
Սեպտեմբերի 19-ից սկսած որոշ ժամանակ Ճապոնիայի «Burger King» արագ սննդի կետերում կմատուցվեն «Kuro Burgers» կոչվող սև բուրգերներ: Ի տարբերություն նարնջագույն և դեղնավուն հացերով ու պանիրներով բուրգերների՝ այս բուրգերների պանիրներն ու հացերը սեփ-սև են: Կա երկու տեսակի սև բուրգեր:
«Kuro Pearl»-ը պատրաստվում է սև հացերից, սև պանրից և տավարի մսով կարկանդակից (վերջինս սև չէ), իսկ «Kuro Diamond»-ի մեջ այս բաղադրատարրերից բացի կա նաև հազար, լոլիկ և սոխ, որոնք ևս սև չեն: Սև բուրգերների այս երկու տեսակներն էլ կարելի է ճաշակել սև կետչուպով:
Սակայն ինչո՞ւ են այս բուրգերները սև: Հացերը, պանիրները ու կետչուպը պատրաստվում են կաղամարի թանաքով և հնդկեղեգի փայտածուխով: Սև հացերն ու կետչուպը նորություն չեն: Ճապոնիայի «Burger King»-ը այս հայտնագործություններն արել էր դեռևս 2012 թ. սեպտեմբերին, մինչդեռ սև պանիրը նորություն է:



