Panorama.am-ը գրում է․
Նախքան ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի մեկնարկը հայկական պատվիրակության անդամները այն որակում էին իբրև բավականին բարդ ու լարված, որի շրջանակում ադրբեջանական լոբբին կփորձի հերթական անգամ գլուխ բարձրացնել. այդպես էլ եղավ: Վեհաժողովում հակահայ տրամադրությունների, զեկույցների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ:
-Տիկին Զոհրաբյան, չնայած հայկական պատվիրակության գործադրած ջանքերին` թե Դուք ունեցած ելույթում, թե պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն իր ելույթում կոչ արեցիք ԵԽԽՎ պատգամավորներին չմտնել մի գործընթացի մեջ, որի հետևանքները խիստ վտանգավոր են լինելու ԼՂ-ի համար, վեհաժողովն այդուհանդերձ 41 կողմ և 74 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց հայկական պատվիրակության առաջարկը չնախախատրաստել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» խորագրով զեկույց: Որո՞նք են լինելու հետագա քայլերը:
-Իհարկե, մենք միամիտ չէինք և ելնելով այն մթնոլորտից, որ վերջին մեկ-երկու տարիներին տիրում էր ԵԽԽՎ-ում մեզ համար պարզ էր, որ ադրբեջանական լոբբին, որն այսօր դոմինանտ և գերակա ուժ է այս հարթակում կարողանալու էր անցկացնել այդ նախաձեռնությունը: Եվ պատահական չէ, որ քվեարկության ժամանակ դահլիճ էին բերվել ոչ միայն Ադրբեջանի կողմից վարձատրվող ԵԽԽՎ պատգամավորները, այլև Ադրբեջանի օգտին աշխատող եվրոպացի տարբեր փորձագետներ, լոբբիստներ: Մեկ բան ակնհայտ է` ընդունելով նման որոշում, քաղաքական հանձնաժողովին տալով մանդատ նախապատրաստել նման վերնագրով զեկույց ԵԽԽՎ-ն գերազանցել է իր մանդատը, որովհետև վեհաժողովը հակամարտություններով զբաղվելու մանդատ չունի և մենք մեր ելույթներում, այդ թվում և ես, հստակ նախանշել եմ այդ վտանգավոր հետևանքները, որ ունենալու է հնարավոր այս զեկույցը:
Բոլորս էլ հասկանում ենք, որ անկախ նրանից, թե ով է լինելու զեկուցողը, դա շատ պայմանական ֆիգուր է լինելու, որովհետև այդ զեկույցը վաղուց արդեն գրված է, ըստ էության զեկույցը գրվել է ոչ թե ԵԽԽՎ-ում, այլ գրվել է Լոնդոնում, Միլի մեջլիսի բլանկի վրա: Միանշանակ է լինելու զեկույցի հակահայ բովանդակությունը և այստեղ երկու կարծիք լինել չի կարող` անկախ նրանից, թե այսօր կամ վաղը ով կնշանակվի զեկուցող:
-Հաշվի առնելով վերջին շրջանում եվրոպական կառույցներում Ադրբեջանի հանդեպ բավականին կոշտ դիրքորոշումը որոշ փորձագետներ, այդ թվում և Ստեփան Սաֆարյանը երեկ տեսակետ հայտնեցին, թե այդ զեկույցը չի կարող ադրբեջանամետ լինել:
-Ես շատ հարգում եմ մեր փորձագետների տեսակետը, բայց ես խորհուրդ կտայի մարդկանց, ովքեր ԵԽԽՎ-ին ու մթնոլորտին ու խաղի կանոններին ծանոթ չեն, ովքեր չգիտեն, տեղյակ չեն կամ տեղեկացված չեն, որ ԵԽ-ն վաղուց արդեն վերածվել է Միլի մեջլիսի դուստր ձեռնարկության նման գնահատականներ չհնչեցնեն: Շատ հեշտ է կողքից դատողություններ անել, բայց ես ներսում տեսնում ես, թե իրականությունն ինչպիսին է, ապա առնվազն միամիտ կլիներ կարծել, որ այս զեկույցի բովանդակությունը կարող է չլինել Ադրբեջանի պաշտոնական տեսակետը: Ես պաշտոնապես, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ զեկույցը արտահայտելու է Ադրբեջանի պաշտոնական տեսակետը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ի վերջո, ինչպե՞ս կարող է զեկույցը լինել անկողմնակալ, եթե արդեն իսկ միայն դրա վերնագիրը` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» բավարար է հայտարարելու, որ այս կառույցը իր գնահատականներում կողմնակալ է և նման վերնագրով զեկույցը չի կարող լինել բալանսավորված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



