Life.panorama.am-ը գրում է․

Երգչուհի Ռուզան Ավետիքյանը վերջերս հազվադեպ է երևում էկրաններին: Ասում է՝ ավելի շատ սիրում է գործել, քան այդ մասին պատմել: Life.panorama.am-ը երգչուհու հետ զրուցել է նրա ստեղծագործական և անձնական կյանքի մասին, ստացել հանրությանը հուզող մի շարք հարցերի պատասխաններ:
-Ինչու՞ վերջին շրջանում շատ չեք երևում էկրաններին, խուսափու՞մ եք:
-Իսկ ինչ-որ բան ունե՞մ խուսափելու. բնավ՝ ոչ: Պարտադիր է, որ անընդհատ նոր տեսահոլովակ նկարահանեմ ու պտտեմ, որ նոր իմ մասին հիշե՞ն, կամ որ ամեն ծառի ու թփի տակ չեմ նկարվում ու այդ մասին լուսաբանում, հո չի՞ նշանակում, որ ոչինչ չեմ անում, ու մեր տանը հանգիստ քնած եմ. այդպես լինում է միայն գիշերը (ծիծաղում է): Պարզապես, չեմ սիրում անընդմեջ խոսել արած ու չարած բաների մասին: Վերջերս, օրինակ, եղել եմ սահմանամերձ Մովսես գյուղում, ուր շատերը կվախենան գնալ: Ամռանը Ժողգործիքների անսամբլով համերգ եմ ունեցել կենդանի նվագախմբի հետ, ինչից մեծ բավականություն եմ ստացել:
-Հիմա ի՞նչ նոր երգերի վրա եք աշխատում:
-Այժմ անդրադառնում եմ ժողովրդական ակունքներին, հիմա, արդեն, ավելի շատ ժողովրդական, գուսանական երգեր եմ երգում: Ուզում եմ նաև իմ երգացանկում նոր երգ ունենալ, սակայն այն գործերը, որոնք ինձ ներկայացնում են, սրտիս չեն դիպչում, չեն գոհացնում: Եթե մի բան ներկայացնեն, որ հոգիս տակնուվրա կանի, անպայման կերգեմ:

-«Ջանա-ջանա» երգի վերաբերյալ որոշ քննադատություններ հնչեցին: Կային մարդիկ, ովքեր համարեցին, որ դուք շեղվել եք ձեր երգարվեստից: Ի՞նչ կպատասխանեք նրանց:
-Ճաշակին ընկեր չկա: Երգը չի կարող բոլորին դուր գալ: Ես լսել եմ, որ մայրիկներն ասում են՝ մինչև իրենց երեխաներ այդ երգ չեն լսում, հաց չեն ուտում. դա արդեն լավ է: Տարիքով մարդկանց, օրինակ, կարող են դուր գալ իմ կատարմամբ ժողովրդական երգերը. դա ևս նորմալ է: Ամեն դեպքում, ես շատ սիրում եմ «Ջանա-ջանա» երգը, հարգում եմ նաև հեղինակին:
-Ձեզանից ոճային փոփոխություն ակնկալե՞նք:
-Ամեն ինչ հնարավոր է, ժամանակի հետ կապված ոչինչ հերքել չեմ կարող:
-Մեր շուբիզնեսից ու՞մ հետ եք մտերիմ: Ձեր ընկերներից որևէ մեկի հետ դուետով հանդես գալու մտադրություն չունե՞ք:
-Իմ ընկերները շատ են՝ Ասոն, Աննա Խաչատրյանը, Կամո Սեյրանյանը, Վարդան Բադալյանը...Հաճախ մասնագիտական քննարկումներ ենք ունենում, միմյանց աջակցում ենք: Ես և Աննան միասին դուետով հանդես գալու ցանկություն ունենք, երգի փնտրտուքի մեջ ենք: Թվում է՝ շատ երգահաններ ունենք ու երգի պակաս չունենք, բայց դա այդպես չէ:
-Դուք նաև դասավանդում եք Կոնսերվատորիայում և Բաբաջանյանի անվան քոլեջում, ձեր սաների գործունեությանը հետևու՞մ եք: Ի՞նչն է երբեմն մտորելու առիթ տալիս:
-Երկու հաստատություններում էլ ունեմ հիանալի սաներ: Պարզապես, երբեմն, ցավում եմ, որ նրանք մասնակցում են ժողովրդական փառատոնների ու մրցույթների, մրցանակներ են ստանում և, եթե խոսքը հեռուստանախագծի մասին չէ, դրանք ուղղակի չեն լուսաբանվում:
-Վերջերս խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ դուք Ավանում քաղաքապետի կողմից տուն եք ստացել: Դա ճի՞շտ է:
-Ոչ, ես այնտեղ բնակարան չունեմ: Ինձ մարդիկ բազմիցս հարցրել են այդ մասին... Բանն այն է, որ օգոստոսին Ավանի նորակառույց շենքերի բացումն էր, ինքս ներկա եմ եղել բնակարանամուտին և երգել եմ այնտեղ: Երևի, այդ է պատճառը, որ նման խոսակցություններ են տարածվել:
-Ձեր անձնական կյանքը հանրության համար շարունակում է «առեղծվածային» մնալ: Հետաքրքրասերներին հայտնելու որևէ բան ունե՞ք:
-Անձնական կյանքում նորություն չունեմ, թաքցնելու էլ ոչինչ չունեմ: Եթե կհայտնվի որևէ ասպետ, ով կգրավի իմ սիրտը՝ խնդրեմ...Բայց նա պետք է հաշվի առնի, որ ես չեմ սիրում պարծենկոտ, ստախոս ու «պինդձեռք» տղամարդկանց: Հատկապես վերջին հատկությունն ինձ համար խայտառակ մի բան է...
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



