Asekose.am-ը գրում է․

«Ծնվել եմ Լիբանանում, տասնինը  տարեկանում ԱՄՆ եմ տեղափոխվել: Երանի եմ տալիս մանկությանս օրերին, քանի որ այդ ժամանակ ոչինչ չէի հասկանում:

Փոքրուց տարբերվել եմ բոլորից. Եթե որևէ մեկն ասեր` սա այսպես պիտի լինի, այն ժամանակվանից ասում էի` ինչո՞ւ»,-մանկության մասին խոսելիս ասում է ինքնատիպ ու յուրօրինակ մարդկանցից մեկը՝ «Ձեր կարծիքը», «Բարի լույս»  և «Հայը» հաղորդաշարերի, հեղինակ և վարող, համերգային ծրագրերի պրոդյուսեր, «Հայկական արվեստներ» ընկերության հիմնադիր Ստեփան Փարթամյանը, ում հետ զրուցել ենք ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում հայի ինքնությունը փաստող գրքի հրատարակության, հայ ժողովրդի մտածողության, Թուրքիա մեկնելու և այլ հարցերի շուրջ:

Եթե վերադառնային մանկության այդքան երանելի օրերը,  ի՞նչը կփոխեիք:

-Հայերեն կսովորեի և  հայկական դպրոցը չէի թողնի ու արաբական դպրոց գնայի (վերաքննություն ունեի հայոց պատմություն, հայոց լեզու, կրոն առարկաներից): Այդ տարիներին պարզ չէր, որ իմ սերը, կյանքի ցանկությունը հայ լինելն է: Որևէ մեկը չասաց, որ այս տղան հետաքրքիր ապագա կարող է ունենալ, որովհետև մենք` հայերս,  երբեք հետաքրքրված չենք, որ պատանուն, երիտասարդին նայենք և ասենք, որ ապագայում լավ մարդ կդառնա:

Չափահաս էիք, երբ տեղափոխվեցիք ԱՄՆ:  Գիտեմ, որ մասնագիտությամբ հեռուստատեսության ու կինոյի բեմադրիչ եք:  Այդտեղ հե՞շտ էր աշխատանք գտնելը:

-Աշխատանք հասկացողությունը ես ստեղծեցի ինձ համար: Ուսանելու տարիներին նկարահանում, մոնտաժ էի կատարում: Լոս Անջելեսում հայկական երկու ծրագրեր կային` մեկ ժամ տևողությամբ: Երբ հանրախանութում էի աշխատում, (գնված ապրանքը տոպրակներում էի տեղավորում), դիմացը հայկական այդ մեկ ժամանոց հաղորդման տաղավարն էր: Երբ 15 րոպե ազատ ժամանակ էի ունենում, գնում, օգնում էի:  Հետո  աշխատողներից մեկի հետ խնդիրներ եղան, նա հեռացավ և տնօրենն ասաց, որ ուզում է` միշտ իր կողքին լինեմ: Երեք աշխատանք էի կատարում. գազալցակայանում էի աշխատում, հանրախանութում, նկարահանումներ էի անում, հոգնած դասի էի գնում ու քնում: Վերջիվերջո ապրուստ պիտի հայթայթեի: Դժվարությունն ամենուր է, ոչ ոք չի ասի. Ա՛ռ այս գումարն ու ապրի՛ր:

Երեք տարի առաջ եկաք Հայաստան՝ ընդմիշտ բնակվելու ցանկությամբ: Մնացիք մի քանի ամիս: Ի՞նչը խանգարեց:

-Ոչինչ էլ չխանգարեց: Հիմա էլ բնակվում եմ Հայաստանում, միայն թե Գլենդելի մարզում: Ինձ համար Հայաստանը երկրագունդն է: Երբ  20 տարի  առաջ ներկայացրեցի առաջին հաղորդումս, ասացի՝  խելացի հայը, ուր էլ որ ապրի, կարող է գոյատևել առանց Հայաստանի: Քննադատեցին՝ ասելով, թե այդ ինչպե՞ս, չէ՞ որ Հայաստանը աղբյուրն է մեր հայկականության: Ես բացատրեցի, որ դա սխալ է: Մարդն, ինքը գիտակցում է, զգում է, որ  հայ է, հիմա Չինաստանում ապրող հայ է, թե ԱՄՆ-ում, սա արդեն կարևոր չէ: Կարևորը իր մայրենի լեզուն է ու մշակույթը:  Հետաքրքիրն այն է, որ երբ ասացի, որ գնում եմ Հայաստան ապրելու, այն մարդիկ, ովքեր քննադատում էին ինձ՝ ասելով, թե դավաճան ես, հայը պետք է իր երկրում ապրի, ասացին՝ գնում ես Հայաստան՝ ի՞նչ անես…

Հայը տկար է, կորցրել է հայ լինելու իր ուժը: Աշխարհի ամենահզորն է, բայց ամենատկարը, թե՛ ուղեղով, թե՛  ֆիզիկապես:

Ինչ-որ բան փոխվե՞լ է այս 3 տարիների ընթացքում.Ի՞նչը այս կարճ ժամանակահատվածում գրավեց Ձեր ուշադրությունը:

-Ես միշտ ասում եմ՝ հայն ավելի շատ ստամոքսի, քան ուղեղի ժողովուրդ է: Շատացել են խոհանոցային օբյեկտները՝ սննդի կետերը: Նկատեցի նաև, որ բոլոր խանութները վարձով են տրվում…3 տարի առաջ դատարկ խանութներ չկային: ԱՄՆ-ի իրավիճակի նման է, թե ի՞նչն է պատճառը՝ դեռևս չեմ կարող ասել:

Քիչ առաջ էլ սրճարանում էի նստած. մաքրողը եկավ, առանց ներողություն խնդրելու՝ ասաց, թե այստեղից վեր կացեք, գնացեք մյուս տեղը նստեք: Մարդը, ինքը,  կոպիտ է, Հայաստանում առավել շատ:

ԱՄՆ վերադառնալը կարծես թե դրական արդյունք է ունեցել: Լինելով մի շարք շրջաններում՝ ՛Yes, We Have՛՛ գիրքն եք հրատարկել: Այս դժվարին գործին ձեռնամուխ լինելու դրդապատճառը ո՞րն է:

-Մանկուց հայի մասին տեղեկութուն եմ հավաքում, քանի որ հավատացած եմ՝ հայի արյունը ուրիշ է: Ստեղծագործող է, հզոր: 21-րդ դարում, երբ որ բջջային հեռախոսները, համացանցը հասանելի է, ամոթ է, որ հայը չվավերագրի: Սկսեցի ԱՄՆ-ից: Փորձեցի կազմակերպություններին դիմել՝ օգնելու համար: Տգետ էին, իմաստը չհասկացան: Տվյալները հավաքեցի և 150 էջից բաղկացած գիրք տպագրեցի այն մասին, թե հայերն ինչ գործ են արել ԱՄՆ-ում: Ամենը՝ փաստաթղթերով հիմնավորված:

Գլենդելում վաճառեցի մի քանի հարյուր  օրինակ: 600 դոլարով  500 օրինակ լցրեցի պայուսակս ու 50 օրով ճամփա ընկա, վաճառեցի ահագին և այսպես սկսվեց վավերագրելու իմ աշխատանքը. հայկականը երկրագնդի մեջ: Գիշերները 10 հոգանոց սենյակում էի քնում: Իհարկե, Ֆրանսիայում բարեկամը իր տունը տրամադրեց, Կիպրոսում մեկ ուրիշը՝ իր տունը և այս բոլորը ֆեյսբուքի շնորհիվ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել