Lragir.am-ը գրում է․

Ֆորբսը հրապարակել է 2014 թվականի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Այն կազմվում է Ֆորբսի խմբագիրների ու խորհրդատուների ընդհանուր աշխատանքի միջոցով, ովքեր ուսումնասիրում են հարյուրավոր թեկնածուների նախքան աշխարհի 72 ամենաազդեցիկներին որոշելը:

Ամսագիրը 2014 թվականի ամենաազդեցիկ մարդ է ճանաչել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Երկրորդ տեղում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է, որին հաջորդում է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը: 4-րդը Հռոմի պապ Ֆրանցիսկոսն է, 5-րդը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, 6-րդը՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը, 7-րդը՝ Մայքրոսոֆթի ղեկավար Բիլ Գեյթսը, 8-րդը՝ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին, 9-րդը և 10-րդ տեղերում Գուգլի ղեկավարներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինն են:

Ամենաերիտասարդ ազդեցիկ մարդն աշխարհում Ֆեյսբուքի հիմնադիր 30-ամյա Մարկ Ցուկերբերգն է: Նա ցուցակում 22-րդն է: ԿԺԴՀ 31-ամյա նախագահ Կիմ Չեն Ընը 49-րդն է:

Ֆորբսը ազդեցությունը չափում է 4 չափանիշներով: Դրանցից մեկն այն է, թե տվյալ թեկնածուն քանի մարդու վրա ազդեցություն ունի: Օրինակ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 1.2 միլիարդ կաթոլիկների հոգևոր առաջնորդն է: Հաջորդ չափանիշը թեկնածուի վերահսկողության տակ գտնվող ֆինանսներն են: Երկրների ղեկավարների դեպքում հաշվի է առնվում տվյալ երկրի ՀՆԱ-ն, իսկ կազմակերպությունների ղեկավարների դեպքում՝ ընկերության շուկայական արժեքն ու եկամուտը:

Այնուհետև հաշվի է առնվում, թե անձը քանի ոլորտում է ազդեցիկ: Ֆորբսը 72 ոլորտ է առանձնացրել: Օրինակ, Բիլ Գեյթսն ազդեցություն ունի, որովհետև միլիարդատեր է, բարեգործ, աշխարհում թիվ 1 «տեխնոլոգիական խորհրդատուն»:

4-րդ գործոնն էլ այն է, թե տվյալ թեկնածուն ինչ ակտիվությամբ է օգտագործում իր ազդեցությունը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենաբարձր միավորներ է հավաքել, որովհետև շատ հաճախ է ուժ ցուցադրում երկրի ներսում և երկրի սահմաններից դուրս: Օրինակ, Ղրիմի բռնակցումը և հիբրիդային պատերազմն Ուկրաինայում:

Ֆորբսի խմբագիրները թեկնածուներին գնահատում են ըստ բոլոր 4 չափանիշների և կազմում վերջնական աղյուսակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել