1in.am–ը գրում է.

Fotor1201222635

«Ինեկոբանկն» ու ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը համատեղ ակցիա են մշակել, ըստ որի՝ համագործակցելով սուպերմարկետի հետ՝ բանկը սուպերմարկետի առնվազն 3 ամիս շարունակ հավատարիմ հաճախորդներին 50 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամ գումարային քարտ է տրամադրում ամանորյա գնումների համար: Սուպերմարկետի հավատարի հաճախորդը, սակայն, չի կարող կանխիկացնել իրեն տրամադրված քարտի գումարը և այդ քարտով չի կարող այլ խանութների ցանցերից առևտուր անել: Տրամադրված քարտով հաճախորդը պարտադիր պետք է գնումներ կատարի միայն «Երևան սիթի»-ներից: Ի դեպ՝ այդ վարկային քարտերը տրամադրվելու են միայն վարկային պատմություն ունեցող հաճախորդներին:

«Երևան սիթի»-ից դուրս եկած հաճախորդը, խոսելով ամանորյա առաջարկի մասին, կարծիք հայտնեց, որ գուցե դա շատ լավ է ոմանց համար, ովքեր փող չունեն Նոր տարվա գնումներ կատարելու համար, բայց այս պայմաններով գումարի տրամադրումը ստրկացում է նշանակում: Նրանք, կոպիտ ասած, ստիպում են քաղաքացիներին, նախ, պարտադիր դառնալ իրենց հաճախորդը, ապա քարտը տրամադրելուց հետո մի տարի էլ կամ ավելի երկար կախման մեջ պահել նրանց ու ստիպել գնել իրենց անորակ ապրանքը: «Ինչի՞ են պարտադիր ստիպում, որ իրենց սուպերմարկետից առևտուր անենք, կարող է ինձ ավելի դուր է գալիս այլ խանութի ապրանքը: Եվ հետո՝ եթե ինձ վարկ պետք է լինի, նույն պայմաններով որ բանկից էլ ուզեմ՝ կտան»,- ասաց հաճախորդը՝ ավելացնելով. «Սրա նպատակը ընդամենը էն է, որ սպառեն Նոր տարուց առաջ տոննաներով բերած ապրանքը, որ չմնա ու չհնանա, կամ սպառեն արդեն իսկ հնացածը ու ձեռի հետ էլ փոխ աշխատեն ու մի բան էլ բանկին լավություն անեն: Սամվել Ալեքսանյանն ինչ ասես որ չի մտածի իր անորակ ապրանքը մեզ վրա բարդելու համար»,-ասաց գնորդը:

Այլ անցորդներ ևս, իմանալով ակցիայի մասին, կարծիք էին հայտնում, որ այդ պայմանենրով իրենք հանգիստ կարող են այլ բանկերից էլ վարկ վերցնել և առևտուր անել իրենց ցանկացած խանութից և ավելի լավ որակով, քան «Սիթիներում»:

Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանի կողմից նմանատիպ մի «ակցիա» էլ կազմակերպվեց անցած տարի, երբ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում հաճախորդներին անձնագիրը վերցնելով՝ տրամադրում էին 200 հազար դրամ, որով վերջինս կարող էր ամանորյա գնումեր կատարել: Գումարը մարելուց հետո նոր միայն մարդը կարող էր հետ ստանալ իր անձը հաստատող փաստաթուղթը: Ճիշտ է, շատերը կարիքից դրդված գնում էին այդ քայլին, բայց սուպերմարկետների ցանցի տնօրինության կողմից կոպիտ խախտում էր թույլ տրվում՝ հաճախորդից վերցնելով նրա անձը հաստատող փաստաթուղթը:

Հիշեցնենք նաև, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող այս սուպերմարկետին առաջին անգամ չէ, որ հաջողվում է Ամանորին մեծ խմբաքանակով ապրանք վաճառել: Անցած տարի էլ նույն ժամանակահատվածում Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին հատկացված Քուվեյթի կառավարության դրամական օգնությունը փոխանցվեց «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցին: Քուվեյթի կառավարության հատկացրած 100 հազար դոլարը 20 հազար դրամ արժեքով կտրոններով բաժանվեց Հայաստանում գտնվող սիրիահայերին՝ մոտ 1000 ընտանիքի: Այդ կտրոններով սիրիահայերը կարող էին առևտուր անել միմիայն Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցից:

Այնպես որ, եթե շատ խանութներում Ամանորին ընդառաջ կամ Ամանորից հետո ապրանքը մնում է խանութներում, պահեստներում և փչանում է, ու նրանք ինչ-որ վնասներ են կրում, ապա Սամվել Ալեքսանյանին հաջողվում է տարբեր օրինական և ոչ օրինական ճանապարհներով «խուրդել» իր անորակ ապրանքը և շահած դուրս գալ ցանկացած իրավիճակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել