դուք հայերենին տիրապետո՞ւմ եք»՝ նկատի առնելով, որ մի քանի դիտողությունները վկայի վրա ազդեցություն չգործեցին:
Վկան ասաց. «Ես առավոտյան գնացել եմ աշխատանքի, իմ գործն եմ արել, հետո գնացել եմ տուն: Ի՞նչն է ձեզ հետաքրքրում»:
«Ասեք՝ ինչ գիտեք»,- առաջարկեց նախագահողը:
Ի վերջո, վկան կցկտուր ներկայացրեց, որ Արթուր Անդրեասյանը պարբերաբար իրենից տարադրամ է գնել ու տարել:
«Մոզամբի՞կ է տարել»,- վկայի կցկտուր խոսքից զայրացավ նախագահողը:
Վկան ասաց, թե չգիտի՝ Անդրեասյանն ուր է տարել իրենից գնած տարադրամը: Նա «հարմար գներով» տարադրամ էր առնում ու հեռանում:
«Այսքանն է կարողությունը վկայի»,- ասաց նախագահողը և մեղադրողին առաջարկեց հարցեր տալ:
Վկան սկզբում ասաց, թե տեղյակ չի եղել՝ ո՞ւմ գումարներն են «աշխատում» տարադրամի կետերում, բայց հետո ընդունեց, որ դրանք սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի գումարները պիտի որ լինեին:
Վկան սկզբում ասաց նաև, թե տեղյակ չէ Արմեն Նազարյանի ու Արթուր Անդրեասյանի մտերմության մասին:
Հիմա էլ զայրանալու հերթը մեղադրողինն էր: Նա վկային հիշեցրեց, որ իր նախաքննական ցուցմունքում վկան ասել է Արմեն Նազարյանի ու Արթուր Անդրեասյանի մտերմության մասին, ասել է նաև, որ Արմեն Նազարյանի ցուցումով իրենք դոլարն ավելի էժան գնով էին վաճառում Անդրեասյանին: Վկան չառարկեց, ընդունեց նախաքննական ցուցմունքում ասվածը:
Վկան պնդեց, որ Արթուր Անդրեասյանը երբեք չի համակարգել «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի տարադրամի կետերի աշխատանքը, այդ կետերի տնօրենը չի եղել:
Թե ինչպես է պատահել, որ այդ կետերի ֆիսկալ հաշիվները տրամադրվել են Արթուր Անդրեասյանին՝ բանկ ներկայացնելու, բանկից վարկ ստանալու համար, վկան ասաց, որ տեղյակ չէ, ինքը ֆիսկալ հաշիվներ չի տրամադրել, դա կարող էր անել միայն գլխամասի հաշվապահությունը:
Ինքը Արթուր Անդրեասյանին, որպես հաճախորդի, միայն «հարմար գնով» տարադրամ է վաճառել:
Տուժողների շարքում անհամաձայնություն էր նկատվում:
Տուժող Մարտիրոսյանն ասաց, թե ինքը և իր որդին մի քանի անգամ կոնկրետ տվյալ վկայից՝ Ա. Իսահակյանից, գումար են ստացել՝ Արթուր Անդրեասյանի զանգով: Այսինքն, իրենք տարադրամի կետից ոչ թե դոլար են գնել՝ դրամ տալով, այլ Անդրեասյանը զանգել է, իրենք մոտեցել են տարադրամի կետին ու, մասնավորապես, վկան, նրանց տվել է մի քանի հարյուր դոլար:
Վկան ասաց, թե նման բան չի եղել, ինքը տուժողին չի հիշում:
Մյուս տուժողն ասաց, որ վկային լավ է ճանաչում «Յունիբանկում» աշխատած ժամանակից: Վկան է այս տուժողին ասել, որ Արթուր Անդրեասյանը «Մոսկվիչկայի» տարադրամի փոխանակման կետերի տնօրենն է: Վկան ժխտեց, ասաց, որ ինքը նման բան ասել չէր կարող, որովհետև Անդրեասյանն իրենց տնօրենը չի եղել:
Վկայի հարցաքննության ավարտից հետո դատարանն անցավ չներկայացող վկաների հարցին:
Տուժող Արտակ Գալստյանի կինը՝ Վեներան, դատարանի որոշմամբ պետք է բերման ենթարկվեր: Սակայն ոստիկանությունից տեղեկացրել էին, որ Վեներան նոյեմբերի 22-ին Հայաստանից մեկնել է Ֆրանսիա:
Ամբաստանյալի շահերի պաշտպանն առարկում էր վկայի նախաքննական ցուցմունքի հրապարակման դեմ, պնդում էր, թե այս վկային անպայման պետք է դատարանում հարցաքննել, բայց դատարանը որոշեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները՝ նկատի առնելով, որ դատարանը բոլոր միջոցները գործադրել է վկայի ներկայությունն ապահովելու համար, բայց ներկա պահին վկան ՀՀ-ում չէ:
Վեներա Գալստյանն ասել էր, թե Արթուր Անդրեասյանը մտերիմ է եղել իր ամուսնու՝ գործով տուժող Արտակ Գալստյանի հետ: Ամուսինը Արթուրի մասին ասել է, թե նա «բիզնեսմեն է»:
Արթուրը նրանց քավորություն է արել: Արտակ Գալստյանի գումարները նա շահավետ պայմաններով վերցրել ու շրջանառության մեջ է դրել, «ծառայություններ է մատուցել» Գալստյաններին: Ինչի համար էլ նրան են վստահել Բաղրամյան պողոտայում գտնվող իրենց տարածքը, ինչպես նաև երկու տարածք Գայի պողոտայում, որպեսզի Արթուր Անդրեասյանը դրանք գրավադրի ու վարկ ստանա: Նրանք վստահ են եղել, որ Անդրեասյանը մեծ եկամուտներ ունի:
Սակայն 2013 թվականի ապրիլին Արթուրը Գալստյանների տուն է գնացել այլայլված, ասել է, թե խնդիրներ ունի: Նա Արտակին է ներկայացրել մի մեծ ցուցակ՝ որպես իր պարտատերերի ցուցակ: Այդ ցուցակում վկայի ուշադրությունը գրավել են Նազարյաններն ու Բաբակեխյանը: Արթուրը Արտակին ասել է, թե միայն 6 ամսում 600 հազար դոլար է տվելայդ ազդեցիկ մարդկանց:
Վկան հայտնել է, թե Արթուր Անդրեասյանը հերթական անգամ իրենց «ծուղակն է գցել», համոզել ու ստորագրել է տվել մի փաստաթուղթ, որով հետո «շանտաժի է ենթարկել» իրենց:
Վկա Գալստյանն ասել է նաև, թե մտերիմ է եղել Արթուր Անդրեասյանի եղբոր վարսահարդար կնոջ հետ, մազերը հարդարել է նրա մոտ: Հերթական այցելության ժամանակ այդ կնոջից իմացել է, որ Բաբակեխյանի տղերքը, մասնավորապես «Ռուբոշը» ավտոմատներով նրանց ու երեխաներին սպառնացել են, ու պարտադրել են Արթուր Անդրեասյանի՝ Բաբակեխյանին ունեցած «450 հազար դոլարի կարգի» պարտքի դիմաց Բաղրամյան պողոտայում ունեցած իրենց բնակարանը ձևակերպել այլ մարդու անունով:
Վկան հարցրել է, թե ինչո՞ւ չեն բողոքել այդ արարքի դեմ:
Արթուրի եղբոր կինն ասել է, թե իրենք դիմել են Ներսիկ Նազարյանին, վերջինս խոստացել է օգնել, դրա համար էլ չեն բողոքում:
Դատարանը հասավ ամբաստանյալի հարցաքննության փուլին:
Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն ասաց, թե ցանկանում է ցուցմունք տալ, բայց տվյալ պահին առողջապես ի վիճակի չէ ու պատրաստ էլ չէ:
Պաշտպանը միջնորդեց հետաձգել նիստը, որպեսզի ամբաստանյալը ժամանակ ունենա ցուցմունքին պատրաստվելու համար:
«Նախապատրաստվեք»,- ասաց նախագահողը և դատական նիստը հետաձգեց:



