9iTU0tJfuG-800x6001in.am-ը գրում է.

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Վարդանյանի, Սարգիս Գրիգորյանի, Ալբերտ Սարգսյանի և Նարեկ Դավթյանի գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝ Արմեն Վարդանյանը 2013 թվականի մայիսի 7-ին, ժամը 15-ի սահմաններում Նարեկ Դավթյանից ստանալով տեղեկատվություն և համաձայնության գալով Սարգիս Գրիգորյանի ու Ալբերտ Սարգսյանի հետ, դիմակավորված ու զինված՝ Աբովյան քաղաքում մուտք են գործել մի բնակարան:

Որպես զենք օգտագործված «Կոլտ» մոդելի օդամղիչ, ինչպես նաև իսկականին նման խաղալիք ատրճանակներից կրակելու, բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել և ավազակային հարձակմամբ հափշտակել են 500 հազար դրամ, 650 դոլար և 1800 դոլար արժողությամբ «HP» տեսակի դյուրակիր համակարգիչ:

Նախաքննական մարմինը Արմեն Վարդանյանին ու Սարգիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրել նաև այն բանի համար, որ 2013 թվականի մայիսի 22-ին նախապատրաստվել են ևս մեկ ավազակային հարձակման, վերցրել են կպչուն ժապավեն, «Կոլտ» օդամղիչ ատրճանակը ու դանակ, գնացել են «Ալմաստ» գործարանի ուղղությամբ, փնտրել հարմար զոհի, բայց չեն գտել, փոխարենը ճանապարհին հանդիպել են ոստիկանների, իրենց պահվածքով կասկած են առաջացրել ու բերման են ենթարկվել:

Արմեն Վարդանյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:

Նա հայտնել է, թե պարտքեր ունենալու պատճառով գումարի կարիք է ունեցել, այդ մասին ասել Նարեկ Դավթյանին: Նա էլ ասել է, թե ընկերուհու հարևանը տոկոսով գումար է տալիս:

Ինքը հանդիպել է Սարգիս Գրիգորյանին, նրա հետ համաձայնության եկել, ապա առաջարկել է իրենց միանալ նաև Ալբերտ Սարգսյանին:

2013 թվականի մայիսի 7-ին, ժամը 13- ն անց 30-ի սահմաններում ինքն ու Սարգիսը մտել են տուժողի բնակարան: Հետո բնակարան է բարձրացել նաև Ալբերտը: Մի քանի վայրկյան հետո իրենք հեռացել են: Իրենք իմացել են, որ տանը մարդ չկա, մտել են գողություն, ոչ թե ավազակություն կատարելու:

Իսկ երկրորդ դրվագով ինքն ու Սարգիսը դուրս են եկելփողոց՝ «ինչ-որ բան անելու» մտադրությամբ, բայց հետո իրենց խիղճը «տեղի է տվել, ու իրենք չեն ցանկացել դա անել»:

Նախաքննության ժամանակ Արմեն Վարդանյանն ասել է, թե Նարեկն իր եղբոր ընկերն է, նրա հետ լավ հարաբերությունների մեջ է եղել:

Իրեն գումար է պետք եղել, դիմել է Նարեկին, նա ասել է, թե գումար չունի, բայց Աբովյանում ապրող իր ընկերուհու հարևանը տոկոսով փող է տալիս:

Ինքը համաձայնության է եկել Սարգիսի ու Ալբերտի հետ, նախապատրաստվել են ավազակային հարձակման:

Իրենց ծանոթներից մեկի միջոցով գնել են 80 հազար դրամ արժողությամբ օդամղիչ ատրճանակ, պայմանավորվել են գումարը հետո վճարել:

Վերցրել են սպորտային գլխարկներ, դրանցից դիմակներ են սարքել:

Ինքն իմացել է Նարեկի ընկերուհու շենքի տեղը: Իմացել է, որ տոկոսով փող տվողի տունը Նարեկի ընկերուհու տան դիմաց է:

Երեքով գնացել են, թակել դուռը: Բացել է մի կին: Իրենք միանգամից ներս են մտել:

Սարգիսն ու Ալբերտը ատրճանակները պահել են կնոջ վրա, պահանջել գումար ու ոսկեղեն: Իրենց հետ կպչուն ժապավեն էին տարել, որ անհրաժեշտության դեպքում կապեն տուժողին: Կինը իրենց ուղեկցել է ննջարան, պահարանից հանել է ծրարով գումար ու տվել է իրենց:

Սարգիսն էլ վերցրել է պայուսակի մեջ դրված նոթբուքը, իրենք դուրս են եկել միջանցք:

Ինքը մինչ այդ կտրել է բնակարանի հեռախոսալարը:

Կնոջն ասել են, որ միջանցք դուրս չգա, թե չէ իր համար վատ կլինի:

Իրենք դուրս են եկել բակ, նստել մեքենա ու հեռացել:

Ճանապարհին ծրարը բացել ու տեսել են, որ 400 հազար դրամ է ու 650 դոլար: Գումարը բաժանել են իրար միջև՝ յուրաքանչյուրին՝ 100 հազար դրամ և 200 դոլար: Նարեկին հարձակման հաջորդ օրը տվել են 100 հազար դրամ և 50 դոլար:

Նարեկն իրենց պատմել է, որ հարձակումից հետո ինքը որպես ընթերակա մտել է տուժողի բնակարան, տեսել, որ այնտեղ այլ գումար էլ է եղել, որը տանտիրուհին նրանց չի տվել:

Ինքը տանտիրուհուն չի հարվածել, չի տեսել նաև, որ ընկերները հարվածեն: Ընդամենը զենքով պահանջել են գումար ու ոսկի: Իրենք ոսկեղեն չեն հափշտակել:

Ինքն ունեցել է մոտ 50 հազար դրամ պարտք:

Սարգիս Գրիգորյանը պատմել է, որ տուժողի բնակարանից դուրս գալու ժամանակ ինքը գրկել է տանտիրուհուն և ասել. «Կներես, մորքուր ջան, լավ կլինի»:

Տուժող կինը հայտնել է, թե 2013թվականի մայիսի 7-ին, ժամը 15-ին իրենց բնակարանի դուռը թույլ թակել են, ինքը մտածել է՝ որդին է կամ հարևանը, չի ստուգել, թե իրականում ով է թակում և բացել է դուռը:

Չի հասցրել կողմնորոշվել, քանի որ դիմակավորված անձինք իրեն հրել են ներս ու մտել են տուն:

Առաջինը մտել է Սարգիսը, հետո՝ Արմենը: Դուռը բաց է մնացել:

Հետո մտել է երրորդը՝ Ալբերտը: Նա ևս դիմակով է եղել ու բանալիով փակել է դուռը:

Դիմակավորները արագ են գործել, ինքը նրանց մոտ զենք է տեսել, վախեցել է, նրանք պահանջել են ոսկի ու գումար:

Ինքը փորձել է համոզել նրանց, նրանք անդրդվելի են եղել:

Նրանց ուղեկցել է ննջարան: Պահարանից հանել ու տվել է ծրարով գումարը: Տղաներից ամենաակտիվը վերցրել է մահճակալին դրված նոթբուքը:

Ինքը խնդրել է, որ համակարգիչը չվերցնեն, որովհետև, ուսանող որդի ունի, նրանց խնդրել է հետ կանգնել սխալ ճանապարհից: Ասել է, թե ինքը հիվանդ կին է, թե նրանք ուղղվելու հնարավորություն ունեն:

Նրանք դուրս են եկել միջանցք, տղաներից մեկը ձեռքը դրել է իր ուսին ու ասել. «Կներես, մորքուր ջան, որ սենց եղավ»: Նրանք հեռացել են՝ սպառնալով, որ միջանցք դուրս չգա:

Ինքը պատուհանից որդուն ձայն է տվել: Որդին ընկերոջ հետ տուն է բարձրացել…

Հարձակման ժամանակ Սարգիսն ատրճանակը պահել է իր քունքին և գումար է պահանջել:

Իրենց պատճառած վնասը՝ 6 հազար դոլար, հատուցել է Ալբերտի ծնողը: Ալբերտն իր նկատմամբ գործողություն չի կատարել:

Ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Վարդանյանին մեղավոր է ճանաչել ավազակային հարձակման և ավազակային հարձակման նախապատրաստման համար ու վերջին հաշվով դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Սարգիս Գրիգորյանը դատապարտվել է 7 տարի ազատազրկման:

Ալբերտ Սարգսյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

Նարեկ Դավթյանը դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել