Առասպելական Սիմուրղ հավքի հայտնվելը Բաղդադի վրա լրատվական տիրույթում հավանաբար այնպիսի մեծ աղմուկ չէր հանի, ինչպիսին արեց արևելյան Իրաքի տարածքում «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերի վրա իրանական ռմբակոծիչների հարձակման մասին լուրը:

Մինչդեռ գաղտնիք չէ, որ հարևան Իրաքում սեփական ազդեցությամբ և նաև ռազմական ներկայությամբ Թեհրանը հաջողությամբ մրցակցում է նույնիսկ Վաշինգտոնի հետ:

Ընդ որում՝ իրանական ներկայությունն առանց չափազանցության կարելի է բնորոշել որպես «քառաբևեռ», քանի որ բացի Բաղդադի կենտրոնական իշխանություններից, Իսլամական Հանրապետությունը սերտ կապեր և նշանակալի ազդեցություն ունի նաև քրդական ինքնավարության տարածքում՝ ի դեմս «Քրդստանի ժողովրդավարական կուսակցության» և երկրի շիայաբնակ շրջաններում ձևավորված, սակայն միանշանակորեն ավելի շատ Թեհրանին ենթարկվող տարբեր ռազմականացված շարժումների և կազմակերպությունների միջոցով, ինչպիսիք են, օրինակ, «Բադրը» և «Հիզբալլահի գումարտակները», որոնց զանազան թևերը սերտորեն ներգրավված են այդ թվում նաև Իրաքի բանակային և անվտանգության ուժերում և ի վերջո, ըստ որոշ լուրերի` իրանական հատուկ զորամիավորումներն ուղղակիորեն ներկա են Իրաքի տարածքում և ապահովում են հատկապես շիայական սրբավայրեր Նաջաֆի և Քարբալայի անվտանգությունը:

Ժամանակին կատակում էին, որ «Իրաքում կռվում են ամերիկացիները, բայց հաղթում են իրանցիները», հիմա այդ թևավոր ասույթը կարելի է վստահորեն վերաձևակերպել՝ «Թեև Իրաքում ամերիկացիներն այլևս չեն կռվում, բայց միևնույն է՝ հաղթում են իրանցիները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել