Հարցն ուղարկել է Հրանուշը՝ 28 տարեկան.
Բարև Ձեզ, երեխաս 6 տարեկան է, ու օրերս նրա պապիկը, ում հետ նա շատ կապված էր, մահացել է, և ես հիմա չգիտեմ, թե ո՞րն է ճիշտ. երեխայից թաքցնե՞մ ճշմարտությունը, թե՞ ոչ։ Մի կողմից, վախենում եմ, որ նա շատ ծանր տանի, մյուս կողմից էլ չեմ ընդունում, երբ թեկուզ մանկահասակ, բայց երեխային խաբում են, նամանավանդ ծնողները։
Պատասխանում է հոգեբանը.
Հարգելի Հրանուշ, բավականին տարածված խնդրի եք անդրադառնում ու ողջունելի մոտեցում եք դրսևորում դաստիարակության հարցին։ Ցավոք, մենք այնպես ենք ստեղծված, որ վաղ թե ուշ մեր հարազատներն էլ, մենք էլ հեռանում ենք կյանքից, ու հատկապես երեխաների պարագայում մարդկային մահը ոչ միայն կորստի սուր զգացողություն կարող է առաջացնել, այլև կոնկրետ հոգեկան խնդիրներ՝ ֆոբիաների և անգամ տրավմաների տեսքով։
Անձամբ ես ողջունում եմ Ձեր այն մոտեցումը, որ դաստիարակության ընթացքում սուտը, մեղմ ասած, շատ քիչ է կիրառելի։ Բարեբախտաբար, ինչպես և շատ այլ պարագաներում, Ձեր այլընտրանքը ստելու ու ճշմարտությունը՝ ինչպես այն կա, ասելու մեջ չէ։ Մի կողմից, երեխաները շատ տպավորվող են ու վառ երևակայություն ունեն, և ցանկալի չէ, որպեսզի մանուկ տարիքում ամբողջական պատկերացում ունենան մարդու մահվան ու դրան հետևող բոլոր արարողությունների մասին։ Մյուս կողմից, բարձր զգայականությունից զատ, երեխաներն ունեն բարձր հարմարվողականություն, ու եթե մեսիջը ճիշտ է ներդրվում նրանց գիտակցության մեջ, նրանք շատ ավելի արագ են համակերպվում իրողության հետ, քան շատ մեծահասակները։
Տվյալ դեպքում, կարելի է պապիկի մահը երեխային մատուցել այլաբանության տեսքով՝ նրան մատչելի լեզվով բացատրելով, որ պապիկը էլ չկա։ Օրինակ՝ «Պապիկը հիմա Աստծո մոտ է (երկնքում է), աստղերի մոտ է»։ Կարևորը, որ դուք շատ մեղմ, բայց հստակորեն հաղորդեք երեխային, որ պապիկը էլ չի գալու։ Որպեսզի հնարավորինս մեղմեք կորստի զգացման նեգատիվ ազդեցությունը ու մեկուսացնեք երեխային տրավմաներից, հաղորդելուց զատ անհրաժեշտ է որոշակի պրոֆիլակտիկ քայլեր ձեռնարկել։ Մեր օրերում բավականին արդյունավետ է գործում արտթերապիան ու հեքիաթաթերապիան։ Պարուրեք Ձեր երեխային Ձեր սիրով ու ուշադրությամբ, որպեսզի նա այդ կորստի զգացումը չպրոյեկտի Ձեր վրա, ու նրա մեջ չարմատանա վախը, որ կարող է Ձեզ էլ կորցնել։
Եթե այս ամենը ճիշտ արվի, ապա երեխան շատ արագ կհարմարվի իրավիճակին, իսկ ժամանակի հետ, երբ արդեն ավելի մեծ լինի ու հասկանա և գիտակցի ողջ եղելությունը՝ չի կորցնի վստահությունը Ձեր հանդեպ։



