ՀԱՐՑ
Բարև ձեզ, ես մեկ ու կես տարի է պարտքով գումար եմ տվել մի անձնավորության և չեմ կարողանում ետ վերցնել, դրա դիմաց վերցրել եմ զինվորական գրքույկը և պարտավորագիր, որտեղ նշված է պարտքի չափը և ժամկետը։ Չնայած նշված ժամկետից անցել է 1 տարի։ Ի՞նչ կարող եմ անել: Նախապես շնորհակալություն։
ՊԱՏԱՍԽԱՆ
Քաղաքացիների միջև ծագել են փոխառության, հետևաբար նաև պարտավորական իրավահարաբերություններ, որոնք կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան նորմերով: Գումարը հանձնելու պահից կնքվել է փոխառության պայմանագիր, որպիսի փաստը հավաստվում է պարտապանի կողմից տրված գրավոր պարտավորագրով:
Նկարագրված դեպքում, եթե պարտավորագրում նշված ժամկետի ավարտից հետո արդեն իսկ անցել է 1 տարի և պարտապանը չի վերադարձնում գումարը, ապա պարտատերն իրավունք ունի նրա դեմ հայց հարուցել՝ գումարի բռնագանձման պահանջով, ինչպես նաև պահանջել վճարելու օրենքով նախատեսված տոկոսները:
Ինչ վերաբերում է պարտապանից զինվորական գրքույկը վերցնելուն, ապա այդ գործողությունը պարտավորությունների կատարման ապահովում չի կարող դիտվել, այսինքն՝ իրավական տեսանկյունից այդ փաստը որևէ խնդիր չի լուծում:
Հիշեցնենք նաև, որ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, իսկ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ: Այս պարագայում, պարտավորագրում նշված ժամկետի ավարտմամբ /դեռևս մեկ տարի առաջ/ սկսվել է պարտատիրոջ խախտված իրավունքի պաշտպանության հայցային վաղեմության ժամկետի ընթացքը, հետևաբար վերջինս ունի երկու տարի՝ դատարան դիմել համար:
Մարինե Ֆարմանյան
ՀՀ փաստաբանների պալատի
երիտասարդական խորհուրդ
Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ BlogNews-ի ֆեյսբուքյան էջին:



