Tert.am-ը գրում է․

Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը , ի պատասխան հարցի, թե պատրա՞ստ են քննարկել համամասնական-մեծամասնական հարաբերակցությունը հօգուտ առաջինի ավելացնելու հարցը, նշեց, որ դա կարելի է քննարկել մարտ ամսին, երբ ՀՀ Նախագահն իր վերջանական որոշումը կհայտնի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Իսկ դա, ըստ նրա, կարելի է քննարկել մինչև հերթական ընտրություններ: «Բայց ես չեմ կարծում, որ այդ քննարկումներին պատրաստ լինելը նշանակում է, թե Հանրապետականը պետք է իր կարծիքը մոռանա և ասի՝ ընդդիմություն ջա՛ն կամ Ռուբիկ Հակոբյան ջա՛ն, դու ինչ ասում ես, այդպես է»,-ասաց Էդուարդ Շարմազանովը և Երևանի ավագանու ընտրությունների փաստացի արդյունքների հիման վրա հերքեց թեզը, թե եթե մեծամասնական տեղերը պակասեցվեն, ապա իրենք կպարտվեն: «Եթե մայրաքաղաքում համամասնական ընտրակարգով հաղթել ենք իրենց բոլորին իրար հետ վերցված, ի՞նչն է խնդիրը: Իրենց ասածները փաստերի հետ չի համընկնում: Իրենք ասում են՝ եթե այսպես լինի դուք կպարտվեք, եղել է այդպես, բա ինչո՞ւ չենք պարտվել»,-ասաց նա:

-Ոչ իշխանական ուժերի նախաձեռնությամբ խորհրդարանի օրակարգում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը, և իշխող կուսակցությունից մի քանիսն արդեն իսկ արտահայտվել են, որ դեմ չեք քննարկել համամասնական ընտրակարգի տեղերն ավելացնելու հարցը: Կոնկրետ սա Հանրապետական կուսակցության համար կոնսենսուսայի՞ն որոշում է, քննարկված և կա հստակ ձևակերպված դիրքորոշո՞ւմ։ Եվ եթե այո, ապա քանի՞ տեղի մասին է խոսքը՝ համամասնական կամ մեծամասնական:

-Նախ նշեմ, որ խնդիրը, որը ոչ իշխանական ուժերը բերել են պառլամենտ և որն այս պահին քննարկվում է, կարծում եմ, մի քիչ չափազանցված է և արհեստական, որովհետև մի կողմից նրանք խոսում են, որ տնտեսության վիճակը բարվոք չէ, իրենց ցանկության չափով տնտեսական աճ չկա, արտագաղթի հետ կապված խնդիրներ կան, աշխարհաքաղաքական խնդիրներ և, հանկարծ, բերում են առաջնահերթ հարց են դարձնում համամասնականի հետ կապված դիրքորոշումը: Շատ լավ գիտակցելով, որ այսօր դժվար թե պառլամենտում մեծամասնություն կազմեն այն պատգամավորները, որոնք դեմ են մեծամասնական տեղերի առկայությանն ամբողջությամբ: Խնդիրն այն է, որ մենք ցանկանում ենք գնալով բարելավել և բարեփոխել ընտրական թե՛ պրոցեսը, թե՛ մեխանիզմները: Բայց սա ոչ թե ոտքի վրա իրականացվող քննարկում պետք է լինի՝ այս կամ այն քաղաքական գործչի կամ ուժի ամբիցիայից ելնելով, այլ պետք է ենթարկվի նաև մասնագետների հետ ծանրակշիռ քննարկման: Հիմա մեր դիրքորոշման մասին. մենք ասում ենք՝ այո, Հայաստանում կա համակարգային փոփոխությունների խնդիր, այն պետք է քննարկվի սահմանադրական բարեփոխումների միջոցով: Մինչև մարտ ամիս ՀՀ Նախագահը կտա սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը, հետևաբար նաև՝ քաղաքական լուծումները: Ավելին՝ ինչպես իրավացիորեն նշում են մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով նախատեսվում է հստակություն մտցնել այդ հարցում, որպես սահմանադրական նորմ՝ ընտրական իրավունքի հետ կապված խնդիրների վերաբերյալ: Այսինքն՝ մենք քաղաքական առաջընթաց քայլ ենք կատարում, ոչ թե սա թողնում ենք մեծամասնության քաղաքական կամքին, ապագա նախագահի, վարչապետի քաղաքական կամքին, և սա ամրագրում ենք սահմանադրական փաստաթղթում:

Հիմա սրանից հետո, եթե անհրաժեշտություն լինի, կարծում եմ՝ արդեն սահմանադրական բարեփոխումները երկրում կավարտվեն, կլինի բարեփոխում, թե չի լինի, դա արդեն հասարակությունը կորոշի, դրանից հետո մենք ունենք ժամանակ մինչև հերթական ընտրությունները, որպեսզի նաև քննարկենք համամասնականի և մեծամասնականի համամասնությունը:

-Այսինքն՝ փետրվար, մարտից հետո՞:

-Այս պահին էլ ենք քննարկում, բայց գործընթացն ավելի օբյեկտիվ ու ամբողջական կլինի, եթե դրանից հետո լինի: Եվ հաջորդը. որևէ մեկն ինձ չի կարող ապացուցել, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների առկայությունը վնասում է ընտրական իրավունքի իրացմանը: Կա 41 մեծամասնական տեղ, որոնցից 28-ն են Հանրապետական կուսակցության անդամներ: Այսինքն, խնդիրը պետք է նայել ոչ թե ձևի մեջ, այլ՝ բովանդակության: Եվ ո՞վ է ասում, որ մեծամասնականով ընտրված պատգամավորները վատ են աշխատում, կամ նրանք մեզ պետք չեն, ես այդ կարծիքին չեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել