Fotor12022204141in.am-ը գրում է․

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Տիգրան Հակոբյանի, Արթուր Մարտիրոսյանի և Արթուր Զոհրաբյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ:

Պարտադիր զինծառայության մեջ գտնվող, կոչումով շարքային Տիգրան Հակոբյանը, ըստ դատական ակտի, 2013 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 20-ը ընդգրկված է եղել մարտական հերթապահության հերթափոխի կազմում՝ որպես դիտորդ:

Սեպտեմբերի 15-ին Տիգրան Հակոբյանը խախտել է «ՀՀ Պետական սահմանի մարտական դիրքերում մարտական հերթապահության կազմակերպման ու անցկացման մասին» կանոնադրության պահանջները, որոնք արգելում են հերթապահության ժամանակ շեղվել, թուլացնել աչալրջությունը:

Գիշերվա ժամը 2-ն անց 50-ի սահմաններում Տիգրան Հակոբյանը դիտակետում հերթապահության ժամանակ կանգնած քնել է, արթնացել է ձայներից:

Իրենից ձախ՝ մոտ 10 մետրի վրա, տեսել է մարդու կերպարանք: Քնաթաթախ վիճակում, չհասկանալով, որ դա իր հետ հերթապահություն կատարող շարքային Խաչատուրն է, մտածելով, թե հակառակորդի դիվերսիոն խումբ է ներխուժել դիրք, Հակոբյանը լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը ու թվով 10 փամփուշտ է կրակել մարդկային կերպարանքի ուղղությամբ:

Արդյունքում շարքային Խաչատուր Խաչատրյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ, որտեղ մահացել է:

Տիգրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով:

Տիգրան Հակոբյանի հետ ամբաստանյալի աթոռին են նաև դեպքի ժամանակ ջոկի հրամանատար, կոչումով սերժանտ Արթուր Մարտիրոսյանը և դասակի հրամանատարի տեղակալ, կոչումով ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանը:

Արթուր Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 2-րդ մասով, իսկ Արթուր Զոհրաբյանին՝ 375 հոդվածի 1-ին մասով:

Դեպքի ժամանակ սերժանտ Արթուր Մարտիրոսյանը եղել է տվյալ դիրքի ավագի օգնականը: Նա, ըստ հաստատված գրաֆիկի, պարտավոր է եղել ամեն օր՝ գիշերվա ժամը 2-ից մինչև 4-ը, դիտակետում հերթապահել դիտորդների հետ:

Սակայն դեպքի պահին Մարտիրոսյանը գտնվել է ոչ թե դիտակետում, այլ՝ գետնատնակում, նրա կատարած խախտումը, անբարեխիղճ վերաբերմունքը կանոնադրության պահանջների ու ծառայության նկատմամբ, ըստ դատական ակտի, առաջացրել է էական վնաս:

Ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանը դեպքի ժամանակ նշանակված է եղել դիրքի ավագ, եղել է պաշտոնատար անձ, պետ: Նա, ըստ կանոնադրության, պարտավոր է եղել վերահսկելու դիտորդների հերթափոխի գրաֆիկի ճիշտ կատարումը:

Սակայն դեպքի ժամանակաընթացքում նա, տեղյակ լինելով, որ սերժանտ Արթուր Մարտիրոսյանը ոչ թե դիրքում է, այլ գետնատնակում, դրսևորել է իշխանության անգործություն, Մարտիրոսյանին չի ուղարկել դիտակետ՝ ծառայության, մարտական զգոնությունը չի ապահովել, ինչն առաջացրել է էական վնաս:

Ամբաստանյալներն ընդհանուր իրավասության դատարանում իրենց մեղավոր են ճանաչել ու հրաժարվել են ցուցմունքներ տալուց:

Վկայություն տված զինվորները, ըստ դատական ակտի, հայտնել են, թե Արթուր Մարտիրոսյանը ոչ մի անգամ չի կատարել իր պարտականությունները գիշերային հերթապահության ժամանակ, իսկ դիրքի ավագ Զոհրաբյանը տեղյակ է եղել դրան:

Զոհրաբյանն ու Մարտիրոսյանը դիտորդների հերթափոխ կատարել են միայն այն ժամանակ, երբ տվյալ ժամին վերադաս հրամանատարությունը գտնվել է դիրքում:

Զոհրաբյանը, որ պարտավոր էր դիրքում հերթապահել գիշերվա ժամը 4-ից մինչև 6-ը, նույնպես ոչ մի անգամ չի հերթապահել…

Վկաների մեծ մասը ընդհանուր իրավասության դատարան չի ներկայացել: Հրապարակվել են նրանց նախաքննական ցուցմունքները:

Գործի քննության ընթացքում Արթուր Մարտիրոսյանը և Արթուր Զոհրաբյանը զորացրվել են:

Արթուր Մարտիրոսյանն ուսանող է:

Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար:

Տիգրան Հակոբյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի սեպտեմբերի 18-ից:

Արթուր Մարտիրոսյանն ու Արթուր Զոհրաբյանը դատապարտվել են 2 տարի ազատազրկման, նրանց նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու նշանակվել է 1 տարի փորձաշրջան:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել տուժողի իրավահաջորդը, ով համաձայն չի եղել Հակոբյանի նկատմամբ նշանակված պատժաչափին՝ այն համարելով ակնհայտ մեղմ պատիժ:

Բողոքաբերը համաձայն չի եղել նաև Մարտիրոսյանի ու Զոհրաբյանի նկատմամբ պայմանական դատապարտության կիրառմանը:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ այս երկու ամբաստանյալները ևս պետք է դատապարտվեին իրական ու ավելի տևական ազատազրկման:

Բողոքաբերը պահանջել է պատժի մասով բեկանել դատավճիռը, երեք ամբաստանյալների նկատմամբ սահմանված պատիժներն էլ խստացնել, Մարտիրոսյանի ու Զոհրաբյանի նկատմամբ պայմանական դատապարտություն չկիրառել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել