- Պատմեք մի փոքր Ձեր մասին:
Ունեմ երկու մասնագիտություն, տնտեսագետ և իրավաբան: Ամուսնացած եմ և ունենք մեկ հրաշք, Արփի անունով, ով 2 տարեկան է: Աշխատել սկսել եմ դեռևս ուսանողական տարիներից, երբ առաջին մասնագիտությունս էի ստանում: Սովորում էի տնտեսագետի մասնագիտությամբ, բայց աշխատում էի որպես իրավախորհրդատու: Դեռևս տնտեսագիտական ԲՈՒՀ-ում սովորելու ընթացքում շատ հետաքրքրված էի իրավունքի գիտությամբ: Տնտեսագիտական գրականությանը զուգահեռ, իսկ հաճախ նաև դրա փոխարեն, կարդում էի իրավունքի տեսության տարբեր դասագրքեր, օրենքներ ու մասնագիտական այլ գրականություն: Իսկ երբ ավարտեցի տնտեսագիտական ԲՈՒՀ-ը, ծառայեցի Զինված Ուժերում, ձեռնամուխ եղա իրավաբանի մասնագիտություն ստանալու գործին:
-Ո՞ր տարիքից եք սկսել աշխատել:
Ինչպես արդեն նշեցի աշխատել սկսել եմ ուսանողական տարիներից, 20 տարեկանից, աշխատում էի մասնավոր ընկերությունում: Որից հետո ավարտել եմ ԲՈՒՀ-ն ու անցել զինվորական պարտադիր ծառայության: Ծառայությունն ավարտելուց անմիջապես հետո, 23 տարեկանում, անցել եմ պետական աշխատանքի: Աշխատել եմ որպես դատական նիստերի քարտուղար, գրասենյակի մասնագետ ու տարիների ընթացքում հերթով անցնելով առաջխաղացման բուրգը, այսօր զբաղեցնում եմ վարչության պետի պաշտոն: Սկսել եմ պետական ծառայությունում ամենածացր պաշտոնից, քանի որ դատական նիստերի քարտուղարի պաշտոնը կրտսեր պաշտոնների խմբում է ընդգրկված, և արդեն 8 տարի է, որ աշխատում եմ պետական համակարգում:
-Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ տարիքից աշխատելու և ինքնուրույն վաստակելու փաստին:
Նկատի ունենալով, որ սկսել եմ աշխատել երիտասարդ տարիքից, կնշանակի, որ լավ եմ վերաբերվում: Երբեք չեմ դժգոհել, որ աշխատում եմ ու հնարավորինս վաստակում եմ:
-Աշխատանքի մեջ առաջ գնալու համար բոլո՞ր միջոցներն են Ձեզ համար ընդունելի:
Ես 8 տարում ամենացածրից հասել եմ վարչության պետի, ինչը բարձրագույններից է պետական կառավարման համակարգում: Զբաղեցծրածս պաշտոնն ընդգրկված է բարձրագույն խմբում: Յուրաքանչյուր առաջխաղացում ինձ համար եղել է անակնկալ, հաճելի առաջարկ: Բնականաբար եղել են նաև այնպիսի առաջարիներ, որոնք մերժել եմ ամենատարբեր պատճառներով: Կողմնակից եմ գնահատվածության շնորհիվ առաջխաղացման ձևին, այսինքն աշխատում ես չմտածելով այլ աշխատանքի մասին, իսկ երբ արդեն գնահատում են և ավելի բարձր աշխատանք առաջարկում, շոյվում ես:
-Հանրապետակա՞ն եք։
Ոչ, երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել: Ընդհանրապես քաղաքականությունը միշտ ինձ օտար եմ համարել: Բայց հիմա, աշխատելով Ազգային ժողովում, սկսել եմ քաղաքականության տեսական ուսումնասիրություններ անել: Ո՞վ գիտե, գուցե մի օր էլ որոշեմ քաղաքականությամբ զբաղվել:
-Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ կուսակցական կարիերիստներին:
Ընդհանրապես «կարիերիստ» եզրույթին, իր իսկական նշանակությամբ, վերաբերում եմ դրական, քանի որ համարում եմ, որ այն առաջխաղացման ձգտման անվանումն է: Իսկ երբ աշխատողը ձգտում է առաջ, ապա դրանից միայն իր կատարած աշխատանքն է շահում: Անշուշտ ասածս վերաբերում է բնական կամ օբյեկտիվ վիճակին, երբ գնահատվում ես որպես մասնագետ: Ինչպես գիտենք կան նաև այլ ճանապարհներ, որոնց մասին չեմ կարող կարծիք հայտնել, քանի որ ինձ խորթ են այդ ճանապարհները: Իսկ ընդհանուր առմամբ, վատ եմ վերաբերվում ցանկացած վատ երևույթի:
-Ի՞նչը կարող է լինել երիտասարդ խելացի երիտասարդի մոտիվացիան դառնալ կուսակցական։
Քաղաքականությամբ զբաղվելը: Ես լինելով իրավաբան, ով վերջին տարիներին մասնագիտացել է հանրային կապերի ոլորտում, անդամակցում եմ մի քանի մասնագիտական միավորումների: Ինչ վերաբերում է կուսակցությանը, ապա այն ևս միավորման ձև է, որտեղ միավորվում են քաղաքականությամբ զբաղվողները կամ զբաղվել ցանկացողները: Չմոռանանք, որ կուսակցությունն է այն բացառիկ միավորումը, որը կարող է մաս կազմել քաղաքական իշխանությանը:
-Իսկ ՀՀԿ-ական՞
Ասածս վերաբերում է բոլոր կուսակցություններին: Դեռ չեմ պատկերացնում, որ երբևէ կանդամակցեմ որևէ կուսակցության, բայց, ինչպես արդեն ասեցի, չեմ բացառում քաղաքականությամբ զբաղվելու ապագաս: Այդ ժամանակ էլ գուցե կուսակցական լինելու հարց քննարկեմ:
-Երիտասարդ տարիքից որպես չինովնիկ եք աշխատում։ Կարծում եք ձեր աշխատանքը ձեր հոգեկերտվածքի վրա շա՞տ է անդրադառնում։
Անդրադառնում է, բայց շատն ու քիչը չեմ կարող ասել: Մի բան հաստատ է, որ աշխատելով ամենատարբեր մարմիններում, դատարանից մինչև բանտային համակարգ, շատ չեմ փոխվել:
-Ե՞րբ եք գրանցվել ֆեյսբուքում, ի՞նչ նպատակով:
Ֆեյսբուքում գրանցվեցի 2009 թվականին: Այդ ժամանակ մեր երկրում նոր էր զարգանում սոցիալական մեդիան: Չեմ կարող կոնկրետ ասել, թե ինչ նպատակ եմ ունեցել, հավանաբար ընկերներիս գտնելու, շփվելու:

-Բացի Ֆեյսբուքից, ուրիշ ինչ սոցիալական ցանցերում էջ ունեք:
Հայտնիներից` Twitter—ում, Google Plus, Instagram: Գրանցված եմ նաև մի քանի խիստ մասնագիտական ցանցերում: Կարծում եմ` ամբողջությամբ բավարար է:
-Ֆեյք ունե՞ք:
Ունեմ:
-Իսկ եթե անկեղծ :)
Լավ, խոստովանում եմ, չունեմ:
-Ինչպե՞ս եք վերաբերվում ֆեյքերին:
Չեմ վերաբերվում, քանի դեռ չգիտեմ, թե ով է թաքնված դրա ետևում: Հենց իմանամ, նոր կկարողանամ որևէ կերպ վերաբերվել:
-Ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքական թեմաներով գրող ֆեյքերին:
Համարում եմ նորմալ երևույթ, քանի որ քարոզչական նպատակով կարելի է օգտագործել հանրայնացման ցանկացած գործիք: Բայց մի գլխավոր վերապահումով, որ այն երբեք չպետք է անցնի արժանապատվության սահմանները: Վերջերս, ցավոք, ֆեյք կոչվածները ունեն հիմնական մեկ նպատակ, վիրավորել անանուն:
-Ի՞նչ բնույթի գրառումների տակ է ամենաից հաճախ հայտնվում Արսեն Բաբայանի լայքը։
Ամենատարբեր: Հավանելու համար միայն մեկ գլխավոր պայման է գործում, գրառումը պետք է լինի օբյեկտիվ: Իհարկե սրա մեջ չեն մտնում հումորային գրառումները:
-Ձեր ո՞ր գրառումներն են ամենից շատ լայք հավաքում:
Երբեք նման վիճակագրություն չեմ իրականացրել:
-Լայքերը ձեզ ի՞նչ են տալիս։
Լայքերն ինձ համար միայն մեկ կարևոր հանգամանք են փաստում, որ կոնկրետ լայք անողը համաձայն է գրածս մտքին:
-Ֆեյսբուքով գործնական նամակագրություն վարո՞ւմ եք:
Ամեն օր, ամեն ժամ: Գործընկերներիս մոտ 90 տոկոսի հետ աշխատում եմ հենց ֆեյսբուքով: Վերջերս նկատեցի, որ սկսել եմ անգամ հեռախոսով շփվել միայն գրելով: Ձայնով քիչ եմ խոսում: Նույնիսկ մի դեպք եղավ, երբ չկարողացա պատասխանել ընկերոջս զանգին, քանի որ հանդիպման էի, բայց նույն պահին, երբ ֆեյսբուքով գրեց, պատասխանեցի: Նոր էի նշանակվել ԱԺ վարչության պետ: Ընկերս մինչ օրս կատակում է, թե պաշտոնս բարձրացնելուց հետո ինձ հետ հնարավոր է շփվել միայն ֆեյսբուքով:
-Ինչի՞ մասին երբեք չեք գրի Ֆեյսբուքում:
Անձնականի, նեղ անձնականի: Ոչ միայն ֆեյսբուքում չեմ գրի, այլ չեմ քննարկի որևէ մեկի հետ: Չեմ սիրում անձնական թեմաներով խոսել, քննարկել: Չեմ էլ սիրում լսել կամ կարդալ ուրիշների անձնական թեմաները:
-Երբևե ուտելիքի նկար տեղադրե՞լ եք Ֆեյսբուք:
Չեմ հիշում, կարծում եմ կլինի դեպք:
-Ինչպե՞ս եք վերաբերվում Ֆեյսբուքը ամուսնական գործակալության վերածած աղջիկներին և տղաներին:
Նորմալ, քանի որ ֆեյսբուքը վաղուց համարում եմ աշխատանքային գործիք: Հատկապես իմ գործում ֆեյսբուքը դեռևս անփոխարինելի գործիք է: Կարծում եմ, որ ձեր նշած խումբն էլ ձեր նշած նպատակով է ֆեյբուքն օգտագործում որպես գործիք:
-Եթե հնարավորություն ունենայիք Ցուկերբերգին առաջարկ անելու, ի՞նչ կառաջարկեիք:
Կառաջարկեի, որ այնպես փոխեր ծրագիրը, որ առանց իմ համաձայնության որևէ խմբում ինձ չընդգրեկեին:
-Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր աշխատանքի վերաբերյալ բացասական կարծիքներին:
Միշտ փորձում եմ այդ բացասականում, որը քննադատությունն է, գտնել օբյեկտիվը և վերացնել այդ թերությունը: Ես մշտապես կողմ եմ եղել առողջ քննադատությանն ու կառուցողական առաջարկներին: Շատ գործընկերներ կան, որոնց քննադատությունն օգնել է ինձ, որ կատարելագործեմ քննադատության առարկան:
-Ի՞նչը Ձեզ դուր չի գալիս այսօրվա լրատվական դաշտի մեջ և եթե այն փոխելու հնարավորություն ունենայիք, ինչը կփոխեիք:
Անպատասխանատվությունն աններելի է: Բայց ղեկավարվելով գործընկերային համերաշխության կոնոնով, չեմ շարունակի:
-Ձեր կարծիքով լրագրությունը սովորում են, թե լրագրող դառնում են տարիների աշխատանքային փորձի արդյունքում:
Կարծում եմ, որ բոլոր մասնագիտություններում դրանք պետք է լինեն միասին: Նախ սովորել, հետո հմտանալ:
-Ո՞ր հատկանիշներն եք կարևորում մարդու, ապա գործընկերոջ մեջ:
Ազնվությունն ու օբյեկտվիությունը: Մի քիչ էլ հումորի զգացումը:
-Ձեր գրառումներից կարելի է հասկանալ, որ սեր ունեք ժամանակակից տեխնիկայի հանդեպ: Apple թե՞ Samsung: Ինչո՞ւ:
Տեխնիկան իմ գլխավոր թուլություններից է: Իմ դեպքում երկուսը միասին, քանի որ երկուսից էլ հավասարաչափ օգտվում եմ:
-Գիտեմ, որ աֆորիզմներ եք գրում, կկիսվեք մի քանիսով:
Ֆեյսբուքյան էջումս կա: Կարող եք կարդալ :ճ

- Հասցնում եք բավարար ժամանակ տրամադրել Ձեր ընտանիքին և փոքրիկին:
Ամենացավոտ հարցն էր ինձ համար: Ցավոք` ոչ…
-Ի՞նչ փոխեց Ձեր կյանքում հայր դառնալը:
Հայրն դառնալն իմ կյանքում ոչինչ չփոխեց, հայրն դառնալն իմ կյանքն ամբողջությամբ փոխեց:

-Ի՞նչ ոճի երաժշտություն եք լսում:
Գրեթե ամեն ինչ, բացի ռաբիս կոչվածից: Շատ ավելի սիրում եմ ռոքը:
-Ձեր կարդացած վերջին գիրքը:
Արդեն կռահում եմ հաջորդ հարցը: Շատ վաղուց գեղարվեստական գիրք չեմ կարդացել: Չեմ էլ հիշում, թե որն էր վերջինը: Բայց, միանգամից ասեմ, որ չեմ հիշում ոչ թե այն պատճառով, որ դրանք շատ են, այլ պարզապես չեմ հիշում:
-Մասնակցեցիք ֆեյսբուքում վերջերս անցկացվող ֆլեշ-մոբերից որևէ մեկին:
Այս հարցն էլ հենց կռահել էի: Մասնակցել եմ միայն սելեկտիվ աբորտների թեմայով կազմակերպված ֆլեշ-մոբին, քանի որ դա միշտ եղել է ամենացավոտ խնդիրն ինձ համար: Ընդհանրապես ցանցային նման միջոցառումների չեմ մասնակցում:
-Հավատում էիք, որ ներկայացրած գրքերը բոլորը կարդացել էին, թե դա տարբեր երևալու մոլուցք էր:
Հավատում եմ, ընդհանրապես ինձ միշտ ուղեկցում է բոլորին հավատալու կանխավարկածը: Իրավունքում դրան ասում են հավաստիության կանխավարկած:
-Մեր նախորդ հյուրը Ձեզ հարց է ուղղել` Որն է ձեր ամենասիրած Ֆիլմը, որը նկարահանվել է Բոլիվուդում:
Հնդկական ֆիլմերը երբեք չեմ հավանել:
-Ի՞նչ հարց կուղղեք մեր խորագրի հաջորդ հյուրին:
Ո՞րն է հայի ամենամեծ տարբերությունը մյուս ազգերի նկատմամբ:
Արսեն Բաբայանի Facebook-յան հղումը՝ այստեղ, Բլոգնյուզ-յան գրառումները՝ այստեղ:



