Tert.am-ը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵՄ-ի՝ Հայաստանին անհատույց ՝մինչև 140-170 միլիոն եվրո հատկացմանը, նշել է. «... նոր եվրահանձնաժողովականների մոտ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը ոչ թե մարել է, այլ հակառակը՝ պահպանել է իր կարևորությունը, ինչի վկայությունն է նաև Ձեր մատնանշած փաստաթուղթը»: Իսկ խոսելով ազգային շահերի մասին ընդգծել. «Մենք սպասարկում եք միայն սեփական ազգային ու պետական շահերը մեր արտաքին հարաբերություններում՝ այն համադրելի դարձնելով մեր գործընկերների մոտեցումների հետ: Եվ այս համատեքստում պետք է հստակ հասկանալ, որ ՀՀ-ի համար բոլոր երկրները, բացի ԼՂՀ-ից արտերկիր են և բոլոր լեզուները ՝ բացի հայերենից, օտար են: Հայաստանում միակ պետական լեզուն հայերենն է, մնացած բոլոր լեզուները օտար են և հայերի միակ հայրենիքը ՀՀ-ն է գումարած ԼՂՀ-ն, իսկ մնացած երկրները արտերկիր են»:
-Բրյուսելում ստորագրվել է ԵՄ կողմից 2014-2017թթ. Հայաստանին տրամադրվելիք աջակցության վերաբերյալ փաստաթուղթ, որով ԵՄ-ն 2014-2017թթ. Հայաստանին կհատկացնի շուրջ 140-170 մլն եվրո ՝ կողմերի միջև նախկինում համաձայնեցված երեք ուղղություններով բարեփոխումներ իրականացնելու համար: Սրա մասին նախկինում էլի խոսվում էր, այսուհանդերձ, ինչ-որ քաղաքական շեշտադրումներ տեսնու՞մ եք:
-Բացառիկ քաղաքական շեշտադրումը Հայաստանի արտաքին քաղաքականության վերջին զարգացումների ընթացքում հետևյալն է. Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը տանելով իր սեփական շահին համապատասխան՝ հետաքրքիր գործընկեր է մնում բոլոր հիմնական խաղացողների համար և շարունակելու է այդպիսին մնալ, քանզի բացի մեր տարածաշրջանում ընթացիկ քաղաքական շահերից, դրանք նաև երկարաժամկետ համագործակցության և ռազմավարական նշանակության գործընկերային հարաբերություններ են աշխարհի տարբեր ուժեղագույն բևեռների հետ: Մենք միշտ ասել ենք ու ասելու ենք, որ Եվրամիություն-Հայաստան հարաբերություններն ունեն կարևորագույն նշանակություն, հատկապես, որ Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների օրակարգը նոր հստակեցումներից ու մշակումներից հետո արտացոլելու է երկու կողմերի շահերն ու արժեքները: Հայաստանի կողմից դրանք, իհարկե, քաղաքական, քաղաքացիական ոլորտին վերաբերող բարեփոխումներն են այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների միջոցով, տնտեսական բլոկի բարեփոխումները, հակակոռուպցիոն պայքարը, մարդու իրավունքներին վերաբերող հարցերը և այլն:
-Պարո՛ն Աշոտյան, ի վերջո, ե՞րբ կստորագրվի այն նոր որակական փաստաթուղթը, որի մասին խոսվում էր, որ պետք է ինչ-որ չափով փոխարիներ Ասոցացման համաձայնագրին, որովհետև Հայաստանում ԵՄ դեսպանների մակարդակով ասվում էր միայն, դեռ մինչև Մինսկը, որ կսպասեն, կտեսնեն՝ Հայաստանն ի՞նչ պարտավորություններ պետք է ստանձնի ԵՏՄ-ին անդամակցելով:
-Իհարկե, հաշվի առնելով ԵՏՄ-ին միանալու մեր որոշումը, ստորագրված համաձայնագիրը և վավերացման այն գործընթացը, որ մենք պետք է անցնենք, կարևոր է, որպեսզի մեր արտաքին քաղաքական գործընկերների հետ տարվող հարաբերությունները համադրելի լինեն և կառուցվեն շահերի համադրելիության սկզբունքով և համընկնեն Հայաստանի շահին, ինչն ամենակարևորն է: Եվ այս հարցը քննարկելիս խնդրում եմ հաշվի առեք, որ նոր Եվրահանձնաժողովը իր մանդատը ստացել է նոյեմբերի 1-ից, և որ նոր եվրախորհրդարան է աշխատում: Հետևաբար ակնհայտ է, որ ԵՄ նոր իշխանությունների հետ աշխատանքի մեխանիզմների, ինստիտուտների, մարդկային փոխհարաբերությունների ձևավորման որոշակի փուլ պետք է անցնել:
Այս տեսակետից ուզում եմ հատուկ շեշտել, որ նոր եվրահանձնաժողովականների մոտ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ոչ թե մարել է, այլ հակառակը՝ պահպանել է իր կարևորությունը, ինչի վկայությունն է նաև Ձեր մատնանշած փաստաթուղթը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



