11-րդ դար. ամրոցների կառուցում

Château de Loches

Իմանուիլ Լենսյերի կտավը @ World History Archive/Alamy

1000 թ.-ին Եվրոպայում շատ քիչ ամրոցներ կային, իսկ Անգլիայում առհասարակ ոչ մի ամրոց չկար։ Տեղական պաշտպանական ուժերի բացակայության պատճառով շատ հեշտ էր նվաճել այնտեղի հողերը։ Անգլիայի գրավումը Վիլհելմ Նվաճողի կողմից հաջողությամբ պսակվեց հենց այն պատճառով, որ Անգլիայում տվյալ ժամանակաշրջանում ամրոցներ չկային։ 11-րդ դարից ի վեր լորդերը սկսեցին Եվրոպայով մեկ պաշտպանական ամրոցներ կառուցել իրենց և իրենց հողերը թշնամու հարձակումներից պաշտպանելու համար։ Այսպիսով, արքաների համար շատ ավելի դժվար դարձավ զավթել հարևանությամբ գտնվող հողերը։ Այնուհետ իշխանները սկսեցին իրենց դիտարկել ոչ թե իբրև ցեղերի, այլ տարածքային միավորների արքաներ։ Քաղաքական առաջնորդները շահագրգռված էին պաշտպանել իրենց սահմանները։ Նրանք իրենց իշխանությունն արդեն ոչ միայն իրենց իսկ ժողովրդի վրա էին տարածում, այլև իրենց սահմաններից ներս գտնվող ցանկացած մարդու։

12-րդ դար. օրենք և կարգուկանոնի հաստատում 

A 12th-century illustration of men in the stocks

12-րդ դարի պատկերազարդում @ Culture Club/Getty

Օտար երկիր այցելելիս մարդ անպայման մտահոգվում է, թե որքան ապահով կլինի ինքն այնտեղ գտնվելիս։ Կարգուկանոնի ու իրավական համակարգի բացակայությունը այն հիմնական գործոններից է, որը կարող է հետ պահել մարդուն այս կամ այն երկիրն այցելելուց։ Այսպիսով, օրենքների կանոնավոր կիրառման համակարգի ներմուծումը և կարգուկանոնի հաստատումը շրջաադարձային փուլ է Եվրոպայի պատմության մեջ։ Այս արդյունքին հնարավոր եղավ հասնել իրավագիտական գրքերի հրատարակման, իրավագիտության զարգացման և դատական համակարգի ձևավորման շնորհիվ։  

13-րդ դար. շուկայական համակարգի ստեղծում

A 13th-century gold coin

13-րդ դարի ոսկե մետաղադրամ @ Heritage Image/Alamy

Ինչպես հայտնի է, փողը գոյություն է ունեցել դարեր ի վեր, սակայն այն միշտ չէ, որ նույն նպատակին է ծառայել, ինչ այսօր։ Օրինակ՝ 13-րդ դարի սկզբին Անգլիայում քչերն էին փող օգտագործում։ Բնակչության մեծ մասը կենտրոնացած էր գյուղական շրջաններում։ Գյուղացիները բազում մթերքներ ու ապրանքներ ոչ թե գնում էին, այլ ստանում էին սեփական աշխատանքով, օրինակ՝ կաթը ստանում էին իրենց իսկ պահած կովերից։ Այն ապրանքները, որոնք հարկ էր գնել ուրիշներից, գնվում էին բարտերային համակարգով։ Ինչ էր ներկայացնում իրենից այս համակարգը։ Ոչ այլ ինչ, քան հասարակ փոխանակություն։ Մարդիկ գնվող ապրանքի դիմաց վճարում էին ոչ թե փողով, այլ այլ ապրանքով։ Լորդերը բանացնում էին գյուղացիներին ու փոխարենը նրանց թույլ էին տալիս մի քանի հեկտար տարածության վրա իրենց սեփական ֆերմաները հիմնել։ Միայն շուկայական քաղաքների բնակիչներն էին պարբերականորեն արծաթե պենսերով առևտուր իրականացնում։ Այդ քաղաքների թիվը չէր գերազանցում 300-ը, իսկ դրանց բնակիչների թիվը հաճախ 500-ից էլ քիչ էր։  Այնուամենայնիվ, 13-րդ դարում Անգլիայում ևս 1400 շուկա հիմնադրվեց։ Եվրոպական երկրների շուկայական քաղաքների թիվը քառապատկվեց։ Շուկայական քաղաքներում բարտերային համակարգի արդյունավետ գործարկումն անհնարին էր, ուստի անցում կատարվեց առևտրական տնտեսության։ 1300 թ.-ին  որոշ երկրներ սկսել էին խոշոր ոսկյա մետաղադրամներ հատել։ Մարդիկ արդեն կարող էին նաև վարկ վերցնել իտալական բանկային ընկերություններից, որոնք մասնաճյուղեր ունեին ողջ Եվրոպայով մեկ։

14-րդ դար. ժանտախտ

A contemporary illustration of Death strangling a victim of the plague

@ Heritage Image/Alamy

Եվրոպայում ժանտախտի սարսափելի համաճարակ տեղի ունեցավ XIV դարի կեսերին։ Ասիայում «սև մահը» նոր թափով խուժեց հյուսիսային երկրներ։ Միայն 1348 թ.-ին ժանտախտից մոտ 15 մլն. մարդ մահացավ։ Սա Եվրոպայի բնակչության քառորդն է կազմում։ 1352 թ.-ին զոհերի թիվը հասավ 25 միլիոնի։ Միջնադարյան Եվրոպայի բժշկությունը գտնվում էր կրոնական նախապաշարմունքների իշխանության տակ և պատրաստ չէր դիմագրավել ձախորդություններին։ Բազում բժիշկներ մերժում էին օգնություն ցույց տալ հիվանդներին՝ վախենալով ժանտախտով վարակվելուց։ Համաճարակի հետևանքները ճակատագրական էին Եվրոպայի ժողովրդագրության համար։ Բնակչության նախկին թիվը վերականգնվեց միայն XIX դարում։ Ժանտախտն ազդեց նաև Եվրոպական երկրների մշակութային ու սոցիալ-տնտեսական առաջընթացի վրա։ Առաջին հայացքից ամուր թվացող ֆեոդալական հարաբերությունները ջլատվեցին։

15-րդ դար. Կոլումբոսի հայտնագործությունը

Detail from Emile Lassalles 1839 portrait of Christopher Columbus

Կոլումբոսի՝ Էմիլի Լասալեի կողմից նկարված դիմանկարը  @ Famoso/Alamy

Որքան ավելի մեծ հողակտոր ունես, այնքան ավելի շատ բնական ռեսուրսների կարող ես տիրանալ։ Այս տեսանկյունից անհնար է չգնահատել Կոլումբոսի ներդրումը աշխարհը բնական ռեսուրսներով զինելու, ինչպես նաև աշխարհի քարտեզը փոխելու գործում։ Կոլումբոսը հանդիսանում է պատմության ամենակարևոր կերպարներից մեկը։ Նա եվրոպացիներին ցույց տվեց դեպի լայնարձակ հողատարածքներ տանող ուղին։ 1492 թ.-ին նա հայտնաբերեց Հայիթի կղզին։ Նա ցանկանում էր հարուստ հողատեր դառնալ։ Այս գյուտը կատարելու համար նա չէր օգտվել նորագույն տեխնոլոգիաներից։ Նրա համար իբրև շարժիչ ուժ հանդես եկավ ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական ազդեցությունը։ 

Շարունակելի... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել