Տորոնտոյում բնակվող Լև Կիրիշչյանը մի իրական պատմություն գրեց, որում պատմում էր, թե ինչպես մի հայ լեյտենանտ 1943 թ.-ին Ստալինգրադում փրկեց գերմանացի զինվորի, իսկ 45 տարի անց՝ 1988 ճակատագրական իրադարձությունների ժամանակ, այդ զինվորի որդին փրկեց լեյտենանտի որդուն։ Հեղինակն իրական դեպքերի վրա հիմնված այդ  պատմվածքն անվանեց «Ամեն ինչ վերադառնում է»։ 

...1943 թ.-ի փետրվար, Ստալինգրադ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում առաջին անգամ Հիտլերի զորքերը սարսափելի պարտություն կրեցին։  Միլիոնավոր գերմանացի զինվորներ շրջափակման մեջ ընկան և իբրև գերի հանձնվեցին։ 30-40 աստիճան սառնամանիք էր, ճանապարհին հողատնակներ կային, որոնք ջեռուցվում էին, և որտեղ զինվորներին, այդ թվում՝ գերի հանձնվածներին, տաք ջուր էին տալիս։ Այդ սառնամանիքին փախուստի փորձ անելը հավասարազոր էր ինքնասպանության։

Լեյտենանտ Վահան Խաչատրյանը արդեն վաղուց էր կռվում։ Նա սովոր էր այն ամենին, ինչը սովորաբար պատերազմի անբաժան ուղեկիցն է։ Նա ընտելացել էր մահին, դրան արագ են ընտելանում։ Նա ընտելացել էր նաև ցրտին, ինչպես նաև սովի սննդի ու ռազմավարի պակասին։ Այնուամենայնիվ, դեռևս մնացել էր մի բան, որին Վահանը չէր հասցրել ընտելանալ ռազմաճակատում։ Մի անգամ հարևան զորագունդ ուղևորվելիս նա մի տարօրինակ տեսարանի ականատեսը դարձավ։ Ճամփեզրին մի գերմանացի գերի էր կանգնած, իսկ նրանից 10 մետր հեռավորության վրա՝ Խորհրդային բանակի սպա։ Սպան ժամանակ առ ժամանակ կրակում էր գերու ուղղությամբ։ Նման բան լեյտենանտը դեռ չէր տեսել։ Այսքան սառնասրտորեն սպանե՞լ անզեն մարդուն։ Լեյտենանտը մտքերի մեջ ընկավ, սակայն հերթական կրակոցը կտրեց նրա մտքի թելը։ Սպան այս անգամ էլ վրիպեց։

- Հեյ, - կանչեց լեյտենանտը, - այդ ի՞նչ  ես անում։

- Բարև, - հանգիստ պատասխանեց «դահիճը»։ Տղերքն ինձ «Walther» ատրճանակ են նվիրել, ես էլ որոշեցի գերմանացու վրա փորձարկել այն։ Կրակում, կրակում եմ, բայց ոչ մի կերպ փամփուշտը թիրախին չի հասնում։ Միանգամից երևում է, որ գերմանական զենք է. յուրայիններին չի դիպչում, - քմծիծաղով ասաց սպան ու նորից նշան բռնեց գերու վրա։  


Լեյտենանտն աստիճանաբար սկսեց ընկալել այդ ամենի ողջ ցինիզմը, նա ցասումից քարացավ։ Այդ ողջ ահուսարսափի, մարդկային վշտի, սառցե ավերածությունների մեջ այս սրիկան որոշել է «փորձարկել» ատրճանակը առանց այն էլ գրեթե անկենդան մարդու վրա։    Սպանե՞լ նրան ոչ թե պատերազմում, այլ հենց այնպես, օգտագործել մարդուն իբրև թիրա՞խ, իբրև պահածոյատուփի այլընտրա՞նք զուտ այն պատճառով, որ տվյալ պահին ձեռքի տակ պահածոյատուփ չկա։  Ով էլ որ նա լինի, ամեն դեպքում նա մարդ է, թեկուզ գերմանացի, թեկուզ ֆաշիստ, թեկուզ դեռևս երեկ թշնամի, որի հետ ստիպված էինք կատաղի մարտնչել։ Սակայն հիմա այդ մարդը գերի է, նրան երաշխավորել են կյանքի իրավունքը։ Չէ՞ որ մենք նրանք չենք, չէ՞ որ մենք ֆաշիստ չենք։ Ինչպե՞ս կարելի է առանց այն էլ գրեթե անկենդան մարդուն սպանել։
Իսկ գերին առաջվա պես անշարժ կանգնած էր։ Ըստ երևույթին նա արդեն հրաժեշտ էր տվել կյանքին, ոտքից գլուխ փայտացել էր և անհամբեր սպասում են, թե վերջապես երբ են նրան սպանելու։ Նրա շրթունքները ինչ-որ բան էին շշնջում։ Նրա դեմքին ո՛չ հուսահատություն, ո՛չ տանջանք, ո՛չ թախանձանք կա։ Անտարբեր դեմք ու շշնջացող շրթունքներ։ Մահվան սպասումի վերջին ակնթարթները...
Այդ պահին լեյտենանտը տեսավ, որ «դահիճը» կրում էր համբարակի (մատակարարման պետ) ուսադիրներ։ 
«Ախ դու ստահա՛կ, թիկունքային առնե՛տ, առանց գոնե մի մարտի մասնակցելու, առանց զազրելի խրամատներում ընկերներիդ մահը տեսնելու։ Ախր ինչպե՞ս ես համարձակվում, սրիկա՛, այդպես թքել ուրիշի կյանքի վրա, երբ ինքդ մահվան գինը չգիտես» - մտածեց լեյտենանտը։
— Տո՛ւր ինձ ատրճանակը, - հազիվ արտաբերեց նա։ 
— Ա՛ռ, դո՛ւ էլ փորձիր, - չնկատելով ճակատայինի հուզախռով վիճակը՝ համբարակը նրան մեկնեց ատրճանակը։
Լեյտենանտը վերցրեց ատրճանակը, գրողի ծոցը նետեց այն և այնպիսի ուժով հարվածեց համբարակին, որ վերջինս տնկավ՝ դեմքով մխրճվելով ձյան մեջ։ Որոշ ժամանակ քար լռություն տիրեց։ Լեյտենանտը լռելյայն կանգնել էր, իսկ գերին նախկինի պես շարունակում էր ինչ-որնբան շշնջալ։  Հանկարծ տարածքում հայտնվեց Խորհրդային բանակի М-1 ավտոմեքենան։ Լեյտենանտ Խաչատրյանը մտահոգվեց, որ իրեն կարող են մեղադրել ախոյան բանակի գերուն փրկելու համար զինակցին գետնի տապալելու մեջ։ Զորագնդի կոմիսարը դուրս եկավ մեքենայից ու հետաքրքրվեց, թե ինչ էր այնտեղ կատարվում։ Խաչատրյանը լուռ էր, փոխարենը համբարակը ուշքի եկավ ու բարբաջեց.

-  Ես այս ֆաշիստին էի կրակում, իսկ նա սկսեց պաշտպանել նրան, այո՛, պաշտպանեց այս ստահակ մարդասպանին։ Ինչպե՞ս կարելի է այս ֆաշիստ սրիկայի աչքի առաջ խորհրդային սպաի ծեծել։ Ես նրան ոչինչ չարեցի, անգամ  ատրճանակս տվեցի նրան։ Այն է, այնտեղ ընկած է։    

Լեյտենանտ Վահան Խաչատրյանը շարունակում էր լռել, իսկ կոմիսարը նրան հարցրեց. 
— Քանի՞ անգամ հարվածեցիր նրան։   
— Մեկ անգամ, - պատասխանեց լեյտենանտը։

— Դա նրան քիչ էր, լեյտենա՛նտ, պետք է այնքան հարվածեիր, մինչև սրա գլուխը մտներ, թե ինչ է պատերազմը։ Տարհանման կենտրո՛ն տար այս ֆրիցին, - կարգադրեց կոմիսարը։

Լեյտենանտը, գերու ձեռքը բռնած, նրա հետ տարհանման կենտրոն հասավ։ Գերին շարունակում էր ինչ-որ բան շշնջալ։ Տարհանման կենտրոնում լեյտենանտ Խաչատրյանը գերմաներեն հասկացող բուժքրոջը հարցրեց.

- Ի՞նչ է այս մարդը շարունակ շշնջում։   
— Հիմարություններ է դուրս տալիս մնացած բոլորի պես։ Ասում է «Ինչո՞ւ նք մենք իրար սպանում»։

Լեյտենանտը մոտեցավ գերուն ու շոյեց նրա շինելի թևքը։ Գերին անհաղորդ հայացքով նայում էր լեյտենանտին, և հանկարծ նրա աչքերից արցունքի երկու խոշոր կաթիլ հոսեց։  

...Տարիներ անցան։ Պատերազմն ավարտվեց։ Լեյտենանտ Խաչատրյանը շարունակեց զինվորական ծառայությունը։ Նա ծառայում էր հայրենի Հայաստանի սահմանապահ զորքերում։ Նա արդեն հասել էր գնդապետի աստիճանի և ժամանակ առ ժամանակ ընտանիքի անդամներին ու մտերիմներին պատմում էր գերու հետ կապված դիպվածը։  

1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում սարսափելի երկրաշարժ տեղի ունեցավ։ Մի քանի ակնթարթում բազում բնակավայրեր հողին հավասարվեցին, իսկ փլատակների տակ տասնյակ հազարավոր մարդիկ մահացան։ Խորհրդային Միության և արտասահմանի բազում բժիշկներ ժամանեցին Հայաստան՝ իրենց հայ գործընկերների հետ միիասին տուժածներին օգնելու։ Վահան Խաչատրյանի որդին՝ Անդրանիկը, վնասվածքաբան էր և ակտիվորեն մասնակցում էր աղետից տուժածներին փրկելու գործում։ Մի գիշեր այն հիվանդանոցի տնօրենը, որտեղ աշխատում էր Անդրանիկը, խնդրեց նրան գերմանացի գործընկերներին մեքենայով հյուրանոց հասցնել։ Խաչմերուկներից մեկում մի բեռնատար մեծ արագությամբ սլացավ Անդրանիկի մեքենայի ուղղությամբ։ Անդրանիկի հետևում նստած գերմանացի բժիշկը առաջինը կանխազգաց վաղահաս աղետը ու ողջ ուժով Անդրանիկին հրեց վարորդի տեղից դեպի կողքի նստատեղը և ձեռքով ծակեց նրա գլուխը։ Հենց այդ պահին էլ տեղի ունեցավ ավտովթարը։ Բարեբախտաբար, բոլորը ողջ մնացին։ Անդրանիկի կյանքը փրկած բժիշկը ձեռքի ու ուսի ծանր վնասվածք ստացավ և հիվանդանոց տեղափոխվեց։ Երբ այդ գերմանացի բժիշկը բուժվեց ու հիվանդանոցից դուրս գրվեց, Անդրանիկի հայրը իր տուն հրավիրեց նրան։ Կովկասյան ուրախ խնջույքից հետո նրանք բոլորով լուսանկարվեցին։ Մի ամիս անց բժիշկ Միլլերը վերադարձավ Գերմանիա, սակայն շուտով վերադարձավ գերմանացի բժիշկներից բաղացած նոր պատվիրակությամբ։ Ներ պատվիրակության մեջ մտնում էր նաև Միլլերի հայրը, ով հայտնիւ վիրաբույժ էր։ Անդրանիկի հայր Վահան Խաչատրյանն անձամբ գնաց օդանավակայան գերմանացի բժիշկներին  դիմավորելու։   
Երբ բժիշկ Միլլերի ուղեկցությամբ ինքնաթիռից դուրս եկավ մի միջահասակ ու տարեց մարդ, Վահանն անմիջապես ճանաչեց նրան։ Դա այն նույն գերին էր, ում տարիներ առաջ ինքն էր փրկվել։ Այն ժամանակ Վահան Խաչատրյանի հիշողության մեջ չէին տպավորվել գերու արտաքին տվյալները, սակայն Վահանը լավ էր հիշում նրա աչքերը։ Այդ գերմանացու հայացքը մեկընդմիշտ դրոշմվել էր Խաչատրյանի հիշողության մեջ։ Նախկին գերին դանդաղաքայլ մոտենում էր գնդապետ Խաչատրյանին, իսկ նա քարացել էր տեղում և չէր կարողանում շարժվել։

Ախր դա անհնար էր։ Նման պատահականություններ չեն լինում։ Կատարվածը տրամաբանությունից դուրս էր։ Իր կողմից ավելի քան 45 տարի առաջ փրկված մարդու որդին ավտովթարի ժամանակ փրկել էր իր որդուն։ Նախկին գերին ռուսերենով շշնջաց Վահանին.

Այս աշխարհում ամեն ինչ վերադառնում է։ 

— Ամեն ինչ վերադառնում է, — կրկնեց գնդապետը։  
Դրանից հետո այս երկու տարեց մարդիկ ջերմագին ողջագուրվեցին։ Ուղևորները չէին հասկանում, թե ինչ է կատարվում։ Նրանք չգիտեին, որ այս երկու մարդկանց միավորել էր մի ցրտաշունչ ստալինգրադյան օր։  Կամ գուցե նրանց միավորել էր մի ավելի նշանակալի բան, մի բան, որը միավորում է մարդկանց այս աշխարհում՝  չնայած պատերազմներին ու ավերածություններին, երկրաշարժերին ու աղետներին, միավորում է բոլորին ու մեկընդմիշտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել