
1in.am-ը գրում է.
Կոտայքի մարզի Քաղսի գյուղում, որտեղ դեկտեմբերի 14-ին, համայնքապետի ընտրություններ են անցկացվելու, արդեն իսկ լարված իրավիճակ է ստեղծվել: Ընտրապայքարն ընթանալու է ՀՀԿ-ական երկու թեկնածուների՝ գործող գյուղապետ Սեդրակ Դավթյանի և գյուղապետի նախկին թեկնածու Սահակ Ալեքսանյանի միջև: Վերջինս քրեական հեղինակություն, ծնունդով քաղսեցի Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի հորաքրոջ որդին է:
Որոշ տեղեկություններով՝ Վստրեչի Ապերն արդեն իսկ գործի է դրել բոլոր հնարավոր ռեսուրսներն ու միջոցները իր ազգականի հաղթանակն ապահովելու և նրան գյուղապետ դարձնելու համարը: Ալեքսանյանը, սակայն, գյուղացիների խոսքով, դեռևս 90-ականներին գյուղից արտագաղթել է և միայն վերջին տարիներին է Հայաստան վերադարձել իր ընտանիքով և ներկայումս էլ բնակվում է Երևանում: Նրան գյուղացիները տեսնում են առիթից առիթ, և հենց դա է պատճառը, որ չեն ցանկանում իրենց գյուղը վստահել նրան:
Սահակ Ալեքսանյաննը, սակայն, նախքան առաջադրվելն արդեն բացել է նախընտրական շտաբն ու սկսել նախընտրական քարոզչությունը՝ ընտրելով գյուղացիներին սիրաշահելու փորձված մեթոդները: Այն դեպքում, երբ և՛ շտաբ բացելու, և՛ քարոզարշավ իրականացնելու պաշտոնական ժամկետները դեռ չեն մեկնարկել:
Ընդ որում, գյուղացիների խոսքով, մի քանի շաբաթ առաջ բացված շտաբում գյուղապետի թեկնածուն ճոխ խնջույք է կազմակերպել, որին մասնակցել է նաև Վստրեչի Ապերը:
Այսպես ասած՝ «քարոզարշավի» շրջանակներում արդեն մեկ շաբաթ է՝ Ալեքսանյանը ներքին Քաղսիում ապրող աշակերտներին դպրոց տեղափոխելու համար ավտոբուս է տրամադրել, իսկ գյուղի պարի խմբակի անդամներից յուրաքանչյուրին Վրաստանում անցկացվող պարի փառատոնին մասնակցելու համար տրամադրել է 20-հազարական դրամ: Մինչդեռ նախկինում հիշյալ թեկնածուն, որը նույն գյուղում նախորդ ընտրություններին ևս առաջադրվել էր, երբեք բարեգործությամբ աչքի չի ընկել:
Քաղսեցիները վստահ են, որ Ալեքսանյանի «սրտացավությունը» տևելու է մինչև ընտրությունները:
Ի դեպ, քաղսեցիների խոսքով, նախորդ ընտրություններում Ալեքսանյանը կրկին ընտրակաշառք է բաժանել, նման սրտացավություն ցուցաբերել գյուղացիների հանդեպ, սակայն խայտառակ պարտություն է կրել մրցակցից: Ասում էին՝ պատճառն այն է, որ այդ անգամ քրեական հեղինակություն բարեկամը գործին չէր խառնվել: «Չի բացառվում, որ այս անգամ էլ փող բաժանվի նախորդ անգամվա պես, մանավանդ որ, հաշվի առնենք, նրա մեջքին կանգնած է մոսկվայաբնակ մեծահարուստ եղբայրն ու գործարար-հեղինակություն Վստրեչի Ապերը»,- մեզ հետ զրույցում պատմեց գյուղացիներից մեկը:
Հավելենք նաև, որ Վստրեչի Ապերի հովանավորությունից զատ՝ Սահակ Ալեքսանյանն ամեն ինչ անում է, որպեսզի ստանա Կոտայքի նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանի աջակցությունը, չէ՞ որ, վերջին հաշվով, ինքն էլ է հանրապետական:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական գործող գյուղապետին, ապա նա էլ համարվում է Կոտայքի նախկին մարզպետ, ներկայումս վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի հովանավորյալը, ինչն էլ նախորդ տարիներին մշտապես ապահովել է Սեդրակ Դավթյանի վերարտադրությունը գյւողապետի պաշտոնում: Դավթյանը, սակայն, շարունակում է ապավինել այդ հովանավորությանը և հույս ունի, որ վարչապետի խորհրդական Շահգալդյանն այս անգամ էլ կաջակցի իրեն:
Ո՞վ կհաղթի այս ընտրությունում՝ քրեական հեղինակությո՞ւնը, թե՞ կառավարական կապերը՝ պարզ կդառնա ընտրության օրը:



