Արտակարգ դրություն Ջրառատում. Հրազդան գետը հունից դուրս է եկելArmnewsTV.am-ը գրում է.

Ամեն ինչ տեղի է ունեցել հաշված վայրկյանների ընթացքում: Անսպասելի ջրի հոսքից ջրառատցիները ոչինչ փրկել չեն կարողացել: Պատճառը` Սևանից նախատեսածից մի քանի անգամ ավելի բաց թողած ջուրն է: Հրազդան գետը դուրս է եկել հունից և ջրի տակ թողել բառացիորեն ամեն ինչ:

Ջրի անսպասելի հոսքը առաջին հարվածը հասցրել է Հասմիկ տատին: Տունը մնացել է ջրի տակ: 75-ամյա թոշակառուն հասցրել է միայն հիվանդ ամուսնուն տանիք բարձրացնել: Իսկ ջուրը հողին է հավասարեցրել տարիների ձեռքբերածը: Հիմա ոչինչ չունի: Ոչ քնելու տեղ ունեն, ոչ էլ ապրելու համար պայմաններ: Տան կողքին երկու գոմերն են, դրանք էլ են ջրով լցվել: Հավերը, բադերն ու խոզերը սատկել են: Ջուրն այնքան վարար է եղել, որ վախեցել է տանիքից իջնել ու բացել գոմի դռները: Ջուրը փոշիացրել է նաև անասունների ձմեռվա համար նախատեսած կես տոնա կերը: Ջուրը քշել-տարել է նաև ջրառատցիների ձմեռվա պաշարը:

Այգիները ևս ծածկվել են ջրով: Իսկ բնակիչները չէին էլ հավաքել ոչ կարտոֆիլը, ոչ լոբին ոչ էլ կաղամբը: Վարկերը փակելու համար Տիկին Սիլվայի միակ հույսը կարտոֆիլն էր, որը դեռ չէր քանդել ու մնաց ջրի տակ: Սերմը գնել էր վարկով` 600 000 դրամ: Ջրի հոսքը քանդել է նաև ճաշասենյակի պատը: Նրանք, ովքեր հասցրել էին կարտոֆիլի մի մասը քանդել, չեն կարողացել դա էլ փրկել: Հորել էին, ջուրը բոլոր հորերը ևս ծածկել է: Վահագի 7 տոննա կարտոֆիլը հորերում մնացել է ջրի տակ, փտել է, նույնիսկ անասունները չեն ուտում: Խոնավացել ու փչացել է նաև ձմեռվա գնած խոտը: Դա էլ վարկով էր գնել` 370 հազար դրամ: Չգիտի` ինչ է անելու անասուններին ձմռանը: Եվ այսպես կողք կողքի բնակիչները կանգնած են կոտրած տաշտակի առաջ: Ջրի հոսքը ամեն ինչ է հողին հավասարեցրել:

Երեք օր է սպասում են, որ գոնե ինչ որ մեկը գա, տեղում ծանոթանա: Դեռ սպասում են: Ինչքա՞ն վնաս է հասցրել Սևանից չափից ավելի ջրի բացթողումը ջրառատցիների վրա: Ասում են` հաշվելն անհնար է: Մի քանի անգամ գյուղապետարան են գնացել, մի քանի հոգի էլ հասել են մարզպետարան, բայց ոչ մի արձագանք: Պարզվում է` սեպտեմբերի 28-ից մինչև հիմա փակ է գյուղապետարանի դուռը:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել