Artsakhpress.am-ը գրում է.

Մոտ կես դար առաջ` 1966թ-ին, Արցախը ցնցվել էր ադրբեջանցի ստահակ Արշադի կողմից ազգային հողի վրա կատարված 2-րդ դասարանի աշակերտ Նելսոն Մովսիսյանի դաժան սպանությունից:

Ու թեև այս ընթացքում պատմական կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, բայց տարօրինակ զուգադիպությամբ Ստեփանակերտում հայ երեխայի սպանության համար կրկին թուրք է դատվում... Արցախում թարմացել են տարիներ առաջ կատարված այդօրինակ ոճրագործության տխուր հիշողությունները:

«Արցախպրես»-ն որոշ կրճատումներով ձեր ուշադրությանն է ներկայացնում 1966թ-ի քրեական գործի վերաբերյալ լրագրող Սլավա Մոսունցի «Մազից կախված կյանք» խորագրով հոդվածը, որը լույս է տեսել 2005թ-ին՝ «Ակունք» թերթի 3-րդ համարում:

Տարվա հարյուրավոր դեպքերից մեկը ավարտվեց ծանր ողբերգությունների շարանով: Խոսքը 1966-ին իրագործված այն դաժան սպանության մասին է, որի դատավարությունը 1967-ի հոկտեմբերի 7-ին ավարտվեց արյունալի ըմբոստացումներով ու նոր բանտարկությունների ալիքով:

Ահա ինչ է պատմում այդ տարիներին իրագործված ոճրագործության մասին վերը հիշված դատական նիստի հասարակական մեղադրող, հետագայում կուսմարզկոմի բաժնի վարիչ, այնուհետև ԼՂ մարզսպառողական միության վարչության նախագահ Լևոն Մարդիի Աղամյանը: Նրա անձնական արխիվում բավականին հարուստ նյութեր կան 1960-1980-ական թվերի քաղաքական անցքերի ու դեմքերի մասին:

-1966 թ. սեպտեմբերին, երբ խաղողաքաղի առաջին օրերն էին, ԼՂ Մարտունու շրջանի Կուրապատկինո գյուղում դաժանորեն սպանվեց 2-րդ դասարանցի Նելսոն Բենիկի Մովսիսյանը, որի հայրը սովխոզի գլխավոր գյուղատնտեսն էր: Ծննդով Ղզղալա գյուղից էր (այժմ Բերդաշեն), ընտանիքով ապրում էին Կուրապատկինո տեղամասում: Ոճրագործ Արշադի հայրը ժամանակին մուսավաթական էր եղել ու շատ հայերի գլուխ էր կերել, որի համար բանտարկվել էր 1930-ական թվերին: Մոր կարծիքով ամուսնուն բանտարկել են հայերի մատնությամբ: Այդ տրամաբանությամբ որդուն վրեժխնդրության է մղել: Այդ փաստը շատերին էր հայտնի: Հայտնի էր, որ Արշադի ձեռքով է անցել սովխոզի նախկին գլխավոր գյուղատնտես, Բենիկի արյունակից Գրիշա Սողոմոնյանի սպանությունը: Այդ մասին գիտեր և Բենիկը, որը մտերիմների շրջանում ակնարկել էր այդ մասին:

Մինչև երեխայի սպանությունը Արշադը առևրևույթ Բենիկի հետ ընկերություն ուներ: Իրար հյուր էին գնում: Երբեմն միասին՝ ընտանիքներով այցելում էին Բենիկի ծննդավայրը՝ Ղզղալա: Սակայն այդ կարգի մոտիկությունը անվտանգության երաշխիք չուներ: Ոխակալ թուրքի համար միևնույն է, թե ով է հերթական զոհը. մտերի՞մը, թե՞ անծանոթը: Միայն հայ լինի: Միայն սիրտը հովացնի հայի արյուն թափելով:

Երեխան դպրոցից տուն էր դարձել, իր ձեռքով ճաշը տաքացրել ուկերել: Դասերը սովորել էր ու հեծանվով դուրս եկել գյուղամեջ, որտեղ նրա հասակակիցներն էին խաղում: Հենց այդ օրվա ետկեսօրին անհայտանում է Նելսոնը...

Օրը շաբաթ էր: Բենիկը ընտանիքով պիտի գնար ծննդավայր: Երեխային որոնեցին ու չգտան: Ահազանգեցին, այս ու այն կողմ ընկան: Չկար ու չկար: Մի ամբողջ գիշեր պատրույգներ (մաշալլա) վառած, սար ու ձոր ընկած որոնում էին Նելսոնին: Ապարդյուն:

Հաջորդ օրը խաղողագործ Էմմա Սաֆարյանը քրոջ հետ գնում է խաղողենու իր մշակելիք հեկտարը, ու ... թզենու տակ, ուր քյահրիզի լքված ջրհոր կար, հայտնաբերում տղայի խոշտանգված դիակը: Տեսածից Էմման ուշաթափվում ու ընկնում է: Իրավապահ մարմիններն սկսում են որոնումները: Հետաքննությունը վարում է շրջդատախազ Սերգեյ Եղիշեի Հակոբյանը ( ծննդով՝ Նախիջևանի կողմից): Երեխայի հուղարկավորման ժամանակ հայրը՝ Բենիկ Մովսիսյանը, հայտարարում է, որ որդուն սպանել է Արշադ Մամեդովը: Արշադը փախչում է գյուղից: Երրորդ օրը կալանում են մարդասպանին, այնուհետև՝ սպանությանը մասնակից պահակ Ալամշադին ու վարորդ Զոհրաբին:

Դատավարությունը սկսվում է 1967-ի մարտին: Այն վարում էր մարզային դատարանի նախագահի տեղակալ Ռոզա Բաբաջայանը, ժողատենակալներ Աբգար Աթաջանյանը ( ԴՕՍԱԱՖ-ի նախագահ, պատերազմի մասնակից) և ուսուցչուհի Արաքսյա Միրզոյանը: Պետական մեղադրողն էր Ապրես Թովմասյանը (կուսմարզկոմի առաջին քարտուղար Գ. Մելքումյանի քենակալը):

Դատապաշտպանները Բաքվից հրավիրված ադրբեջանցիներ էին: Դատական նիստերն ընթանում էին մարզդատարանի նեղլիկ դահլիճում: Երկու շաբթից հետո մեղադրյալների բացարկով փոխվում է դատավորը: Դատավարությունը վստահվում է ԱԴՐ. ՍՍՀ քրեական գործերի կոլեգիայի անդամ Ռազակովին ( ազգությամբ՝ լեզգի):

Մեղադրյալները փորձում են հրաժարվել իրենց նախնական ցուցմունքներից: Արշադի կինը հիստերիաներ է ստեղծում, ահաբեկում վկաներին, հայտարարում, որ իր ամուսնուն կազատի՝ որքան էլ ոսկի պահանջվի դրա համար: Ապացուցվում է, որ երեխայի աչքերը հանել են սպանելուց մի քանի ժամ հետո, երբ ենթադրել են, որ մահացածի աչքերի մեջ կարող է մնացած լինել սպանությունն իրագործողի պատկերը... Ոչ մեկը չէր կասկածում, որ գնդակահարությունը անխուսափելի է: Ազգայնական հողի վրա իրագործված առավել դաժան սպանությունը պատժի այլընտրանք չուներ, մանավանդ՝ երբ դպրոցի տնօրենն է կազմակերպել իր աշակերտի գազանաբարո սպանությունը:

Եվ հանկարծ... Դատական վճիռը ընթերցելու համար դատավոր Ռազակովը նախընտրում է Մ. Ազիզբեկովի անվան քաղաքային զբոսայգու ամառային կինոթատրոնի դահլիճը՝ Ինչո՞ւ: Դժվար է միանշանակ պատասխանել: Բաքվից ուղարկված հատուկ պահակախմբի հսկողությամբ ու ուղեկցությամբ մեղապարտներին հասցնում են ամառային բացօդյա դահլիճ: Պահակախմբի ավագն էր ծննդով Մարտունու շրջանի Ննգի գյուղից, բաքվաբնակ Սերգեյ Սարգսյանը: Հուլիսի 7-ին, որը միաժամանակ ԼՂ ինքնավարության կազմավորման օրն էր, զբոսայգին մարդաշատ էր: Եղածին գումարվել էին դատարանի վճռին սպասող երկու կողմի հարյուրավոր հարազատներ, համագյուղացիներ ու հետաքրքրասերներ: Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: «Черный вор» կոչված մեքենան սպասում էր մեղապարտներին: Բոլորը շունչները պահած լսում էին դատավորի վճիռը, սպասում արդար վճռի՝ մահապատիժ: Միայն: Չէ՞ որ ամեն ինչ ապացուցված էր: Եվ ահա այդ լարված պահին շիկացած մթնոլորտում հնչում է Ռազակովի դատավճիռը. -Արշադ Մամեդովին՝ 15 տարվա, Ալամշադ անունով պահակին՝ 12 տարվա ազատազրկում, ավտովարորդ Զոհրաբին ազատել դատարանի դահլիճից... Դատավորը ընթերցում է, գործը ավարտած համարելով դուրս է գալիս դահլիճից:

Դատավճռի ընթերցումից հետո տիրում է մի ապշահար լռություն, որին հետևում է հրդեհի բռնկումը: Առաջինը Բենիկն է նետվում իր որդուն գազանաբար սպանողի վրա: Խփում է, խեղդում է: Որդեկորույս հայրը որքան մարդասպանի, դրա կրկնակին էլ՝ դատավճռի դեմ էր ծառս եղել: Գժվել էր: Չգիտեր իր անելիքը: Ինձ այնպես էր թվում, որ Բենիկի վարքը ոչ այնքան ուրիշին սպանելու փորձ էր, որքան ինքնասպանության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել