Newmag.am-ը գրում է․
Խորհրդային դիվանագետներ Գեորգի և Կարինե Ղազինյանները Պորտուգալիայից վերադարձան Հայաստան` նախընտրելով ճանապարհ հարթողների դժվար ճակատագիրը: Դիվանագիտական դպրոց և ավանդույթներ չունեցող Հայաստանի 3-րդ Հանրապետությունն այդ ոլորտում ամեն-ինչ սկսելու էր զրոյից:
«Այժմ իսկապես հպարտ եմ, որ մենք վերադարձանք և խավարի ու ցրտի այդ դժվար տարիները հաղթահարեցինք մեծ նվիրումով ապրող ու պայքարող մեր երկրի հետ»:
Ժամանակին աշխարհի գրեթե երեք տասնյակ երկրներում աշխատող հայ դիվանագետներից միակ կին դեսպանը դիվանագետի իր կենսագրությունը սկսեց 22 տարեկանից: Մոզամբիկում ԽՍՀՄ դեսպանի օգնականն էր. այդ երկիր էր մեկնել ամուսնու՝ խորհրդային դիվանագիտական դպրոցի լավագույն ավանդույթներով կրթված, երիտասարդ, բայց հմուտ դիվանագետ Գեորգի Ղազինյանի հետ: Տիկին Ղազինյանը արտակարգ և լիազոր դեսպան է աշխատել նախ Ռումինիայում, ապա նաև Գերմանիայում: Այստեղ նրա ջանքերով շատ կարճ ժամանակում հայկական դեսպանությունն ունեցավ իր շենքը: Բեռլինի հայտնի թաղամասերից մեկում է` Շառլոտենբուրգում, «Ընկուզենիների ծառուղի» անունը կրող հասցեով: Դյուրին չէր 30-ականներին կառուցված շքեղ և նրբաճաշակ առանձնատունը որևէ երկրի տրամադրելը:

Դեսպան Ղազինյանը Գերմանիայում անցկացրեց «Հայոց Ցեղասպանության մասին» Բունդեսթագի բանաձևը, որը թեև շրջանցում է բուն «ցեղասպանություն» եզրաբառը, սակայն 1915-ի սոսկալի իրադարձություններն անվանում է ազգի բնաջնջում: Հիշատակելով Երկրորդ աշխարհամարտի իրենց իսկ ոչ հեռու պատմական անցյալը` գերմանական բանաձևը Թուրքիային կոչ է անում հաշտվել իր անցյալի հետ, դադարեցնել Հայաստանի շրջափակումը: Փաստաթղթում գերմանացիները հայ ժողովրդի ներողամտությունն են հայցում՝ ժամանակին Օսմանյան Թուքիայի դաշնակիցը լինելու համար:
- Դիվանագետի ծանր ու բարդ աշխատանքը դժվար չէ՞ կնոջ համար:
– Կնո՞ջ… Ես ֆեմինիստ չեմ, այլ հավասարության կողմնակից: Տղամարդ գործընկերներս սիրում են կատակել, թե կանանց առջև շատ դռներ երևի ավելի հեշտ են բացվում: Թերևս նկատի ունեն կնոջը հատուկ հմայքը, զգացմունքայնությունն ու ինտուիցիան: Բայց հավատացեք. և′ տղամարդու, և′ կնոջ համար նույն բարդ և պատասխանատու աշխատանքն է: Պարզապես պետք է շատ սիրես քո մասնագիտությունը, և ամեն ինչ կստացվի, ամեն ինչ կհաղթահարես: Ես իսկապես սիրում եմ իմ աշխատանքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



