Lragir.am-ը գրում է.
Unian.net-ը հայտնում է, որ Հարեւանության հարցերի եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, թե ժամանակն է Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության միջեւ պաշտոնական կապ հաստատել եւ ձեւավորել Ազատ առեւտրի գոտի: Այդ հայտարարությանը նախորդել էր մեկ այլ հետաքրքրական իրադարձություն: Եվրամիությունն ու Ուկրաինան պայմանավորվել էին մեկ տարով հետաձգել Ասոցացման եւ Խորը ու Համապարփակ առեւտրի համաձայնագրի կիրառումը: Դա ավելի շատ թերեւս ոչ թե ուկրաինա-եվրոպական, այլ ռուս-եվրոպական համաձայնություն է, որը կայացվել է Ուկրաինայի ճգնաժամի շուրջ վերջին քննարկումների շրջանակում:
Այստեղ որոշակի հակասականություն է նկատվում: Մի կողմից Եվրամիությունը միանում է ՌԴ դեմ պատժամիջոցները խստացնելու ԱՄՆ որոշմանը, մյուս կողմից համաձայնում է արգելակել Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի կիրառումը, ինչը փաստացի հանդիսանում է ՌԴ պահանջ: Ռուսաստանն Ուկրաինային սպառնում էր, որ Եվրամիության հետ Ազատ առեւտրային հարաբերության դեպքում կկիրառի իր շուկան պաշտպանելու քայլեր, որոնք արգելքներ կդնեն ռուսական շուկա ուկրաինական ապրանքի մուտքի համար:
Թվում է, որ Ասոցացման համաձայնագրի կիրառման արգելակումը հանդիսանում է այդ սպառնալիքի հետեւանք: Միեւնույն ժամանակ, Ֆյուլեի հայտարարությունը կարծես թե խոսում է ռուսական սպառնալիքների «լեգիտիմացման» մասին: Փաստացի խոսք է գնում այն մասին, որ Ֆյուլեն առաջարկում է Եվրամիությանը ճանաչել Եվրասիական միությունն ու շփում հաստատել դրա հետ, ինչն էլ իր հերթին կնշանակի արդարացնել Ռուսաստանի գործողությունն Ուկրաինայի հանդեպ: Չէ որ հենց Պուտինն էր առաջարկում տնտեսական միասնական տարածք ստեղծել Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ:
Ֆյուլեն կարծես թե խոսում է հենց այդ մասին: Չի բացառվում, որ այստեղ խոսում է ավելի շատ այն հանգամանքը, որ Ֆյուլեն շատ շուտով այլեւս չի լինելու հանձնակատար: Եվրամիությունում փոխվում է հանձնակատարների կազմը եւ Ֆյուլեն նորում չկա, որն արդեն Եվրամիությանն է ներկայացրել Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ժան Կլոդ Յունկերը: Կազմը արդեն ստացել է հավանություն: Հետեւաբար դդժվար է ասել, թե Ֆյուլեի հայտարարությունը որքանով է հանդիսանում Եվրամիության տրամադրության արտահայտում եւ որքանով է իրականում հանդիսանում հեռացող հանձնակատարի անձնական կարծիք:
Ի վերջո պետք չէ բացառել, որ հանձնակատարը արդեն մտածում է Եվրոպայում իր ապագա դերակատարության մասին եւ այդ առումով փորձ է անում նաեւ Ռուսաստանին անել շահեկան առաջարկ՝ հանդիսանալ Եվրոպայում ռուսական լոբբինգի ներկայացուցիչ: Ի վերջո, Եվրոպայի քաղաքական գործիչների շրջանակում այդպիսի պրակտիկա կա: Եվրոպայում ազդեցիկ տերության Կանցլեր աշխատած Գերհարդ Շրյոդերը պաշտոնը թողնելուց հետո դարձավ փաստացի Գազպրոմի աշխատակից: Այնպես որ այդ իմաստով որեւէ արտառոց բան չկա:
Համենայն դեպս առայժմ անհասկանալի է, թե ինչի՞ մասին է խոսում Ֆյուլեն բովանդակային եւ մեխանիզմի իմաստով: Ի՞նչ Եվրասիական միության հետ կապի մասին կարող է լինել խոսքը, եթե Եվրասիական միության անդամներն իրենք դեռեւս չեն կարողացել որոշակիացնել եւ հստակեցնել միմյանց տնտեսությունների միջեւ կապն ու նրանց միջեւ պարբերաբար ծագում են փոխադարձ պահանջներ եւ դժգոհություններ:
Մյուս կողմից, չի բացառվում, որ ճանաչելով Եվրասիական միությունն ու սկսելով շփումներ պաշտոնական մակարդակով, Եվրամիությունը ակնկալում է խորացնել Եվրասիական միության ներքին ճգնաժամն ու հակասությունները: Բանն այն է, որ Եվրամիության հետ շփումն առաջ է բերելու բանակցային գործընթաց, որտեղ չձեւավորված միության անդամները սկսելու են պայքարը Եվրամիության հետ հարաբերությունից առավելագույնս քաղելու համար, ինչը փաստացի կարող է հանդիսանալ նրանց միջեւ նոր «կռվախնձոր»: Բացառված չէ, որ Ֆյուլեի առաջարկի հիմքում այդ հաշվարկն է՝ որ Եվրամիությունը ներկայիս փուլում շփում հաստատելով ԵԱՏՄ հետ, կարող է դրանով լուրջ արգելակ հանդիսանալ այդ կառույցի լիարժեք կազմավորմանը, հետեւաբար այդպիսով կանխարգելել նաեւ Պուտինի կայսրության ձեւավորումը:
Շարունակությունն՝ այստեղ



