1in.am-ը գրում է․

Ghoulyan-Sherman

Դեկտեմբերի 3-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Միացյալ Նահանգների Կոնգրեսում հանդիպել է կոնգրեսականներ Բրեդ Շերմանին և Աննա Էշուին:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի օրակարգում Արցախին վերաբերող խնդիրներն ու նախանշվել առաջիկա համագործակցության ուղղությունները: Կոնգրեսականների խնդրանքով Արցախի խորհրդարանի նախագահը ներկայացրել է վերջին ամիսներին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նկատվող զարգացումներն ու առկա հիմնախնդիրները:

Աշոտ Ղուլյանը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներ Էշուին և Շերմանին՝ նախօրեին կայացած Արցախի անկախության տոնին նվիրված միջոցառմանը քաջալերող ելույթների և անաչառ գնահատականների համար:

Նույն օրն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կայացել է ընդունելություն՝ ի պատիվ ԼՂՀ ԱԺ նախագահի, որին հրավիրված են եղել Վաշինգտոնում գործող դիվանագիտական, հանրային և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը ամփոփել է Արցախի անկախության տարիների գրանցած հաջողությունները և նշել ներկայիս մարտահրավերներին միասնաբար դիմակայելու անհրաժեշտությունը:

Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանին ու դեսպանատան աշխատակազմին՝ ԱՄՆ կատարած այցի ծրագրին օժանդակելու, ինչպես նաև Վաշինգտոնում գործող հայկական կառույցներին՝ մշտական աջակցության ու ազգանվեր գործունեության համար:

Ghoulyan-Eshoo

Ghoulyan-Sargsyan

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել