«Լավագույն կաթնամթերք արտադրող» մրցանակը, որին սեպտեմբերի 27-ին արժանացավ «Աշտարակ կաթ» ընկերությունը, շուրջ 20 տարիների բարեխիղճ աշխատանքի գնահատականն է: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեց «Աշտարակ կաթ» ընկերության գործադիր տնօրեն Նարինե Բադանյանը:

«Այս մրցանակը «Աշտարակ կաթի» ընդհանուր գործունեության գնահատականն է։ Վարկանիշն ստացել ենք Gallup International սոցիոլոգիական ընկերության հետազոտությունների արդյունքում. մեզ համար էլ էր դա անակնկալ: Սա մեզ համար շատ բարձր պարգեւ է, որը մի կողմից շատ ուրախալի է, մյուս կողմից բարձրացնում է բնակչության հանդեպ մեր պատասխանատվությունը: Սա նաեւ այն բանի գնահատականն է, որ մեր գործունեության մեջ մենք առաջնային նպատակ ենք դարձրել արտադրանքի բարձր որակը պահպանելը»,-ասաց Նարինե Բադանյանը՝ նշելով, որ մրցանակը շարժիչ ուժ կլինի ընկերության ձեռքբերումները պահպանելու, ավելի բարեխղճորեն բնակչությանը կաթնամթերք  մատակարարելու գործում:

Ընկերությունը կաթնամթերքի արտադրությունը սկսել է 1995թ. Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի պանրի գործարանի հիմքի վրա: Ընդամենը 15 աշխատակցով՝ թթվասերի, կաթի, մածունի և 8 տեսակի պաղպաղակի արտադրությամբ իր գործունեությունն սկսած «Աշտարակ կաթ»-ը տարիների ընթացքում դարձել է ոլորտում լավագույններից մեկը:

Հիշեցնենք, որ Gallup International սոցիոլոգիական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը «Հանրային վարկանիշ» ընկերության պատվերով Հայաստանի ամբողջ տարածքում իրականացրել է սոցիոլոգիական հարցումների հետազոտական ծրագիր, որի արդյունքում «Աշտարակ կաթ»-ը Հայաստանում ճանաչվել է «Լավագույն կաթնամթերք արտադրողը», արժանացել «Գրան պրիի»: Ընկերությանը մրցանակը հանձել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ սեպտեմբերի 27-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել