Newmag.am-ը գրում է․

Որն է այն դուռը, որը յուրաքանչյուր տղամարդ փորձում է կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ բացել: Դե իհարկե, դրախտի դռնակից բացի: Երբ ձեռքդ գնում է դեպի բռնակը, անմիջապես ականջիդ են հասնում անշտապ մեղեդու էրոտիկ ռիթմերը: Չորսբոլորն ուժեղ սեռի ներկայացուցիչներ են. ո՛չ, ոչ, boys’ ակումբ չէ, քանի որ նրանց վրա գեղեցիկ սեռն է իշխում: Տղամարդկանց հայացքն էլ շարժվում է այն ուղղությամբ, որը կորոշի կինը: Մեկ հուշում: Ուղիղ աչքերիդ դիմաց, ինչպես մեղմ զեփյուռ, գալարվում են բարձրահասակ, սեքսուալ կառուցվածքով մեկից ավելի կանայք և հետզհետե ազատվում մարմինը ծածկող շղարշե զգեստներից: Բայց եթե գեթ փոքր-ինչ արագացնեն շորերից ազատվելու հաճելի ընթացքը, այցելուների` հեշտանքով լի հայացքներում հենց այդ վայրկյանից կմարի կայծկլտոցը: Այս արվեստը գնահատող տղամարդն, իհարկե, գլխի ընկավ. այո՛, կրքապարի խորխորատներ տանող այս դուռը Ձեզ գիշերային ակումբ է բերել:

Երևանի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկում ենք: Բայց ոչ թե ժամանակ անցկացնելու, այլ գործնական նպատակով: Եկել ենք պարզելու, թե ի՞նչն է մեզ նման տասնյակ ու հարյուրավոր մարդկանց ամեն երեկո կամ ամեն գիշեր բերում այստեղ: Ուստի մեր հետաքրքրասիրությունը բավարարելու պարտականությունը սիրով ստանձնում է ակումբի… այսպես ասենք` «ստրատեգը»: Նա սեփականատերը չէ, մենեջերն էլ չէ, տնօրենն էլ չէ… Նա գիշերային կյանքի մշտարթուն ու ամենատես աչքն է: Նրա պարտականություններն ունեն սկիզբ, չունեն ավարտ: Նա հետևում է ամեն ինչին. որ պարուհին ինչպես է պարում, որ այցելուն ինչ տրամադրություն ունի, որ մատուցողը որքան է մտերմացել մշտական հաճախորդի հետ, բարմենն ինչպես է սպասարկում, հավաքարարը որտեղ փոշին չի վերցրել, անվտանգության տղաները զգոնությունը չեն կորցրել, արտաքին լուսավորությունը չի խամրել, պարերի հերթագայությունը չի ձանձրացնում… Նա գիտե ամեն ինչ` տղամարդկանց ու կանանց հաճույքների ու բարդույթների մասին:

strip3

«Ստրատեգի» ուղեկցությամբ անցնում ենք ակումբի հիմնական սրահով. այստեղ զարմանալու առիթներ դեռ շատ կունենանք: Նախ ծանոթանանք ակումբի հատակագծի տրամաբանությանը: Մտնում ենք «պրիվատ». սա առանձին ժամանցի սենյակ է: Մարդկային կրքերի հրաբորբոք կարմիրի երանգներով լուսավորված այս սենյակը մեծ չէ, սովորաբար ունի 2մx2մ տրամաբանությունը. ավելին պետք էլ չէ: Կենտրոնում դրված փափուկ բազկաթոռն առաջին հայացքից թվում է` նախատեսված է մեկ մարդու համար, բայց երկուսով ու երեքով էլ կտեղավորվեն: Այցելուն այստեղ կարող է պարուհու հետ անցկացնել այնքան ժամանակ, որքան պատրաստ է վճարել նրա էրոտիկ պարը վայելելու կամ նրա հետ սրտի ուզած թեմաներով զրուցելու համար (մի՛ զարմացեք, կան տղամարդիկ, որ պարզապես զրուցում են): Պրիվատի գինը շատ հստակ է, և այնտեղ առանձնանալու նպատակն էլ է շատ հստակ. միայն ու միայն պար, շփում և ուրիշ ոչինչ: Հեղինակություն վայելող ակումբը երբեք և ոչ մի գնով թույլ չի տա, որ իր պրիվատներում սեռական ակտ տեղի ունենա: Սա շատ լավ գիտե մերկապարուհին: Այցելուն էլ է պարտավոր իմանալ: Հակառակ դեպքում նրան էլ ակումբից «դուրս կհրավիրեն», պարուհուն էլ:

Պրիվատների կողքին լինում են նաև փոքր-ինչ մեծ սրահիկներ: Առաջին անգամ այցելողը գուցե մտածի, թե սա փարթիների համար է, բայց բոլորին հայտնի պոդիումը հիշեցնում է, որ կյանքը կարճ է, հաճույքներն՝ անվերջ: Պոդիումի «հոգու խորքից» վեր է խոյանում սթրիփթիզի համար նախատեսված ամենակարևոր դետալը` պարաձողը: Բեմի դիզայնը սովորաբար մոտեցնում են ռոյալի տեսքին, ինչը դասական և էլեգանտ միջավայրի տպավորություն է թողնում. սա միջին և բարձր եկամուտ ունեցող տղամարդուն միշտ պահելու է ռոյալի վրա պարող գեղեցկուհու պարգևած հուշերի ու անուրջների մեջ:

Այս ակումբում, ի տարբերություն երևանյան մյուս գիշերային հաստատությունների, կա նաև ջրային մերկապար: Ջրի մոտ կամ ջրվեժի խշշոցի ներքո մարդ միշտ էլ լիցքաթափվում է, միշտ էլ տուրք է տալիս երևակայությանն ու զգայականությանը: Սա շատ լավ գիտե «ստրատեգը» և ջրային սթրիփը դարձրել է եկամտաբեր շոու-ծրագիր: Ստորգետնյա ջրվեժի տակ պարող աղջկա էրոտիկ շարժումներին հետևելու համար պետք է մի քիչ գումար, մի քիչ երևակայություն, մի քիչ տրամադրություն և հիմնավոր դրդապատճառ ունենալ: Դրդապատճառներին դեռ կանդրադառնանք:

strip4

Ոչ հեռու` լողախցիկն է, որտեղ ընդամենը երկու թեթև լույսերի ուղեկցությամբ և ամբողջովին գոլորշու մեջ պարում է գեղեցկուհին: Մոտեցիր, կարելի է: Կարող ես նստել դեմ-դիմաց ու դիտել (ինչպես շատերն են բանալու անցքից գաղտագողի նայում լոգանք ընդունող կնոջը): Եթե կարծում ես, որ ցերեկը վաստակել ես այս մի քանի րոպեների համար հիսուն հազար դրամ վճարելու իրավունքը, ուրեմն կարող ես նաև քո ձեռքով լողացնել մերկ աղջկան: «Ստրատեգն» այդ մասին հոգացել է.

- Մարդու ներաշխարհի վրա ամենից շատ ազդում են կրակն ու ջուրը: Այդ պատճառով ենք մեր սրահները լուսավորում կարմիր ֆոներով կամ ավելի ճիշտ՝ կարմիր կիսախավարով: Իսկ ջրային կամ ջրվեժային սթրիփթիզ շոուն իմ երևակայության արդյունքն է: Բոլոր տղաներն էլ լողացող կնոջը նայելու հիվանդություն ունեն, չէ՞… Դե՛ թող նայեն: Գոլորշու մեջ կնոջ մարմինը հազիվ է ուրվագծվում, այստեղ աշխատում է տղամարդկանց ֆանտազիան: Իսկ երևակայությունը երբեք մի կետում չի մնում, այն մշտապես շարժվում է, ինչպես պարուհու մարմինը: Ահա սա է իսկական արվեստը:

Իսկական արվեստի բերած գիշերային հասույթն ա՛յս ակումբի տնօրինությունը հավասար կիսում է պարուհիների հետ` 50-50: Այստեղ սա ջենթլմենական կանոն է բոլո՛ր պարախմբերի համար: Իսկ մերկապարուհիների կազմը պարբերաբար փոխվում է: Հաճախորդը փոփոխություններ է սիրում: Սա էլ ստիպում է մշտապես հետևել պարուհիների շուկային: Մերկապարը դժվար գործ է ոչ միայն պարուհու, այլև պարուհիների ղեկավարների համար: «Ստրատեգը» բացում է իր գաղտնիքը. խնդիրն ընդամենը աղջիկներ գտնելն ու բեմ հանելը չէ:

- Շատերը կարծում են, թե սա ամենահեշտ բիզնեսն է: «Մի երկու աղջիկ կգտնեմ, կգան-կպարեն, ու մեծ գումարներ կաշխատեմ»: Հենց այդտեղից էլ սկսվում է նրանց բիզնեսի անկումը: Չէ՞ որ «գիշերային ժամանց» բառին կյանք ու շունչ հաղորդելու համար պետք է ստեղծագործաբար մոտենաս գործին, էրոտիկ պարը պիտի հասնի էկզոտիկ արվեստի մակարդակին, որ գիշերային այցելուն էսթետիկ հաճույք ստանա, ոչ թե կենդանական հաճույք… Ցածր բնազդների դրսևորման համար ուրիշ հաստատություններ կան` հասարակաց տները:

Պարուհիներ ու մերկապարուհիներ գտնելու համար և՛ մեծ փորձ է պետք, և՛ մեծ կապեր: Տարբեր երկրներում կան գիշերային ակումբների պարուհիներ առաջարկող գործակալություններ: Հաճախ նաև մաֆիան է հսկողության տակ վերցնում այս բիզնեսը: Գիշերային ակումբի տնօրենը նախ պետք է տեսնի իր ապագա պարուհու լուսանկարներն ու ստանա նրա մարմնի կառուցվածքի տվյալները: Եթե նկարները հետաքրքրեցին, կնքվում է երկու-երեք ամսվա պայմանագիր: Օդանավի տոմսերը գնում ես ու հրավիրում քո երկիր: Օդակայանից արդեն նրա անվտանգությունն ապահովելն ակումբի ղեկավարության պարտականությունն է: Աղջիկները հսկողության տակ են, և նրանցից ոչ ոք իրավունք չունի ինքնակամ լքել իր ժամանակավոր կացարանը.

- Աշխատանքից գնում են տուն և փակի տակ են հայտնվում: Դուրս են գալիս միայն մեր մենեջերների հսկողությամբ: Վերջին տարիներին Հայաստան են գալիս ռուս պարուհիներ, որոնք գտնում են քեզ և առաջարկում պայմանները: Երբեմն նայում ես լուսանկարը` շա՜տ սիրուն աղջիկ է, հրաշք է թվում, բայց այս գործում միայն սիրուն լինելը շատ քիչ է: Լինում է աղջիկ, որ բարձրահասակ չէ, դիմագծերն էլ կատարյալ չեն, բայց կարողանում է դեպի իրեն ձգել տղամարդուն: Հայ տղաներին գրավում են հատկապես մեծ կրծքերով ու մեծ կոնքերով կանայք: Բայց մեր ակումբում մենք միշտ ունենում ենք տարբեր կառուցվածքներով աղջիկներ: Կարևորը` որ նրանց պարը մագնիսական լիցքեր կրի:

strip

Աղջիկների հետ պետք է անընդհատ աշխատել, պարուսույցը պետք է նրանց միշտ խորհուրդներ տա: Նրբությունները շատ են. ինչպիսի՞ հայացքով և ինչպիսի՞ արագությամբ է պետք մոտենալ քեզ հիացած աչքերով նայող այցելուին, ո՞ր պահին և ինչպե՞ս է պետք ազատվել բեմական շղարշե հագուստից: Հայաստանում, պարզվում է, հանվելը դեռ չի հասել արվեստի մակարդակի: Այս «արվեստ» բառն արդեն սկսում է շփոթեցնել.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել