Newmag.am-ը գրում է․
առաջին հոնորարը
Կաշվե գնդակի հետ ընկերացա բավական հասուն տարիքում, դե, այսինքն` չեմ կարող ասել, որ դեռ չէի քայլում, բայց արդեն ֆուտբոլ էի խաղում: Ոչ, մեծ եղբայրս էր շատ խաղում, ես էլ կողքից վազվզում էի, հետո, ավելի ու ավելի… մինչև այդ վազքն ինձ բերեց ազգային հավաքական: Հիշում եմ. երբ առաջին հոնորարս ստացա.. հագուստ գնեցի ու այդ նույն օրն էլ հասկացա, որ փողը միշտ քիչ է լինում:
լիակատար երջանկություն
Եթե հենց հիմա մի կախարդական փայտիկ հայտնվեր, ու մի ցանկության հնարավորություն ունենայի, հաստատ փողը չէ, որ կուզեի: Հենց հիմա ու շատ ուժեղ միայն մի բան կուզեի` խաղալ «Բարսելոնայի» կազմում: Սա իմ երազանքի թիմն է: Թեև առաջին ֆուտբոլիստը, որ հայտնվեց իմ սենյակի պատին, Ռոնալդոն էր: Իսկ հիմա այլ կուռք ունեմ: Մալդինին է: Պաոլոյի հետ մի օր անպայման ձկնորսության կգնամ, նրան շատ եմ սիրում, լավագույն ֆուտբոլիստն է: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Զիդանի «գոլը» Մատեռացցիի կրծքին… սխալ էր, այդպես չէր կարելի,բայց ես էլ նույն կերպ կվարվեի: Գիտեմ, որ այն օրը, երբ դառնամ բարձր վճարվող, հայտնի ֆուտբոլիստ, ստիպված կլինեմ շատ գայթակղությունների դիմագրավել` մեծ փողերին, փոքր ինտրիգներին, ո՞վ գիտի, գուցե աստղային հիվանդությամբ էլ տառապեմ: Գիտեմ, դափնիները փշոտ են: Բայց կարծում եմ՝ պատրաստ եմ… կարծում եմ կկարողանամ… հավատում եմ, որ կստացվի:
թերահավատ մի ժպտա
Չերչիլն ասում էր. «Հեռատես չէ նա, ով շատ հեռուն է նայում»: Իսկ ինչո՞ւ ես զարմանում: Կարծում էիր ոտքերո՞վ եմ մտածում: Այս տարի եմ ավարտել տնտեսագիտականն ու միշտ աշխատում եմ միտքս էլ մարզել: Բայց ֆուտբոլային հաշիվը, այն էլ հաղթական, նախընտրեցի բոլոր հաշվարկներից: Ու հիմա ինքնամոռաց աշխատում եմ: 99 % աշխատանք +1 % տաղանդ, սա է ֆուտբոլիստ դառնալու գրավականը: Այդ պատճառով էլ որոշել եմ ինձ առայժմ հեռու պահել կյանքի հաճույքներից: Հիմա եթե տրվեմ դրանց, շատ բան կկորցնեմ: Իհարկե դժվար է: Երիտասարդ տղա եմ, ուզում եմ ընկերների, ընկերուհիների հետ գնալ ուրախանալու, պարելու, խմելու… բայց… Չէ°, այնպես չի, որ աբեղայի կյանքով եմ ապրում, ուղղակի միշտ զգոն եմ, երբեք պարապմունքի հաշվին չեմ գնա զվարճանալու: Բայց օրինակ, եթե ընկերոջս պետք լինի, որ իր կողքին լինեմ, ես էլ, պարզվի, շատ կարևոր խաղի պետք է գնամ, ընկերոջս չեմ թողնի: Եթե նույնիսկ դրանից հետո զրկվեմ ամեն ինչից: Թերահավատորեն մի ժպտա… այդպես եղել է:
մարզադաշտում ՝ ինչպես թատրոնում
Երկրպագուները շատ կարևոր են, առանց նրանց ֆուտբոլ չկա: Ճիշտ է, խաղի ժամանակ մոռանում ես ամեն ինչ, նույնիսկ անունդ: Բայց եթե մի պահ պատկերացնում եմ, որ տրիբունաները դատարկ են, ոչ ոք չի սուլում, բղավում, քաջալերում ու հայհոյում… սարսափում եմ: Գնդակը, դու և հակառակորդը` դեռ ֆուտբոլ չէ, երկրպագուն է պարտադիր: Ինչպես թատրոնում. պատկերացրու դերասանը բեմին է, իսկ դահիլիճում միայն դատարկ աթոռներն են: Չի լինի, չէ՞:
աղջիկների մասին
Խաղից հետո երբեմն գերհոգնում եմ, բայց հոգնել… մեծ առումով, դեռ շատ վաղ է: Դեռ չեմ կարող ինձ նման բան թույլ տալ, ա′յ, մի 30 տարի հետո կարելի է: Հիմա շատ կարևոր է կանոնակարգված կենսակերպը: Օրական 2 ժամ մարզվում եմ, ռեժիմով սնվում, չեմ ծխում, խմում եմ միայն լավ խաղից հետո: Ռեժիմը շատ կարևոր է: Օրինակ ՙՄանչեստեր-Յունայթիդը՚ պայմանագրում հատուկ կետ ունի, որտեղ նշված է, որ խաղից երկու օր առաջ ֆուտբոլիստներին խստիվ արգելվում է գնալ գիշերային ակումբ: Մեզ մոտ նման բան դեռ չկա, այսինքն՝ առայժմ առաջնորդվում ենք չգրված օրենքներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ