Հանրակրթական դպրոցներում Կրոնի պատմություն առարկայի դասավանդման շուրջ ծավալվող բանավեճը նույնքան արհեստական բնույթ ունի, որքան այդ օրենքը ընդունելը։ Ի՞նչ է նշանակում աշխարհիկ պետության հանրակրթարաններում դասավանդել կրոնի պատմություն առարկան։ Մեղմ ասած, ծիծաղելի է…
Ծիծաղելի է ոչ այն պատճառով, որ կրոնը կամ հոգևոր արժեքները մերժելի են, այլ այն պատճառով, որ նմանատիպ որոշում է ընդունում մի երկրի կառավարություն, որը տարատեսակ միջազգային պարտավորություններ է ստանձնել տարբեր միջազգային կառույցներում։ Ավելին՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է քաղաքացիների մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը։ Նույնիսկ ՄԻԵԴ-ի կողմից նախադեպային որոշումներ կան կայացված այն պետությունների նկատմամբ, որոնք նմանատիպ օրինագծեր են ընդունել։ 
Եթե ՀՀ Կառավարությունն ուզում է ամեն գնով հանրակրթարաններին պարտադրել այդ առարկայի դասավանդումը, ապա խնդրի լուծումն այս պարագայում առավել քան պարզ է. ընդամենը հարկավոր է հրաժարվել միջազգային ատյաններում ստանձնած պարտավորություններից և փոփոխել Սահմանադրական համապատասխան դրույթները։ Հակառակ դեպքում այդ օրինագծով ՀՀ Կառավարությունը ուղղակիորեն խթանելու է ՄԻԵԴ-ի կողմից ԸՆԴԴԵՄ ՀՀ-ի կայացվող որոշումների ավելացմումը։ 
Ավելացնեմ նաև, որ խնդիրը նրանում չէ, թե որքանով են ինձ համար ընդունելի խնդրի նկատմամբ այս կամ այն մոտեցումները, պարզապես ինձ համար անհասկանալի է, թե ինչպիսի՞ սկզբունքներով են առաջնորդվում այն պաշտոնյաները, ովքեր դեմք լուրջ արտահայտությամբ խոսում են տվյալ նախաձեռնության մասին։ 
Հ.Գ. Եթե իրականում Արմեն Աշոտյանն ազնիվ մղումներով է նմանատիպ որոշում կայացրել, ինչին ես չեմ հավատում, ապա դրա փոխարեն ընդամենը հարկավոր է նպաստել հասարակության շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակության բարձրացմանը։ Թե չէ ուզում ե՞ք օրենք ընդունեք, որ բոլոր քաղաքացիները պետք է «Աստվածաշունչը գրկած քնեն», միևնույն է, կրկին բախվելու եք ցավալի իրականության հետ և դրան գումարած, հերթական անգամ, խախտելու եք սահմանադրությամբ ամրագրված նորմերը։ Եվ թե Սահմանադրության խախտման պարագայում անպատիժ եք մնում, ապա միջազգային պարտավորությունները խախտելու համար պատժվելու եք և զգալի վնասներ եք հասցնելու ՀՀ միջազգային հեղինակությանն ու պետական բյուջեին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել