Araratnews.am-ը գրում է․
Ալավերդի քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է ավազակային հարձակմանը մասնակցած երրորդ անձի ինքնությունը, ով հայտնաբերվել է եւ ներգրավվել որպես մեղադրյալ։ Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ավելի վաղ տեղեկացրելենք, որ 2014 թվականի նոյեմբերի 19-ին Ալավերդի քաղաքի բնակիչ Գարեգին Հախինյանը գրավոր հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 16:30-ի սահմաններում, դիմակավորված և զինված երեք անձինք ապօրինի մուտք են գործել իր կնոջ` անհատ ձեռնարկատեր Գայանե Գրիգորյանին պատկանող, Ալավերդի քաղաքի Թումանյան 51/1 հասցեում գործող խանութ և զենքի գործադրմամբ աշխատակիցների նկատմամբ կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով՝ հափշտակել են ոսկյա զարդեր ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նկատի ունենալով քրեական գործի բարդությունը և ծավալը, ինչպես նաև այն, որ անհրաժեշտ էր` միաժամանակ կատարվեին մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ` Լոռու մարզային քննչական վարչության պետի կողմից նույն վարչության և Թումանյանի բաժնի քննիչներից 2014 թվականի նոյեմբերի 20-ին կազմվել է քննչական խումբ, իսկ խմբի ղեկավար է նշանակվել վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը:
Կատարված քննչական գործողություններով և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2014 թվականի նոյեմբերի 19-ին` ժամը 16:30-ի սահմաններում, դիմակավորված և զինված երեք անձ ավազակություն կատարելու նպատակով ապօրինի մուտք է գործել անհատ ձեռնարկատեր Գ.Գրիգորյանին պատկանող խանութ և զենքի գործադրմամբ խանութում գտնվող երեք աշխատակիցների նկատմամբ կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով` հափշտակել ոսկյա զարդեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ