Կյանքում մեր ամենամեծ հիասթափությունները հաճախ անիրական սպասումների հետևանքով են առաջանում՝ հատկապես մյուսների հետ փոխհարաբերություններում։ Երբ ավելի քիչ ես ինչ-որ բան սպասում մյուսներից, դու թե՛ քո կյանքում, թե՛ մյուսների կյանքում նվազեցնում ես անտեղի տառապանքն ու հիասթափությունները՝ ինքդ քեզ ու մյուսներին օգնելով կենտրոնանալ այն բաների վրա, որոնք իսկապես կարևոր են։
Ես այս աշխարհում չեմ, որ քո սպասումների համաձայն ապրեմ, և ոչ էլ դու այստեղ ես, որ ապրես իմ սպասումների համաձայն։ Բրյուս Լի
♦ Մի՛ ակնկալիր մյուսներից համաձայնվել քեզ հետ — Դու արժանի ես երջանիկ լինել։ Դու արժանի ես ապրել այն կյանքով, որը ոգեշնչում է քեզ։ Թույլ մի տուր, որ մյուսների կարծիքները ստիպեն քեզ մոռանալ դա։ Դու այս աշխարհ չես եկել մյուսների սպասումների համաձայն ապրելու համար, ոչ էլ պետք է կարծես, թե մյուսները պետք է ապրեն այնպես, ինչպես դու սպասում ես։ Իրականում, որքան ավելի շատ սեփական որոշումներդ ընդունելի դարձնես ինքդ քեզ համար, այնքան ավելի քիչ կսպասես, որ մյուսները դա ընդունելի համարեն։ Դու պետք է համարձակվես լինել այնպիսին, ինչպիսին կաս և հետևես քո ինտուիցիային, որքան էլ դա վախեցնող ու տարօրինակ թվա։ Մի՛ համեմատիր քեզ մյուսների հետ։ Մի՛ հիասթափվիր մյուսների հաջողություններն ու առաջխաղացումը տեսնելով։ Հետևիր քո սեփական ուղղուն ու հավատարիմ եղիր քո սեփական նպատակներին։
Հաջողությունը կյանքդ քո ձևով երջանիկ անցկացնելն է։
♦ Մի՛ ակնկալիր մյուսներից, որ քեզ ավելի շատ հարգեն, քան դու ես քեզ հարգում — Իրական ուժը մարդու ոգու և հոգու մեջ է, ոչ թե մկանների։ Իրական ուժը հավատք ու վստահություն ունենալու մեջ է այն մարդու հանդեպ, ով դու կաս, և պատրաստակամություն ունենալու՝ դրա համապատասխան գործել։ Որոշիր այս պահին, որ երբեք այլևս չես մուրա ինչ-որ մեկի սերը, հարգանքն ու ուշադրությունը, որը դու պետք է ինքդ քո հանդեպ ցուցաբերես։
Այսօր ինքդ քեզ նայիր հայելու մեջ ու ասա. «Ես սիրում եմ քեզ, և այս պահից ես ցույց կտամ դա իմ գործերով»։ Կարևոր է մյուսների հանդեպ բարի լինել, սակայն նույնքան կարևոր է նաև բարի լինել ինքդ քո նկատմամբ։ Երբ դու ինքդ քո հանդեպ սեր և հարգանք ես ցուցաբերում, դու ինքդ քեզ հնարավորություն ես տալիս երջանիկ լինել։ Երբ դու երջանիկ ես, դու ավելի լավ ընկեր ես դառնում, ավելի լավ ընտանիքի անդամ ու ավելի լավ՝ դու։
♦ Մի՛ ակնկալիր մյուսներից, որ սիրեն քեզ։
Դու կարող ես քեզ անպետք զգալ ու անարժան ինչ-որ մեկի համար, սակայն դու անգին ես մեկ ուրիշի համար։ Երբեք մի մոռացիր քո արժեքի մասին։ Ժամանակդ անցկացրու այն մարդկանց հետ, ովքեր գնահատում են քեզ։ Կարևոր չէ, թե որքան լավ ես մարդկանց նկատմամբ, միշտ էլ կգտնվի բացասական մեկն, ով կքննադատի քեզ։ Ժպտա, արհամարհիր նրանց ու շարունակիր ապրել քո կյանքով։
Այս խելահեղ աշխարհում, որը քեզ փորձում է դարձնել բոլորի նման, ամենադժվար պայքարը, որ կմղես, դա մնալն է այնպիսին, ինչպիսին կաս։ Եվ քանի որ դու կպայքարես դրա համար, բոլորը չէ, որ կսիրեն քեզ։ Երբեմն մարդիկ քեզ անուններ կտան, որովհետև դու «տարբեր» ես, սակայն դա նորմալ է։ Այն, ինչը քեզ տարբեր է դարձնում, այն է, ինչը քեզ քեզ է դարձնում, և ճիշտ մարդիկ կսիրեն քեզ հենց դրա համար։
♦ Մի՛ ակնկալիր մյուսներից լինել այն, ով ուզում ես, որ նրանք լինեն – Սիրել ու հարգել մյուսներին, նշանակում է թույլ տալ նրանց լինել այնպիսին, ինչպիսին նրանք կան։ Երբ դու դադարում ես մարդկանցից սպասել, որ նրանք իրենց որոշակի ձևով պահեն, դու սկսում ես գնահատել նրանց անհատականությունը։ Ուշադրություն դարձրու և հարգիր մարդկանց այն բանի համար, թե ով են նրանք և ոչ թե այն բանի համար, ով ուզում ես, որ նրանք լինեն։ Մենք մարդկանց չենք ճանաչում նույնիսկ մեր կարծածի կեսի չափ, և իսկապես մարդուն ճանաչելն է, որ նրանց հրաշալի է դարձնում մեզ համար։ Յուրաքանչյուր մարդ անկրկնելի ու գեղեցիկ է, պարզապես համբերատար աչքեր են պետք դա նկատելու համար։ Որքան ավելի շատ ես ճանաչում մեկին, այնքան ավելի քիչ ես սկսում ուշադրություն դարձնել նրա արտաքինին ու տեսնում ես նրա անհատականության իրական գեղեցկությունը։
♦ Մի՛ ակնկալիր մյուսներից իմանալ, թե ինչ ես մտածում – Մարդիկ չեն կարող մտքեր կարդալ։ Նրանք երբեք չեն իմանա, թե ինչ ես զգում, մինչև որ չասես նրանց։ Կյանքում դու պետք է կանոնավոր ու արդյունավետորեն հաղորդակցվես մյուսների հետ։ Եվ հաճախ դու ինքդ պետք է նախաձեռնես խոսակցությունը։ Դու պետք է պարզապես ասես մարդկանց, թե ինչ ես մտածում։
♦ Մի՛ ակնկալիր մարդկանցից, որ նրանք միանգամից փոխվեն – Եթե քո սիրելի մարդկանց մոտ որոշակի հատկություններ ես նկատում, որ հույս ունես, թե ժամանակի ընթացքում կփոխվեն, ապա ամենայն հավանականության իզուր են սպասումներդ։ Եթե իսկապես ուզում ես, որ նրանք ինչ-որ բան փոխեն իրենց մեջ, ուրեմն անկեղծորեն խոսիր դրա մասին նրանց հետ, այնպես որ նրանք իմանան, թե ինչ ես զգում ու ինչ ես ակնկալում նրանից։
Շատ դեպքերում մարդկանց փոխել հնարավոր չէ, և դու չպետք է փորձես դա անել։ Դու կամ պետք է ընդունես նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան, կամ էլ ընտրել առանց նրանց ապրելը։ Սա կարող է կոշտ հնչել, սակայն դա այդպես չէ։ Երբ դու փորձում ես փոխել մարդկանց, նրանք հաճախ նույնն են մնում, սակայն երբ դու չես փորձում փոխել նրանց, աջակցում ես նրանց ու թույլ տալիս նրանց ազատորեն լինել այն մարդն, ով նրանք կան, ժամանակի ընթացքում նրանք փոխվում են ամենագեղեցիկ ձևով. երբ ընտրում ես իսկապես ճանաչելը և ոչ թե նրանց փոխել ցանկանալը, փոխվում է այն, թե ինչպես ես նրանց տեսնում։
♦ Մի ակնկալիր նրանցից միշտ լավ լինել – Ավելի բարի եղիր, քան անհրաժեշտ է, քանի որ բոլոր նրանք, ում դու հանդիպում ես այս կյանքում, ինչ-որ պայքար են մղում իրենց կյանքում այնպես, ինչպես դու։ Յուրաքանչյուր ժպիտ կամ ուժի նշան ներքին պայքար է ծածկում, որի յուրաքանչյուր մասնիկը նույնքան բարդ ու յուրահատուկ է, որքան որ քոնը։
Մյուսներին աջակցելը, նրանց հետ կիսվելն ու նրանց կյանքում ներդրումներ անելը կյանքի լավագույն նվերներից մեկն է։ Սա բնականորեն է տեղի ունենում, եթե մենք դա թույլ ենք տալիս, որոնովհետև մեր երազանքները, կարիքներն ու պայքարը նման են։ Երբ մենք ընդունում ենք սա, աշխարհն այնպիսի մի տեղ է դառնում, որտեղ մենք կարող ենք նայել մյուսի աչքերի մեջ ու ասել «Ես այս պահին ճնշված եմ ու ներքին պայքար եմ մղում», և նա կասի «Ես նույնպես» և դա նորալ է, որովհետև միշտ լավ չզգալը նորմալ է։
Մարդիկ հազվադեպ են վարվում այնպես, ինչպես որ դու ակնկալում ես նրանցից։ Լավագույնը հուսա, սակայն նվազագույնը սպասիր նրանցից։ Եվ հիշիր՝ քո երջանկության ուժգնությունը կախված է բացառապես քո մտքերից, նրանից, թե ինչպես ես մտածում իրերի մասին։ Նույնիսկ երբ իրավիճակը կամ փոխհարաբերությունները լավագույն ձևով չեն դասավորվում, դրանք արժեն, որ տեղի ունենան, եթե քեզ ինչ-որ բան են սովորեցնում ու ստիպում ինչ-որ նոր բան զգալ։



