Հարցն ուղարկել է Անին՝ 20 տարեկան.

Բարև Ձեզ, ես 3 տարի է՝ ընկեր ունեմ, որից երկուսը նա եղել է բանակում։ Հիմա նա վերադարձել է ու, ճիշտ է, ես շատ երջանիկ եմ, բայց ինչ-որ մի բան փոխվել է նրա մեջ, ու մեր հարաբերություններն այլևս առաջվանը չեն։ Խորհուրդ տվեք, ինչպե՞ս կարող եմ այնպես անել, որ մեր հարաբերություններն առաջվանը լինեն։

Պատասխանում է հոգեբանը. 

Հարգելի Անի, միանգամից պատասխանեմ Ձեր հարցին. ոչինչ։ Ու իրոք, Դուք ոչինչ չեք կարող անել, որպեսզի ձեր հարաբերություններն առաջվանը լինեն։ Ասեմ ավելին, պետք էլ չէ անել ինչ-որ բան՝ փորձելով անել այնպես, որ Ձեր հարաբերություններն առաջվանը լինեն։

Դուք պետք է հասկանաք, որ ձեր հարաբերությունները սկսել եք դեռ պատանեկության տարիներին, երբ ոչ Ձեր, ոչ էլ Ձեր ընկերոջ բնավորությունը վերջնականապես դեռ չէր կազմավորված, դուք էլ դեռ չի կարելի ասել, որ լիարժեքորեն թևակոխել էիք հասունության փուլ։ 

Հետո մի մոռացեք բանակային ծառայության հսկայական դերի մասին տղաների կյանքում ու հասունացման հարցում։ Իզուր չեն ասում, որ բանակ գնում են պատանիներ, իսկ վերադառնում են տղամարդիկ։ Իհարկե, միշտ չէ, որ այդպես է, բայց ամեն դեպքում բանակն անջնջելի հետք է թողնում տղաների հոգեկերտվածքի ու բնագծերի վերջնական ձևավորման ժամանակ։

Միևնույն ժամանակ, Դուք ինքներդ եք փոխվում ու հասունանում այդ երկու տարիների ընթացքում, ուստի զարմանալի չէ, որ Ձեր ընկերոջ բանակից վերադառնալուց հետո որոշակի դիսկոմֆորտ եք զգում ձեր հարաբերություններում, քանի որ առկա իրականությունը չի համապատասխանում Ձեր ակնկալիքներին՝ «որ առաջվա պես լինի», որովհետև փոխվել եք Դուք, փոխվել է նա, և այդ պարագայում չեն կարող չփոխվել նաև ձեր հարաբերությունները։

Այդ իսկ պատճառով, խորհուրդ եմ տալիս, որպեսզի Դուք փոխանակ ապարդյուն փորձեր անեք «ամեն ինչ առաջվա պես լինելու» ուղղությամբ, կենտրոնանաք և վերաիմաստավորեք ձեր հարաբերություններն ու Ձեր սիրած մարդուն։ Այլ կերպ ասած, Դուք պետք է գրեթե նորից կառուցեք նոր ընկերություն, որը հիմնված կլինի ոչ թե 2 տարի վաղումության ՁԵՐ վրա, այլ այսօրվա ՁԵՐ վրա՝ այսօրվա զարգացվածության մակարդակով, այսօրվա մտահորիզոնով, այսօրվա հասունությամբ։ Վստահեցնում եմ, որ միմիայն այս դեպքում Ձեր հարաբերությունները նորից կկարողանան հարմարավետ դառնալ Ձեզ համար ու հեռանկար ունենան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել