Սասունի քաղաքապետարանն ու Մարաթուկի շրջանի ավագանին հայտարարել են, թե ինչ պատճառով էր այս տարի արգելվել Սուրբ Աստվածածին եկեղեցու ուխտագնացությունն ու տոնակատարությունը, որին ավանդաբար մասնակցում են մեծ թվով հայեր: Այս մասին տեղեկացնում է Aykiridogrular թերթի հայազգի թղթակից Ջևաթ Սինեթը:

Թուրք ղեկավարները նշել են, թե «հայեր սադրանքի են դիմել` պարզելով Հայաստանի դրոշները»: Սասունի քաղաքապետարանն ու մոտակա գյուղերի ղեկավարներն այս «պատճառով» որոշել են չեղյալ հայտարարել ուխտագնացությունը, որը, ամեն դեպքում, կայացել է:

Թեև ներկայում թուրքական կողմը հայերի ուխտագնացություն արգելելու պատճառ է նշում Հայաստանի պարզած դրոշները, սակայն ավելի վաղ նշվում էր, թե ուխտագնացությունը համընկնում է մուսուլմանների սրբազան Ռամադան ամսվա հետ, դրա համար էլ չէր կարող անցկացվել:

Ուշագրավ է, որ ուխտագնացությունից մի քանի օր հետո անհայտ անձինք ամբողջովին քանդել էին եկեղեցու պատերից մեկը: Վերոհիշյալ հայտարարությունից արդեն պարզ է դառնում, թե ով է կանգնած հայկական եկեղեցու վրա հարձակման հետևում:

Նշեմ, որ «Սասունի հայերի միությունը» պատմական արժեք ներկայացնող եկեղեցին վնասելու կապակցությամբ թուրքական դատախազություն հայց է ներկայացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել