Araratnews.am-ը գրում է.
Ձեզ ենք ներկայացնում Kommersant-ի թղթակցի հարցազրույցը Շառլ Ազնավուրի հետ.
Վերջերս լրացավ Ֆրանսիական էստրադայի դասական, երգիչ, բանաստեղծ եւ դիվանագետ Շառլ Ազնավուրի ծննդյան 90-ամյակը։ Բեմը թողնելուց առաջ երգիչը որոշել է հանդես գալ հրաժեշտի համերգային ծրագրով։ Այն տեղի է ունենալու հոկտեմբերի 3-ին՝ Մոսկվայի Crocus City Hall-ում։
- Ո՞վ է վերջին անգամ Ձեզ դիմել Ձեր իսկական անվամբ՝ Շահնուր։
- Իմ անունը չափազանց դժվար էր արտասանել հիվանդանոցում աշխատող բուժքրոջ համար։ Այդ իսկ պատճառով իմ կյանքի հենց առաջին օրվանից ես դարձա Շառլ։ Եվ բախտս բերեց։ (Ծիծաղում է)։ Թե չէ բոլորը տանջվելու էին, ինչպես այն բուժքույրը։ Այդպես էլ անցավ, Շահնուր-ով ինձ ոչ ոք չի դիմել։
- Դուք հայ եք, ով երգում է ֆրանսերեն, ապրում է Շվեյցարիայում։ Ո՞ր լեզվով եք դուք մտածում։
- Ֆրանսերենով։
- Երբ լինում եք Երեւանում, Դուք իրո՞ք հանգրվանում եք Ձեր տուն-թանգարանում, որը բացվել է Ձեր պատվին։
- Իմ սենյակը դեռ պատրաստ չէ, այդ պատճառով ես հանգրվանում եմ հյուրանոցում։ Բայց մի օր ես կտեղափոխվեմ ինձ մոտ։ Դեռ ժամանակը չէ։
- Կա՞ մի «դաս», որը դուք քաղեցիք՝ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի աշխատանքից։ Այդ գործում Դուք Ձեզ իսկական քաղաքական գործիչ զգո՞ւմ եք։
- Ես հասկացա մի բան. դիվանագիտությունն ու քաղաքականությունը տարբեր բաներ են, եւ ոչ մի կերպ չի կարելի դրանք խառնել իրար հետ։ Ցանկացած երկրի դիվանագետ չի կարող ասել ամեն ինչ՝ հաշվի առնելով երկրի շահերը եւ խորհրդակցելով ղեկավարության՝ ԱԳ նախարարության հետ։ Ես քաղաքական գործիչ չեմ, ես դիվանագետ եմ։ Ես երբեք չեմ եղել եւ չեմ լինի քաղաքական գործիչ, թեկուզ հենց այն պարզ պատճառով, որ չեմ սիրում քաղաքականությունը։
- Ձեր հարազատ Փարիզը փոխվում է, եւ, ընդհանրապես, փոխվում է ամբողջ Եվրոպան։ Մարդիկ կարծում էին, թե կարող են ապրել միասին՝ առանց սահմանների։ Բայց, պարզվում է, վերջին 90 տարում նրանք կառուցում էին նորանոր սահմաններ։ Ձեր ապրած տարիների բարձունքից ի՞նչ խորհուրդ կտայիք ֆրանսիացիներին եւ, ընդհանրապես, եվրոպացիներին։
- Դա բացարձակ ճշմարտություն է. մարդիկ դեռ չեն սովորել ապրել առանց սահմանների։ Բայց ես դրան սովորել եմ եւ այժմ ապրում եմ հենց այդպես։ Ապրում եմ տարբեր երկրներում եւ շատ հեշտությամբ գնում եմ ցանկացած երկիր։ Ինչ վերաբերում է խորհրդին, ապա կասեի, որ արժե սկսել այն բանի գիտակցումից, որ բոլորը մի Երկրի մարդիկ են։ Մենք պետք է ջանանք հասկանալ միմյանց, այլ ոչ թե մարտնչենք իրար հետ։ Եթե այլմոլորակայինների մասին մի որեւէ ֆանտաստիկ ֆիլմի սցենար իրականություն դառնար, ապա մենք բոլորս կմիավորվեինք՝ մոռանալով սահմանների եւ տարբերությունների մասին. չէ՞ որ մենք մի մոլորակի եւ մի Երկրի մարդիկ ենք։ Ինչո՞ւ դա չի կարելի անել հիմա։
- Ռուսաստանում, կարելի է ասել, ֆրանսիական մյուզիքլների բում է։ Ի՞նչ եք կարծում, Ձեր կենսագրությունը կարո՞ղ էր դառնալ մյուզիքլի հիմնական սյուժե։
- Ինձ այդ մասին մեկ անգամ չէ, որ հարցրել են ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Ամերիկայում, բայց ես դեռ չեմ պատասխանել «այո»։ Ես կգերադասեի, որ այդ մյուզիքլը լիներ իմ մահից հետո։ Դա գոնե «փող կբերեր» իմ երեխաներին։ (Ծիծաղում է)։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



