ArmnewsTV.am-ը գրում է.
Կարոլոս Պապուլիասը աշխարհի ամենատարեց նախագահներից մեկն է: Նա 85 տարեկան է և պառլամենտական Հունաստանը կառավարում է 2005 թվականից ի վեր: Արդեն երկրորդ անգամ է, որ Հունաստանի խորհրդարանը Կարոլոս Պապուլիասին նախագահ է ընտրում: Հունաստանի նախագահը Հայաստան է եկել պաշտոնական այցով եւ Սերժ Սարգսյանի հրավերով: Նա Հայաստանում կլինի 3 օր: Կհանդիպի Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահի ու Վարչապետի հետ: Առաջին անգամ Կարոլոս Պապուլիասը Հայաստան էր եկել 2007 թվականին, կրկին պաշտոնական այցով: Այդ ժամանակ հայ-հունական հարաբերությունների առանցքում տնտեսական, հատկապես տուրիզմի հարցերն էին: Մյուս խնդիրը Հայաստանի հետ անմիջական կապ չունեցող, բայց նաեւ Հայաստանին առնչվող հարց էր` Թուրքիայի եվրաանդամակցումը: Հունաստանի նախագահը հայտնի է իր հակաթուրքական հայտարարություններով: 2005 թվականին Հունաստանում` Հայաստանի Նախագահի հետ հանդիպմանը, հայտարարել էր, որ Թուրքիան բարդ հարեւան է Հայաստանի եւ Հունաստանի համար: 2011 թվականին Հայաստանի Նախագահին ընդունելիս Կարոլոս Պապուլիասը հայտարարեց, որ Թուրքիան անցյալում սպանդի է ենթարկել հայերին ու հույներին: Հենց նույն աթենքյան հանդիպման ժամանակ դեռեւս թարմ էր հայ-թուրքական արձանագրությունների, կամ ինչպես ընդունված է ասել` ֆուտբոլային դիվանագիտության գործընթացը: Այդ ժամանակ արդեն պարզ էր, որ Թուրքիան հետ է կանգնել իր իսկ ստորագրած փաստաթղթից: Հաշվի առնելով ընդհանուր անցյալն ու ընդհանուր ցավը, ինչպես անցած, այնպես էլ այս անգամ, Հունաստանի նախագահը նախ այցելում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Հունաստանը գրեթե միշտ Հայաստանի կողքին է: Հունաստանի խորհրդարանը մոտ մեկ ամիս առաջ ցեղասպանությունների ժխտման դեմ օրենք ընդունեց. այն քրեականացնում է նաև Հայոց ցեղասպանության ժխտումը: Հունաստանը երրորդ երկիրն է Եվրոպայում` Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որը Հայոց ցեղասպանությունը ժխտելը հակաօրինական է որակում:
Տեսանյութը՝ այստեղ



