Panorama.am-ը գրում է․
«Ոչ իշխանական ուժերի հրատապություններն ու անհետաձգելիությունները երբեմն անհասկանալի ու անըմբռնելի են»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` արձագանքելով այն հարցին, թե ոչ իշխանական ուժերը իրենց օրակարգում հրատապ պահանջ են ներկայացրել իշխանություններին Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարել` 100% -անոց համամասնական ընտրակարգին անցնելու անհետաձգելիությունը կարևորելով և արդյո՞ք կա նման քննարկում իշխանության օրակարգում և հնարավոր է իշխանությունները այս հարցում ընդառաջ գնան ընդդիմության պահանջին:
Հ.Նաղդալյանի խոսքով` ոչ իշխանական ուժերը ընտրություններից 2-3 ամիս առաջ առաջարկում են համակարգային փոփոխությունների վերաբերյալ հարցեր քննարկել, իսկ երբ իշխանություններն առաջարկում են դրանք ավելի հանգիստ, բնականոն պայմաններում և ժամանակահատվածում դիտարկել և իրագործել` հրաժարվում են:
«Տվյալ պահին իշխանությունը օրակարգ է բերել համակարգային փոփոխությունների խնդիր, որն առաջարկում է իրագործել սահմանադրական փոփոխությունների միջոցով: Բնական է, որ սահմանադրական փոփոխությունները գլոբալ ճարտարապետության փոփոխություններ են, և այս պարագայում բազմաթիվ խնդիրներ, հարցեր ու ենթահարցեր քննարկման առարկա են դառնալու և տրանսֆորմացվելու են: Կարծում եմ, որ շատ ավելի արդյունավետ է այս համատեքստում աշխատելը և փորձել իրական փոփոխությունների հանգել՝ սահմանադրական բարեփոխումների ճանապարհով: Եվ օգտվելով այս պահից, որն առավելապես հարմար է՝ միանալ սահմանադրական բարեփոխումների գործընթացին` իրենց ջանքերը, եռանդը, առաջարկներն ու գիտելիքները միավորելով ողջ քաղաքական համակարգում լուրջ փոփոխությունների իրագործման մասնակիցը դառնալ»,- ասաց նա` ավելացնելով, որ այդ ճանապարհով հնարավոր կլինի լուծել բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկն, ասենք, կարող է լինել հենց մեծամասնական-համամասնական ընտրակարգի փոփոխությանն առնչվող խնդիրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



