Times.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ:

Հանրապետության Նախագահը այցի շրջանակներում նախ ներկա է գտնվել Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, շրջայցի ընթացքում ծանոթացել կենտրոնի ընթացիկ և առաջիկա ծրագրերին, իրականացված աշխատանքներին:

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում: 2014թ. կառավարության որոշմամբ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) գործունեության ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

Գյումրիի տեխնոպարկի ստեղծման նպատակն է նպաստել քաղաքի զարգացմանը այն վերածելով ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական գոտու, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող կազմակերպությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները։ Ծրագիրն էական նշանակություն ունի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, փոքր և միջին բիզնեսի խթանման, նոր աշխատատեղերի ստեղծման և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման տեսանկյունից՝ այդպիսով նպաստելով նաև տարածքային համաչափ զարգացմանը, երկրի ընդհանուր մրցունակության բարձրացմանն ու Գյումրի քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ճյուղերի զարգացմանը: Տեխնոլոգիական կենտրոնը միաժամանակ հնարավորություն կընձեռնի արտադրական գործընթացներում ընդգրկելու Շիրակի մարզի բարձր որակավորման մասնագետներին:

Հանրապետության Նախագահը կենտրոնում այցելել է «Ջի-Այ-Թի-Սի սթարթ-ափ» ակումբ, ուսումնական և «ԱրմԹաբ» լաբորատորիաներ, Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների նորարական ծրագրի սենյակ, ճարտարագիտության և մեխանիկական լաբորատորիաներ, «Ռոստելեկոմ»-ի գրասենյակ, ցուցասրահ, «Դ-Լինք» և «Ի-Վորկս» ընկերությունների սենյակներ, մուլտիմեդիայի տաղավար և լսարան, որտեղ հանդիպում է ունեցել Գյումրիի դպրոցներից կենտրոն այցելած շուրջ 130 ուսուցիչների հետ: Տեխնոլոգիական կենտրոնում Նախագահն ազդարարել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնարկը:

«Հարգելի՛ ուսուցիչներ,

Ինչպես հիշում եք, հուսով եմ, որ հիշում եք, ես հրապարակավ ասել եմ, որ նոր ուսումնական տարվա սկզբին մենք կրթական ոլորտում հանդես ենք գալու ևս մեկ կարևոր ու էական նախաձեռնությամբ: Այսօր ես պատիվ ունեմ հայտարարելու այդ նախաձեռնության մեկնարկը: Կրկնակի հաճելի է դա անել այսպիսի լսարանում, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հեռանկարը խորհրդանշող նոր և արդիական տեխնոպարկի հարկի տակ հավաքված հրաշալի ուսուցիչների միջավայրում:

Եվ այսպես: Ամենևին էլ նորություն ասած չեմ լինի, եթե մեկ անգամ ևս պնդեմ, որ ապագան կանխորոշվում է կրթությամբ: Ցանկացած ազգային ծրագիր իրագործելի է միայն այն դեպքում, եթե ամրապնդված է համապատասխան մարդկային ներուժ ձևավորելու կարողությամբ ու վճռականությամբ:

Հզոր երկիր ունենալու համար պետք է ունենալ որակյալ և մրցունակ մարդկային ռեսուրս, վերջինս ապահովելու համար անհրաժեշտ է բարձրորակ կրթական համակարգ և դրան համապատասխան ուսուցչական համայնք:

Դարեր ի վեր հայերն ուսուցչին ավանդաբար վերապահել են ամենաբարձր դիրքը հասարակության մեջ: Այսօր, կրթությամբ անընդհատ վերափոխվող աշխար-հում մենք առավել ևս կարիք ունենք վերաիմաստավորելու և վերարժևորելու ուսուցչի մասնագիտությունը: Ի վերջո, ո՞վ է ուսուցիչը: Մարդ, որ սերունդ է կերտում: Մարդ, որի ձեռքում է մեր ամենաթանկ գանձը մեր երեխաները: Մարդ, որի կատարած աշխատանքից առավելապես կախված է մեր ապագան: Հետևաբար հասարակությունը պետք է ունենա լավագույն կրթության նպատակադրում և դառնա դրան հասնելու պահանջատեր: Մենք պետք է որակական բարձր չափանիշների հասնելու հնարավորություն ստեղծենք, որպեսզի մեր ուսուցիչները պատրաստվեն ըստ միջազգային չափորոշիչների, ապահովեն լավագույն կրթական բովանդակություն և ստանան արժանապատիվ վարձատրություն:

Սա գիտակցելով է, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, մեկամյա նախապատրաստական աշխատանքից հետո, սկսում են մի մեծամասշտաբ կրթական նախաձեռնություն, որը կոչվում է «Կրթության գերազանցության ազգային ծրագիր»:

Ծրագրի նպատակն է կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք: Ծրագիրն իրականացվելու է միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական համակարգով, ըստ որի ուսուցիչները պետք է ստանան համապատասխան որակավորում: Այն լրամշակվելու և ամբողջովին բերվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխանության: Այնուհետև գրանցվելու է Հայաստանի Հանրապետության և միջազգային որակավորման համապատասխան հաստատությունների կողմից:

Նախատեսվում է, որ Հայաստանում մեկ տասնամյակի ընթացքում Կրթության գերազանցության ազգային ծրագիրը կհավաստագրի շուրջ 2000 միջազգային որակավորման ուսուցիչների: Նրանք կդառնան փոփոխություններ իրականացնողներ՝ օրինակ ծառայելով Հայաստանի դպրոցների ուսուցիչների ներկայիս ու նոր սերնդի համար, ինչպես նաև կստեղծեն դպրոցներում դասավանդման նորագույն մոտեցումների տարածումը խթանող ցանց:

Ծրագրի շրջանակներում կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանի ողջ ուսուցչական համայնքին՝ կատարելագործելու դասավանդման բովանդակությունը և հմտությունները, կօգնի ներդաշնակեցնելու տեղական և միջազգային կրթական չափորոշիչները և տեղայնացնելու համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում:

Կրթության որակի շարունակական բարձրացումը ոչ միայն պետական կառույցների, այլև հասարակության գերխնդիրն է: Սա նշանակում է, որ որակը ոչ թե պետք է վերևից պարտադրվի, այլ պահանջված լինի տեղում: Պետք է ստեղծել կրթությամբ հաջողության հասնելու երազանք և հնարավորություն ընձեռել այդ երազանքն իրականացնելու համար: Այս առումով Կրթության գերազանցության ազգային ծրագիրը առաքելություն է, իսկ այդ ծրագրի ուսուցիչները պետք է լինեն կրթության նոր մշակույթի առաքյալները: Իհարկե, որևէ առաքելություն չի կարող պսակվել հաջողությամբ, եթե չկա դրա անհրաժեշտության հանրային գիտակցում: Եթե հասարակությունը կրթության սպառող է և ոչ թե մասնակից, ապա այդ կրթությունից ոչ մի լավ բան չի ստացվի:

Այսօր մենք կարիք ունենք ծրագրի մասին իրազեկելու և առավել ևս լսելու բոլորին, ձեզ բոլորիդ: Անցկացվելու են ծրագրի հանրային քննարկումները: Մենք պետք է վստահ լինենք, որ կա կրթության որակի բարձրացման հանրային պատվեր և մասնակցության պատրաստակամություն, մենք պետք է վստահ լինենք, որ ծրագիրն ըստ ամենայնի բյուրեղացնում է մեր միասնական պատկերացումները: Ուստի, պետք է վստահ լինենք, որ յուրաքանչյուրիդ ձայնը լսված է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել