Պուտինի այսօրվա ելույթն ինձ հիշեցրեց Ստալինի ելույթը՝ 1941 թվականի նոյեմբերի 7-ին, երբ նացիստներն արդեն Մոսկվայի մատույցներում էին, ու երկրի վիճակը խիստ ծանր էր։ Ստալինի մեսսիջը հետևյալում էր՝ թշնամին չի անցնելու, հաղթանակը մերն է լինելու։ Նման մի բան էլ էսօր Պուտինն ասեց ու իր երկարամյա կառավարման մեջ առաջին անգամ կատեգորիկ գնահատականներ էր տալիս թե ստեղծված իրավիճակին (Ռուսաստանն ուզում են լուծարել), թե Արևմուտքի վարած քաղաքականությանը՝ բացահայտ մեղադրելով ԱՄՆ-ին ու դրա դաշնակիցներին ահաբեկչությանը, սեպարատիզմին ու հակառուսականությանը բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու մեջ։
Մյուս կողմից, շատ կարևոր մեսսիջներ էին ուղղված նաև ներքին լսարանին։ Կառանձնացնեի երկու դրվագ.

- Պուտինն՝ իր խորամանկ մանևրով, Ռուսաստանի ԿԲ-ին ու այլ սպեկուլյանտներին հասկացնել տվեց, որ շատ լավ է հասկանում, թե ինչու և ով է ռուբլու կուրսի սպեկուլյացիներ անում (ի դեպ, Պուտինի ելույթից անմիջապես հետ ռուբլու կուրսը երկու կետով բարձրացել է)։
- Պուտինը խոստացավ, որ միայն մեկ անգամ ամբողջական համաներում կարվի այն բոլոր օֆշորային փողերի համար, որոնք կվերադարձվեն Ռուսաստան (իսկ դրանք ամենահամեստ հաշվարկներով մոտավորապես 1 տրիլիոն դոլար են կազմում), իսկ ով չվերադարձնի...

Այսինքն, այս ելույթով Պուտինը ոչ միայն հստակ սահմանազատում մտցրեց Ռուսաստանի և Արևմուտքի միջև, այլև հստակ ու միանշանակ ազդանշան ուղղեց հենց իր տնտեսաքաղաքական վերնախավին, որ տղե՛ք, տուտուզ խաղացնելն ու տարբեր աթոռներին նստելը վերջացավ, կողնորոշվեք՝ կամ մեր հետ եք, կամ էլ մեր դեմ։

Իրականում, սա շատ անհանգստացնող տենդենց է, որովհետև եթե անգամ այս ամենը չհանգի գլոբալ ռազմական կոնֆլիկտի, ապա այն աշխարհաքաղաքական ցնցումները, որոնք սկսվել են՝ անկախ մեր ցանկությունից, մեզ էլ են ներքաշելու իրենց մեջ, իսկ հաշվի առնելով մեր վիճակն ու այն քաղաքականությունը, որը վարվում է թե ներքին, թե արտաքին դաշտում, ոչ մի լավ բան չի խոստանում մեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել