
Հարցն ուղարկել է Լիլիթը՝ 33 տարեկան.
Բարև Ձեզ, ինչպե՞ս կարող եմ ընկերանալ նախկին ամուսնուս հետ, ով ինքն է թողել ընտանիքը ու գնացել ուրիշ կնոջ մոտ։ Մեր հարաբերությունները հիմա էլ հարթ են, ու յուրաքանչյուրս ապրում է ուրիշի հետ։ Կարելի՞ է արդյոք հարաբերությունները կարգավորել այնպես, որպեսզի մենք խորհրդակցենք ու օգնենք միմյանց։
Պատասխանում է հոգեբանը.
Հարգելի Լիլիթ, բավականին հետաքրքիր հարց է։ Եթե դուք Ձեր նախկին ամուսնուց ունեք երեխաներ, ապա ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է, որպեսզի Ձեր մեջ անգամ ամուսնալուծությունից հետո պահպանվեն բարիդրացիական ու հարգալից հարաբերություններ, թեկուզ միայն հանուն երեխաների։ Երեխաները, առհասարակ, շատ ծանր են տանում ծնողների ապահարզանը, ու որքան ավելի ցայտուն է այդ բաժանումն արտահայտվում, այնքան ավելի բարդ է առաջին հերթին երեխաների համար։ Շատ դեպքերում երեխաները ենթագիտակցորեն հենց իրենց են մեղադրում նրանում, որ մայրիկն ու հայրիկն էլ իրար հետ չեն ու իրար չեն սիրում։ Ուստի եթե կա համատեղ երեխաների գործոն, առնվազն Ձեր ծնողական պարտքից ելնելով՝ դուք պետք է պահպանեք գոնե այնպիսի հարաբերություններ, որտեղ տեղ ունենա երկուստեք հարգանքը և հնարավորինս բացառվի երեխայի/երեխաների գործոնի մանիպուլյացիան ձեր հարաբերություններում։
Սա անկախ նրանից, թե որքանով դուք կընկերանաք և որքանով կսահմանափակվեք հարգանքի ու բարեհամբույրության վրա հիմնված, բայց նեյտրալ կամ, ինչպես ինքներդ էիք նշել, «հարթ» հարաբերություններով։ Ինչ վերաբերում է ընկերանալուն և մտերմիկության այնպիսի աստիճանին հասնելուն, որի ժամանակ դուք իրար կօգնեք ու կխորհրդակցեք միմյանց հետ, ապա դա արդեն ավելի բարդ հարց է, առավել ևս, եթե ձեզանից ինչ-որ մեկը կամ երկուսդ էլ նոր կյանք եք սկսել՝ այլ մարդկանց հետ։ Նախ, փորձեք հասկանալ, թե որքանո՞վ է նպատակահարմար ձեր ՆԱԽԿԻՆ ամուսնու հետ նման մտերմիկ հարաբերություններ ունենալ. ի՞նչ եք ուզում ստանալ նման մտերմությունից, ինչո՞ւ, ինչո՞ւ հենց նրանից, արդյո՞ք ձեր ակնկալածը զուտ ընկերությունն ու հոգեհարազատությունն է, և այնուհետև փորձեք պատասխանել նույն հարցին՝ նրա տեսակետից։
Եթե անկեղծորեն համարում եք, որ բոլոր այս հարցերին ունեք ազնիվ ու սպառող պատասխան, ընդ որում՝ երկուսիդ համար էլ, ապա իհարկե հնարավոր է ու իհարկե ցանկալի։ Սակայն կա մեկ այլ ԲԱՅՑ. ինչպե՞ս կվերաբերվեն դրան երկուսիդ նոր կողակիցները։ Սա իհարկե որոշիչ գործոն չէ որոշ դեպքերում, սակայն նոր զուգընկերոջ/զուգըկերուհու բացասական վերաբերմունքը նախկին ամուսինների մտերմությանը գործոն է, որը չի կարելի անտեսել։ Իհարկե, հնարավոր է, որ ձեր կողակիցները ևս դրան նորմալ վերաբերվեն, համենայն դեպս, ես դա չեմ բացառում, բայց պետք է, այնուամենայնիվ, հաշվի նստել այն պարզ իրողության հետ, որ հաճախ ոչինչ այդքան չի խանգարում նոր հարաբերությունների զարգացմանը այնքան, որքան հին հարաբերությունների արձագանքը։



