Նոր մանրամասներ «օրենքով գող» Զապի առողջական վիճակի մասինShamshyan.com-ը գրում է․

«Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, այս պահին գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Նա նաեւ փոխանցեց, որ Ա. Սողոյանը կամ նրա պաշտպանը նրան դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու հարցով չեն դիմել: «Բացի այդ, նա այս օրերի ընթացքում առողջական ոչ մի գանգատով չի դիմել, ինչը ինքնին ենթադրում է, որ առողջականը լավ է»,- ավելացրեց Գոռ Ղլեչյանը: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Անդրանիկ Սողոյանը մի շարք առողջական խնդիրներ ունի: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբանը՝ Վահագն Մարտիրոսյանը: Հարցին, թե դա կարո՞ղ է ազդել կալանքի որոշման վրա, պատասխանել էր. «Գուցե: Չեմ կարող ասել, բայց ես բողոքարկելու եմ կալանքի որոշումը: Երեկ կերակրափողի խնդիր է ունեցել եւ եւս մի քանի հիվանդություններ ունի: Երեկ մինչև դատարան բերելը նրան տեղափոխել էին հիվանդանոց: Իսկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանքի սանկցիան տալուց հետո նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ»: Տեղեկացրել էինք նաեւ, որ մեր տեղեկություններով, ներկա պահին ճշտվում է Անդրանիկ Սողոյանի քաղաքացիության հարցը. եթե նա ՀՀ քաղաքացիություն ունենա, շատ հնարավոր է, որ Հայաստանում պատիժը կրի: Փաստաբանը, արձագանքելով այդ հանգամանքին, ասել էր. «Ես ընդամենը կարող եմ ասել, որ իմ պաշտպանյալը ՀՀ քաղաքացի է»: Մինչեւ այդ հոկտեմբերի 31-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից հատնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է նշված դատարան՝ Անդրանիկ Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ: Դատավոր Էդիկ Ավետիսյանը դռնփակ դատական նիստը ավարտելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել էր գլխավոր դատախազության միջնորդությունը, և Ա. Սողոյանը 30 օրով վերցվել է կալանքի: Դատավորը մերժել էր նաև գրավի դիմաց ազատ արձակելու նրա փաստաբանի միջնորդությունը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Ա. Սողոյանը դատարան էր բերվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության մեծ թվով աշխատակիցների և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների ուղեկցությամբ: Դատարանի բակում էին գտնվել նաև Ա. Սողոյանի ընկերները, ինչպես նաև հանցագործ աշխարհում քրեական հեղինակություններ, ովքեր հիմնականում արտասահմանյան մակնիշի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներով էին: Դատարանում ուժեղացված ծառայություն են կատարել դատական կարգադրիչները՝ ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանի գլխավորությամբ: Դատարանի բակում է կայանված եղել նաև Ա. Սողոյանին պատկանող Lexus մակնիշի 22 QQ 002 համարանիշի ավտոմեքենան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել