Ղազախստանն այն հազվագյուտ հետխորհրդային հանրապետություններից է, որին հաջողվել է խուսափել ազգամիջյան բախումներից ու ատելությունից ԽՍՀՄ-ի ճգնաժամից ու փլուզումից հետո։ Մուլտիկուլտուրալիզմի խաղաղ քաղաքականության կառուցման փորձը կարող է շատ օգտակար լինել նաև այլ պետություննների համար, ընդ որում, ոչ միայն զարգացող պետությունների, այլև առաջին հերթին՝ զարգացած պետությունների համար։

ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային բոլոր պետություններում գրանցվեց ազգայնական տրամադրությունների թռիչքային աճ։ Ընդ որում, այդ տրամադրություններն արտահայտվում էին նախկին «ավագ եղբոր»՝ ռուսալեզու բնակչության հանդեպ բացասական տրամադրությունների աճով, ինչի հետևանքով գրանցվեց ռուս բնակչության զանգվածային արտագաղթ դեպի պատմական հայրենիք՝ Ռուսաստանի Դաշնություն։ Նորանկախ հանրապետությունները լքում էին նաև էթնիկ գերմանացիներ, լեհեր ու այլ ազգային փոքրմասնությունների ներկայացուցիչներ, որոնք վախենում էին ռեպրեսիաներից։

Թերևս միակ բացառությունը դարձավ Ղազախստանը։ Չնայած նրան, որ Ղազախստանում էլ նկատվեց բնակչության արտագաղթ, սակայն հետագայում նրանցից շատերը վերադարձան Ղազախստան։ Նման զարգացումները հետևանք էին մուլտիկուլտուրալիզմի այն քաղաքականության, որը վարում էին իշխանությունները։

Մինչ օրս էլ Ղազախստանում հսկայական դերակատարություն ունի ռուսաց լեզուն, որը կատարում է միջազգային շփման լեզվի դեր (երկրի բնակչության մոտ կեսը մինչ օրս էլ չի տիրապետում Ղազախստանի պետական լեզվին՝ ղազախերենին)։ Միևնույն ժամանակ, պետական լեզուն ստիպողաբար չի հրամցվում ամենուրեք, այլ ներդրվում է հանրային գիտակցության մեջ աստիճանաբար՝ դպրոցներում աշակերտների ակտիվ ուսուցման միջոցով։ Արդյունքում, այսօր ուսումնական հաստատությունների շրջանավարտների 90 տոկոսը տիրապետում է պետական լեզվին բավարար մակարդակով, որպեսզի շփվեն ու պետծառայությամբ զբաղվեն։ Ի դեպ, պետծառայության ոլորտում ընդամենը մի քանի տարի առաջ ղազախերենի տիրապետումը պարտադիր է դարձվել։

Համաձայն կառավարության ծրագրի՝ մինչև 2020 թվականը բնակչության 95 տոկոսը պետք է տիրապետի ղազախերենին՝ կենցաղային շփման մակարդակով։ Դա արվում է այդ թվում նաև ամենևին ոչ թանկարժեք լեզվի ուսուցման կենտրոնների համատարած ներդրման միջոցով։

Ղազախական ազգային մշակույթի ու լեզվի զարգացմանը զուգահեռ՝ ազատ զարգանում են նաև մոտ 140 այլ ազգությունների լեզուն ու մշակույթը, որոնք բնակվում են Ղազախստանում։

Ղազախստանում բնակվող տարբեր էթնոսների ներկայացուցիչները ներկայացված են իր նշանակությամբ բացառիկ կազմակերպությունում՝ Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայում։ Այսօր այն հանդիսանում է կոնսուլտատիվ-խորհրդակցական մարմին՝ Ղազախստանի նախագահի ներքո։ ՂԺԱ-ի գլխավոր խնդիրը կայանում է պետական ազգային քաղաքականության իրացման, հանրային-քաղաքական կայունության պահպանման և միջէթնիկական հարաբերությունների ոլորտում պետական ու հասարակության քաղաքացիական ինստիտուտների համագործակցության զարգացման մեջ։

Ասամբլեայի աջակցությամբ երկրում թերթերն ու ամսագրերը հրատարակվում են 15 լեզուներով, ռադիոհաղորդումները՝ 8, իսկ հեռուստահաղորդումները՝ 7 լեզուներով։ Գործում են 88 դպրոցներ, որոնցում ուսուցումն ամբողջությամբ իրականացվում է ուզբեկերենով, տաջկերենով, ույգուրերենով և ուկրաիներենով։ 108 դպրոցներում 22 էթնոսների լեզուներ դասավանդվում են՝ որպես ինքնուրույն առարկա։ Գործում է 195 մասնագիտացված լեզվաբանական կենտրոն, որտեղ ոչ միայն երեխաները, այլև մեծահասակները կարող են ուսանել 30 էթնոսների լեզուներ։ Բացի ղազախական ու ռուսական թատրոններից, երկրում գործում են նաև 4 այլ ազգային թատրոններ՝ ուզբեկական, ույգուրական, կորեական և գերմանական։

Ամեն տարի լույս են տեսնում մի քանի տասնյակ նոր գրքեր՝ Ղազախստանը բնակեցնող ազգությունների լեզուներով։ Արդեն ավանդական են դարձել ամենամյա զանգվածային ազգային այնպիսի տոնակատարություններ, ինչպիսիք են Նաուրիզը, Մայիսի 1-ը՝ Ղազախստանի ժողովրդի միասնականության տոնը, Մասլենիցան, Սաբանտույը և այլն։

Ավելին, Ասամբլեայի 9 ներկայացուցիչներ, որոնց ընտրում են կազմակերպության համագումարի ժամանակ, նշանակվում են Ղազախստանի պառլամենտի ստորին պալատի՝ Մեջլիսի պատգամավոր։ Այդ կերպ, բացառվում է պառլամենտում մեկ ազգության մենաշնորհի հաստատումը, և երաշխավորվում է տարբեր էթնիկ շահերի ներկայացվածությունը Ղազախստանի խորհրդարանում։

Պետության զարգացման գլխավոր գրավականը շարունակում է մնալ ներքաղաքական կայունության պահպանումը, որը հնարավոր է այդ թվում նաև երկրում տարբեր կրոնների միջև ներդաշնակ հարաբերությունների հաշվին։

Ներկայումս երկրում ներկայացված են ավելի քան 30 կրոնական հոսանքներ, որոնցից խոշորագույններն են Ղազախստանի համար ավանդական իսլամը և քրիստոնեությունը (մասնավորապես՝ ուղղափառությունը)։ Հատկանշական է, որ երկրում ակնհայտ է այս երկու և այլ կրոնների հարաբերությունների զարմանալի ներդաշնակություն։

Ինչպես նշում են փորձագետները, Ղազախստանում ի հայտ է եկել սեփական «ընկերասիրական կրոն», որտեղ քրիստոնյաները շնորհավորում են մահմեդականներին՝ Կուրբան-այտ տոնի կապակցությամբ, իսկ մահմեդականները քրիստոնյաներին շնորհավորում են Զատկի ու Սուրբ ծննդյան կապակցությամբ։

Հարկ է նշել, որ աջակցելով կրոնն ու հոգևորականությունը՝ Ղազախստանն, այնուամենայնիվ, հանդիսանում է աշխարհիկ պետություն և դեմ է հանդես գալիս ցանկացած տիպի կրոնական ոտնձգությունների ու փորձերի՝ այս կամ այն կրոնական գաղափարախոսությունն այլոց պարտադրելու փորձերին։

Ընդհանուր առմամբ, միջէթնիկական կայունությունը հանդիսանում է պետական քաղաքականության հիմքը։ էթնիկ համաձայնության գաղափարը. բոլոր ազգությունների ու էթնիկ խմբերի իրավահավասարությունը, որոնք ապրում են Ղազախստանում, հանդիսանում են օրենքի նորմա, իսկ ազգային ու կրոնական հարաբերությունների հետագա ներդաշնակեցմանն ուղղված արդյունավետ միջոցների համակարգի մշակումն ու կիրառումը, հանդուրժողական գիտակցության ձևավորման և ղազախ հասարակությունում ծայրահեղականության դեմ պրոֆիլակտիկան հանդիսանում են կոմպլեքս խնդիր՝ բոլոր պետական ու հասարակական կազմակերպությունների համար։

Ընդհանուր առմամբ, ժամանակակից Ղազախստանի ազգամիջյան հարաբերությունների ոլորտում հիմնարար են հանդիսանում հետևյալ պարադիգմաները. ղազախ էթնոսի ազգային ինքնագիտակցության աճը կարող է լինել, միայն եթե միաժամանակ ստեղծվում են բարենպաստ պայմաններ՝ այլ ազգությունների զարգացման համար, ինչպես նաև քաղաքացիների ազգային նույնականացման ղազախական մոդելի մշակումը։

Երկրի ղեկավարությունն ամեն ելույթի ժամանակ հատուկ շեշտ է դնում նրա վրա, որ երկրի պրոգրեսը հնարավոր է միայն Ղազախստանի ողջ բնակչության ցանկությունների ու ջանքերի կոնսոլիդացիայի դեպքում։

Ղազախստանի նախագահ Նուրսուլտան Նազարբաևն իր ավանդական ելույթներից մեկի ժամանակ ասել է.

«Ազգամիջյան համաձայնությունը կենսարար թթվածին է։ Մենք այն չենք նկատում, երբ շնչում ենք, մենք անում ենք դա ինքնաբերաբար. մենք պարզապես ապրում ենք ու մենք ինքներս պետք է պահպանենք մեր միասնականությունն ու ազգամիջյան համաձայնությունը։

Ի վերջո, ի՞նչ է կայունությունն ու համաձայնությունը։ Դա ընտանեկան բարեկեցությունն է, անվտանգությունը, տանիքը գլխիդ վերևում։ Խաղաղությունը մայրության ու հայրության բերկրանքն է, ծնողներիդ առողջությունը ու երեխաներիդ երջանկությունը։ Խաղաղությունը կայուն աշխատանքն է, աշխատավարձն ու վստահությունը վաղվա հանդեպ։ Խաղաղությունն ու կայունությունը համազգային հարստություն են, որը պետք է պաշտպանել ու ամրացնել ամենօրյա աշխատանքով»։

Ղազախստանի փորձը, որպես երկրի, որ կարողացել է թույլ չտալ ազգամիջյան ու միջկրոնական ատելություն իր տարածքում, ունենալով 140 էթնոսից բաղկացած բազմակրոն բնակչություն, կարող է օրինակ ծառայել այլ երկրնների համար՝ հատկապես հաշվի առնելով մուլտիկուլտուրալիզմի ճգնաժամը մի շարք Արևմտյան երկրներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել