1in.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, արդեն երրորդ տարին է՝ Հայաստանում գործող 34 մասնավոր բուհեր ընդունվելու համար դիմորդները քննություններ են հանձնում միասնական համակարգով: Այս կարգը սահմանող կառավարության համապատասխան որոշման հետևանքով մասնավոր բուհեր ընդունվողների թիվը վերջին երեք տարիներին շեշտակի նվազեց՝ գրեթե 90 տոկոսով: Ամենացածր ցուցանիշը գրանցվեց այս տարի՝ դիմորդների 12 հազար կազմող ընդհանուր թվի պարագայում ոչ պետական բուհեր է դիմել ընդամենը 20 դիմորդ:

Պետական բուհերում վերջին տարիներին ավելացվեցին հեռակա ուսուցման տեղերը և քիչ միավորներ հավաքածներին կամ դուրս մնացածներին այժմ առաջարկվում է սովորել այնտեղ:

Գաղտնիք չէ, որ պետական բուհերի հեռակա բաժին ընդունվելն ու սովորելն ավելի հեշտ է, սակայն դա չի կարելի որակյալ կրթություն անվանել: Հայտնի է նաև, որ ոչ պետական բուհեր են ընդունվում այն ուսանողները, որոնք չեն կարողանում համապատասխան միավորներ հավաքել: Այսպիսով՝ պետությունը նրանց հիմնականում տեղավորեց պետական բուհերի հեռակա բաժիններում:

«Պետությունը սկսեց վարել քաղաքականություն մասնավոր բուհերի դեմ, որը բառացիորեն նշանակում է՝ ամեն ինչ անել, որ մասնավոր բուհերի դիմորդների քանակը պակասի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ժամանակ առաջ ասել էր «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը՝ հավելելով. «Կառավարության որոշումը հակասահմանադրական է, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտի իրավունքների կոպիտ խախտում է, հաշվի չի առնվում այն, որ ըստ կանոնակարգի՝ ընդունելությունը կատարում է ինքը՝ բուհը»:

Խորհրդարանում «Առաջին լրատվական»-ի հարցին, թե այն, որ քաղաքականությունը չի փոխվում մասնավոր բուհերի հետ կապված՝ նշանակո՞ւմ է, որ պետությունը տանում է դրանք փակելու քաղաքականություն, կրության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց. «Մենք չենք տարբերակում բուհերը մասնավորի և պետականի, մայր բուհի, կրթության որակի տեսակետից բոլորին մենք ունենք նույն պահանջները և այդ պահանջները մենք չէ, որ հորինել ենք: Այդ պահանջները եվրոպական բարձրագույն կրթական տարածքի պահանջներն են, որոնք որակի ապահովում են երաշխավորում տվյալ երկրի բուհերի դիպլոմների փոխճանաչման հարցը: Եթե մենք ուզում ենք շարունակել մնալ երկիր, որն արտադրել է դիպլոմներ, որոնց որակը համարժեք և համապատասխան չի եղել գիտելիքի այն մակարդակին, որը տրվել է, ես այդ տեսակետին չեմ»:

Քանի որ այս տարի 20 ուսանող է ընդունվել 34 մասնավոր բուհեր, նախարարին հարցրինք, թե սա նշանակո՞ւմ է, որ, ըստ կրթության նախարարության, ոչ պետական բուհերը որևէ չափանիշների չեն համապատասխանում: «Եթե 20 ուսանող է ընդունվում 34 մասնավոր բուհ, ապա կներեք, դա իմ մտահոգվելու խնդիրը չէ, որովհետև ես, որպես նախարար, պետք է խրախուսեմ մրցակցություն»,- հայտարարեց Աշոտյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել