Newmag.am-ը գրում է․

Մարգըրեթ Աճեմյանը ծնվել է Նյու Յորքում: Ավարտել է Գուշեր քոլեջը: Բակալավրի կոչումը ստացել է Գոդդարտ համալսարանում: Նաև Բարնս համալսարանի շրջանավարտն է: Եղել է հեռուստատեսային վավերաֆիլմերի պրոդյուսեր, որպես դոցենտ դասախոսություններ է կարդացել Մետրոպոլիտեն Թանգարանում: Նաև հանրակրթական դպրոցում դասավանդել է Արվեստ: Զբաղվում է ձկնորսությամբ ու որսով: «Թակոց դռանը» նրա առաջին գիրքն է: Գիրքը, գոնե ամերիկացի ընթերցողների համար, գուցե հերթականը լիներ կամ նրա գովազդն աննկատ անցներ, եթե չլինեին թուրքերը:

Նյու Յորքի Երկրորդ պողոտայի վրա տեղաբաշխված «Բարս ընդ Նոբելս» հայտնի գրախանութում տեղի էր ունենում Մարգըրեթ Ահներթի գրքի շնորհանդեսը, երբ հանկարծ լսարանից հինգ մարդ վեր թռան տեղից ու սկսեցին բղավել. «Մարգըրե´թ, դու ստախոս ես, ցեղասպանություն չի եղել երբեք»: Հետո սկսեցին Հայոց ցեղասպանությունը ժխտող թռուցիկներ բաժանել: Մի քանի անգամ հանդարտվելու կոչերից հետո ցուցարարներին ձերբակալեցին: Հենց այդ օրը գրքի շնորհանդեսին ներկա էին Մարգըրեթի վաղեմի ընկերները` Նյու Յորքի նախկին նահանգապետ Հյու Քերին և Մանհեթենի գլխավոր դատախազ Ռոբերտ Մորգենթաուն: Նրանց միջամտությամբ էլ անկարգ թուրքերին ձերբակալեցին: Հաջորդ օրը պազվեց նրանց ինքնությունը: Կարգախախտների պարագլուխն էր 41-ամյա Էրդեմ Սահինը` թուրք ներգաղթյալ, որը բնակվելիս է եղել Լոնգ-Այլենդում: Մարգըրեթի հետ հարցազրույցը սկսեցի հենց այդ միջադեպից:

paperbackcover

-Գիտե՞ք, Արտակ, այդ միջադեպից հետո հասկացա, որ այդ շնորհանդեսը տապալելու փորձը և, ընդհանրապես, ցեղասպանության հերքումն ավելի վիրավորական է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Իհարկե, նրանց ձերբակալեցին և այդ մասին բոլոր թերթերը գրեցին, ինչը ավելի լավ գովազդ չէր կարող լինել իմ գրքի համար: Ձերբակալված անձնավորությանը հարցրել են, թե ինչի դեմ է բողոքում, ասել էր, որ, եթե Ֆրանսիայում դա լիներ (ցեղասպանությունը ժխտելը), իրեն կձերբակալեին: Այդ պատճառով որոշել էր օգտվել Ամերիկայում խոսքի ազատությունից: Ասել էր` դա անելու եմ, քանի դեռ Ամերիկայում այդ հնարավորությունը կա: Թուրքերն ագրեսիվ են և ես վստահ չեմ, որ նրանք չեն փորձի վնասել ինձ կամ կրկին խոչընդոտել: Չէ՞ որ հետապնդում են Թաներ Աքչամին: Չէ՞ որ սպանեցին Հրանտ Դինքին: Երբ հեռախոսով զրուցում էի Օրհան Փամուքի հետ, պատմեցի, թե ինչ է պատահել Նյու Յորքում, ասեց` «Բարի գալուստ հալածյալների ակումբ»:

-Գրքում Դուք նկարագրում եք, թե ինչպես, իմանալով, որ տաքսու վարորդը թուրք է, սարսափում եք և ինքնաբերաբար ձեռքը տանում պայուսակում գտնվող գազով աշխատող ինքնապաշտպանիչին: Կարծում եք, այդ զգացումը Ձեզ փոխանցվել է Ձեր ծնողների՞ց:

-Ճիշտ հակառակը: Երբ մայրիկիս հարցրի, թե ատո՞ւմ է թուրքերին, նա պարզ ու կտրուկ պատասխանեց` ո՛չ: Ես դա չէի կարողանում հասկանալ, որովհետև ես ատում էի և ահ ունեի թուրքերից, թեև ինձ հետ ոչինչ չի կատարվել: Դա ինձ համար անհասկանալի էր, բայց նա ի վիճակի էր առաջ գնալ, հաղթահարել սարսափը, ապրել իր կյանքը, ամեն ինչ թողնել հետևում և այդ պատմությունները փոխանցել ինձ: Երբ ես հանդիպեցի այդ թուրքին, սարսափած էի: Մտածում էի` ահա` թուրք է, հիմա կիմանա, որ հայ եմ: Ես վախ էի ապրում: Մեկ այլ թուրքի հետ հանդիպում էլ եմ նկարագրում գրքում:

citat

Հանուն արդարության պետք է նկատել, որ ոչ բոլոր թուրքերն են ազգայնամոլ ու վտանգավոր: Նյու Յորքի միջադեպից հետո հաջորդ օրը ես էլեկտրոնային նամակ ստացա Ավստրալիայում ապրող մի թուրքից: Հրաշալի նամակ էր: Այդ մարդը գրել էր. «Ցանկանում եմ Ձեզնից ներողություն խնդրել: Ոչ բոլոր թուրքերն են վատը: Ոչ բոլոր թուրքերն են ազգայնամոլ: Եվ ես գիտեմ, թե ինչ է պատահել հայերի հետ: Եվ ամեն օր աղոթում եմ զոհվածների համար»: Իհարկե, կան նաև լայնախոհ թուրքեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել