Եռյակի նոյեմբերի 7-ի նախապես հայատարարված հանրահավաքը, ըստ ամենայնի, տեղի չի ունենա: Սպասվելիք հանրահավաքին մնացել է ընդամենը երկու օր, իսկ ընդդիմադիր թևի կողմից ոչ մի նախապատրաստական քայլ չի արվում (դա ևս մի միջոց է, որպեսզի իրենց տակտիկան չբացահայտվի):
Եռյակը, էյֆորիկ կոլափսի մեջ ընկած, միանգամից հաղորդագրություններ տարածեց ու հրապարակավ ներկայացրեց իր հանրահավաքներ անցկացնելու գրաֆիկը (հոկտեմբերի 31, նոյեմբերի 7,14), որն ի դեպ տպավորիչ էր, սակայն երկրորդ ուրբաթն է՝ մենք տեսնում ենք դատարկ հրապարակ և պասիվ Եռյակ:
Հետաքրքրականն այն է, որ ոչ իշխանական ուժերի կողմից այս հարցի վերաբերյալ ոչ մի պարզաբանումներ ու հայտարարություններ չկան, ինչն ավելի է խորացնում կասկածները, որ սա իրականում ոչ թե արհեստական, այլ հարկադրված թայմաութ է:
Եռյակը փորձում է իմիտացիա ստեղծել, թե իբր լուրջ քաղաքական գործընթացների ու նախապատրաստական խիստ զբաղված գրաֆիկի պատճառով են հետաձգվում հանրահավաքները, սակայն իրականությունն ավելի պարզ է, քանի որ ԲՀԿ-ն ունի 49 տարածքային կառույցներ, որոնք ձեռքի թեթև շարժումով դառնալու են «համազգային շարժման» շտաբներ, տեղի է ունենալու «տրաֆարետային» փոփոխություն, և ժամանակային որևէ ավելորդ կորուստ չի լինի:
Եռյակի այս անորոշ քաղաքականությունը հանգեցնում է ոչ թե իրավիճակի սրացմանն ու թեժացմանը, այլ բթացմանը:



