Tert.am-ը գրում է.
Tert.am-ի հետ զրույցում գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը, վերհիշելով Անկախության ճանապարհին իրենց սերնդի կրած զրկանքները, ասում է, որ հսկայական սովետական կայսրության մեջ մենք միակ Հանրապետությունն էինք, որ 3-րդ հազարամյակ մտավ հաղթանակած, շահած, ոչ թե կորցրած: «Այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ մեր 29 000 քառակուսի կիլոմետրանոց երկիրը դարձրինք 42 000. մենք մեր բնիկ հողերը ետ բերեցինք: Դրանից ավելի կարևոր բա՞ն»,– ասում է նա։ Ալվարդ Պետրոսյանը չի պնդում, որ իրենց սերունդը իդեալական էր, սակայն նշում է, որ այն ժամանակ էլ կային մակաբույծներ, դատարկամիտ, կարիերիստներ, բայց հենց մեկ զանգ եղավ Արցախից, սերնդի միջուկն այդ ամբողջ ավելորդ բաները մի կողմ դրեց ու նվաճեց Անկախությունը:
- Մեր 23-ամյա անկախության ճանապարհին այսօր ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ ենք ունեցել:
-Երբ մենք ասում ենք՝ «23-ամյա անկախություն», դա արդեն ինքնին այնքան մեծ բան է: Ես անկախությանը չեմ նստել՝ մեր տան խոհանոցում սպասել, ես ինձ համարում եմ այդ անկախության կերտողներից մեկը: Շատ ակտիվ եմ մասնակցել այդ կերտման գործընթացին, ես էլ, ամուսինս էլ, տղաս էլ, նա ուղղակի շատ երիտասարդդ էր, 19 տարեկան էր, ակադեմիայի ուսանող էր, նկարիչ, թողեց, փախավ Ղարաբաղում կռվեց՝ երկու տարի՝ 93-94 թթ: Իմ ընկերները, գուցե Դուք չգիտեք, բայց այդ ողջ զարթոնքը սկսվեց Գրողների միությունից, կենտրոնը Գրողների միության նշանավոր փոսն էր՝ բուֆետը, նշանավոր ճաշարանը, որ ունեինք: Եվ ամեն ինչ եփվում էր այդտեղ: Ու մենք կերտողներն էինք, որ ասում եմ՝ անմիջական մասնակցություն եմ ունեցել, ոչ թե միայն հոդվածներ եմ գրել կամ … այլ օրինակ՝ զենք եմ տեղափոխել: Ես շատ խաբուսիկ տեսակ էի, չէ՞, թմբլիկ, երիտասարդ, չէին կարող մտածել, որ ես այդ մեքենայով գնում եմ, ամբողջ մեքենան զենք էր: Մի խոսքով: Դրա համար ինձ անկախության մասին խոսելը պաթետիկ, վերացական հայրենասիրության դրսևորում չէ, դա շատ դաժան ճանապարհ էր, ու շատ ընկերներ եմ կորցրել էդ ճանապարհին, մարդիկ, որոնց շորերը լվանում էի։ «Բեկորը»՝ նշանավոր Աշոտ Ղուլյանը:
-Երջանիկ մարդ եք:
- Ինչքան երջանիկ, նույնքան էլ դժբախտ, որովհետև հետո ես նրանց ճանապարհում էի վերին Երուսաղեմ: Ու շատ սարսափելի ծանր էր, շատ սիրելի մարդկանց:
Ու Հանրապետության Նախագահին, նախորդին էլ՝ Ռոբերտ Քոչարյանին ես միայն պրեզիդենտական աթոռին միայն նստած չեմ տեսել, ես տեսել եմ չարքաշ զինվորի կայնքով ապրող մարդկանց: Որովհետև, շատ հաճախ, չարացածություն կա, դժգոհություն կա, և բնական է, որ պետք է լինեն, որովհետև շատ թերություններ կան այդ անկախության ճանապարհին, լիքը սոցիալական արատներ կան, իրավական արատներ, արդարության պակաս կա, հացի պակաս կա: Էդ բոլորը կա: Եվ բնականաբար, ամենաշատ պահանջում են, ամեն ինչի համար պահանջում են նախագահից: Ինձ շատ հաճախ ասում են՝ ինչո՞ւ ես պաշտպանում Սերժ Սարգսյանին, որովհետև Սերժ Սարգսյանն ինձ համար գահին նստած թագավոր չէ: Ես չեմ կարող երբեք մոռանալ Սերժ Սարգսյանին 88 թվականին մթին գիշերները , երբ թուրքական յաթաղանն էր գլխներին կախված և «ռուսական սապոգը», և, այնումենայնիվ, նրանք այն կազմակերպիչներն էին, որ կարողացան կերտել այդ անկախությունը:
Հսկայական սովետական կայսրության մեջ մենք միակ հանրապետությունն էինք, որ 3-րդ հազարամյակ մտավ հաղթանակած, շահած, ոչ թե կորցրած: Իհարկե, դա շատ թանկ հաղթանակ էր. 7000 մի քիչ էլ ավելի գուցե զոհեր տվեցինք, ամենապայծառ մեր զավակներ, և տնաքանդ, քնահարամ հարյուր հազարավոր մարդիկ, մենք ունեցանք Սումգայիթ, ունեցանք Բաքու, կորցրեցինք Շահումյանը: Բայց, այնուամենայնիվ, այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ մեր 29 000 քառակուսի կիլոմետրանոց երկիրը դարձրինք 42 000: Իսկ դա Սովետական միությունում եզակի երևույթ էր. նայե՛նք մեր հարևաններին. Վրաստանը կորցրեց, Ադրբեջանի մասին չենք խոսում, որովհետև դա արհեստական ստեղծված ինչ-որ կառույց էր: Ռուսները ստեղծեցին Ղազախստան, Ադրբեջան, հետո դրա տակից ո՞ն են դուրս գալու, ես չգիտեմ: Բայց մենք մեր բնիկ հողերը ետ բերեցինք: Դրանից ավելի կարևոր բա՞ն: Մնացած բոլոր դժվարություններն անցողիկ են, հաջորդ սերունդը մեզանից ավելի լավ է ապրելու, ես դրանում չեմ կասկածում:
Դուք օրինակ՝ այսօր չեք հիշում, որ մենք ցրտի, մթի տարիներ ենք ունեցել: Դժոխք էր, ու փառք Աստծո, որ չեք հիշում: Ու Ձեզ համար, այնուամենայնիվ, տաք քաղաքն է, լուսավոր, սրճարաններով, խենթուկների ձեր սերունդը: Այդ բոլորը էնքան քաղցր բան են, ու չեմ կասկածում, որ ձեր երեխաներն ավելի լավ են ապրելու: Մենք մեր բնական վիճակից 15 տարի շուտ ծերացանք, ես ու իմ նախշուն ընկերները: Մենք շատ բաներ կորցրեցինք. ես պետք է նստեի, իմ վեպերը գրեի, զբաղվեցի ուրիշ գործերով, քաղաքականությամբ, ամուսինս՝ տաղանդավոր դերասան Լորենց Առուշանյանը, քանի՞ ներկայացում չխաղաց: Ժամանակին, երբ հորս, որ «ժողովրդի թշնամի էր», հարցնում էի՝ «պապ, ո՞ն ց եք ներում», ասում էր՝ «էս երկիրը երբեք 30 տարի իրար հետևից անկախ չի եղել», խաղաղ չի եղել, այսքան երեխա չի ծնվել, Ակադեմիա չենք ունեցել, ինչ է ո՞ր, մեր կալանքը, մանրուք է: Ինքը հենց ԳՈՒԼԱԳ-ում էր նստած եղել: Ու դուք էլ, ձեր սերունդը պետք է ներողամտորեն մտածեք, ու պայքարեք ձեր երազի համար, որովհետև եթե չպայքարեք, ոչ մի բան առաջ չի գնա:
-Ձեր սերունդը շատ լավ գիտի անկախության արժեքը, այսօրվա սերունդը, ըստ Ձեզ, որքանո՞վ է այն արժևորում:
- Հիմա շատ հեշտ է իմաստունի կեցվածք ընդունել, գիտուն կատվի նման, նստեմ ասեմ, որ մենք … Մենք անկախության մեջ մեր թոռներին անգամ չէինք պատկերացնում: Եվ մեր շուրջն այնքան մակաբույծներ կային, դատարկամիտ, սին, կարիերիստներ, իրենց տգիտությամբ պատ ծակող դուրսպրծուկներ: Ինչ ասես, ինչ, որ հիմա Ձեր կողքը կարող եք տեսնել: Բայց մեկ զանգ հնչեց, երգ կա չէ՞ «Հայոց լեռներից», այս անգամ Արցախից, և պարզեց, որ սերնդի միջուկը այդ ամբողջ ավելորդ բաները մի կողմ է դնում: Սերնդի միջուկը չի երևում, այ, ծիրանի նման շքեղ պտղի միջուկը չի երևում, ամեն սերունդ իր թանկագին միջուկն ունի, ու մեկ վայրկյան չեմ կասկածում, որ այդ միջուկը միշտ կա: Դիվերսիայի ժամանակ տեսանք, որ էդ էրեխեքը կանգնեցին, իրենց սահմանը պաշտպանեցին: Չեմ կասկածում, որ, Աստված մի արասցե, նրանք կանգնելու են, ինչպես իմ սերունդը: Ուղղակի Ձեր սերնդի համար անկախությունն օդի պես մի բան է դարձել, նույնքան բնական վիճակ է, որքան օդ շնչելը, մեզ համար էր մի քիչ ուրիշ, բայց հենց ուզենան էդ օդը կտրել, կպաշտպանեք էդ օդը:
Ես նաև շատ ուզում եմ, որ Անկախությունը, որը բացարձակ արժեք է, շատ տրանսֆորմացիայի չենթարկվի, չդառնա ոտքի տակ տրորվող մի բառ: Էսօր բառերը շատ են: Մենք տեսնում ենք՝ ինչքան փուչ կարգախոսներ գցեցին ժողովուրդների գլխին: «Վարդերի հեղափոխություն», էն ինչ արեցին Վրաստանի գլխին: Էլ «Նարնջի հեղափոխություն» , էլ «Մայդան»: Մենք զարմանալի ժողովուրդ ենք, չնայած մեզ շատ ենք բամբասում, որ մենք սենց ենք, նենց ենք, մենք բացառիկ տաղանդավոր ժողովուրդ ենք: Եվ ոչ մեկը իմ թվարկած ժողովուրդներից նման ծանր կացության մեջ չի եղել. երկրաշարժ, մեռյալ վիճակ, ամեն օր դագաղներ էին բերում Օպերայի հրապարակ, քայքայված տնտեսություն, բայց երբեք սոված բունտ չարեցինք: Ժողովուրդն այնքան լավ էր գիտակցում խնդրի կարևորությունը, ես ինքս Դաշնակցության անդամ եմ, իմ ընկերները բանտերում էին, կասեցվել էր կուսակցությունը, իմ հրատարակած թերթը փակվել էր, և ոչ միայն՝ 20-ից ավելի թերթեր փակեցին, բայց մեկ օր անգամ չեմ մտածել, որ կարելի է այնպիսի բան անել, որ մեր երկիրը տակնուվրա լինի: Դաշնակցությունը օրապակաս կուսակցություն չէ, համահայկական կառույց է հսկայական, և իմ ընկերները, որոնք հատուկ գումարտակ էր կոչվում դաշնակցականների, մեկ օր չմտածեցին, որ պետք է լքեն ճակատը, գան: Ես ղեկավարում էի Հայաստանում բարեսիրական կազմակերպություն, մեկ օր չմտածեցի, որ պետք է դադարեցնեմ իմ աշխատանքը՝ ո՛չ ես, ո՛չ իմ ընկերուհիները:
Չեմ կարծում, որ ձեր սերունդն ի զորու չէ նման բաներ անելու, բայց, տա Աստված, որ ձեր էներգիան ծախսեք աշխատանքի վրա, ոչ թե պատերազմի, ստեղծելու վրա, ոչ թե թշվառությունը հաղթահարելու: Քանի՞ վեպ կարող էի գրել, բայց չգրեցի, ես և իմ ընկերները: Բայց մեկ օր չեմ ափսոսացել, համարել եմ, որ երջանկություն է կերտել այդ անկախությունը, թեև դժոխքով անցանք: Բայց մեկ օր «օֆ» չեմ ասել, ես չեմ ուզել, որ Կարմիր բանակը մեզ պաշտպանի, ես ուզել եմ, որ մեր բանակը մեզ պաշտպանի: Եվ, փա՛ռք Աստծո, Անկախության մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը մեր բանակն է ու մեր արժանապատվությունը: Ողնաշարներս ուղղած մտանք 3-րդ հազարամյակ:
Շարունակությունն՝ այստեղ



