1in.am-ը գրում է.
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն»ակումբի նախագահ, վերլուծաբան Սմբատ Կարախանյանը:
-Պարոն Կարախանյան, շաբաթներ առաջ կտրուկ կերպով սրվեց իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, որից անմիջապես մի քանի օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարողացավ Սոչիում հանդիպում կազմակերպել հակամարտող կողմերի նախագահների միջև: Ինչպե՞ս եք գնահատում իշխանության, մասնավորապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պահվածքն այդ հանդիպմանը և այդ ողջ ընթացքում ընդդիմության համախմբումն իշխանության հետ պետության շուրջ:
-Բնական համախմբում տեղի ունեցավ ազգի կողմից, դրանով, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ հակահարվածով թուրք-ադրբեջանական զգոնության ստուգմանը պատասխան տրվեց: Բնականաբար, այս իրավիճակը սպասելի էր, այդպիսի համախմբում տեղի ունեցավ նաև Սփյուռքում: Գործնական տրամադրվածություն ցույց տվեցին այն ուժերը, որոնք որ, մեղմ ասած, դրական չեն տրամադրված ՀՀ իշխանությունների նկատմամբ: Բայց ամեն ինչ այսպես էլ պետք է լիներ, այլ տարբերակ չկար:
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, նրանք հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարարի հետ, արեցին իրենց հայտարարությունները, և արտաքին թշնամու դեմ այլ քաղաքականություն ակնկալելի չէր: Իսկ ինչ վերաբերում է իշխանություններին, պետք է էլի քննադատեմ: Երբ ադրբեջանական կողմը կազմակերպում է դիվերսիաներ, կազմակերպվում է ներթափանցումներ, բացի այն, որ պետք է գործեն ուժային կառույցները, պետք է գործի նաև քաղաքականությունը, այդ գործողոթյուններին պետք է տրվեն հստակ քաղաքական պատասխաններ, բայց արտաքին հարթակներում ՀՀ իշխանությունները բացարձակապես կաղում են: Այս իրավիճակում ճիշտ էին այն կարծիքները, համաձայն որոնց՝ հակառակորդը լկտիանում է՝ տեսնելով նման պասիվություն, լռություն:
Սոչիի հանդիպման մասին շատ է խոսվել։ Ես կասեմ մի տեսակետ: Այստեղ ՌԴ ղեկավարությանը, մասնավորապես ՌԴ նախագահին անհրաժեշտ էր առերեսում ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների միջև. խոսքը ոչ թե ԼՂ հակամարտության մասին էր, այլ Եվրասիական տնտեսական միության և դրա շուրջ շրջանառվող խոսակցությունների մասին: Հստակեցվեցին այն բոլոր խնդիրները, որոնք անհանգստացնում էին թե Նազարբաևին և թե մնացածին: Ռուսաստանը մինուսներ դրեց Ադրբեջանի կողքին այն բանի համար, որ ինքնակամ դիրքեր է մոտեցրել և նման լարվածություն սկսել: ՌԴ նախագահն Ալիևին այս հարցի հետ կապված իր տեղը դրեց:
Ցանկալի էր, որ ՀՀ-ն ներկայացված լիներ ուժեղ պետականությամբ, ՀՀ իշխանությունն ավելի լուրջ հարցեր պետք է բարձրացներ, բայց դա չկա: Երևի ՀՀ իշխանությունը ևս հասկանում է, որ չունի վստահության համապատասխան քվե ոչ միայն ժողովրդի, այլև ՌԴ ղեկավարության կողմից: Ստիպված Ռուսաստանը գնում է քաղաքական ճնշումների ճանապարհով, իսկ այդ ընթացքում ՀՀ իշխանության ներկայացուցիչներն արևմտյան երկրներում տանում են ինչ-ինչ անհասկանալի բանակցություններ, խոսակցություններ, սեպարատ ինչ-որ բանակցություններ իրենց անձնական անվտանգության, ակտիվների անվտանգության համար արևմտյան բանկերում, մյուս կողմից բոլորն են հասկանում, որ եթե այնտեղ ունես մեծ քանակությամբ ակտիվներ կամ ֆինանսներ, նախագծեր, բնական է, որ դու կապված ես ու ստիպված ես երկու ֆրոնտով պայմանավորվածություններ ձեռք բերել, և այստեղ պետական շահը վերանում է:
Կանգնել ենք մի դիլեմայի առջև՝ քրեաօլիգարխիկ ուժային համակարգի շահե՞րը պաշտպանել, թե՞ ցույց տալ, որ պետություն ու պետականություն ունենք: Այս երկուսն անընդհատ մտնում են հակասության մեջ:
-Պարոն Կարախանյան, սահմանային լարվածությանն իր հրատապ հարցազրույցում անդրադարձավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Բացի արտաքին մարտահրավերների մասին խոսելուց, առաջին նախագահը կենտրոնացավ ներքին իրավիճակի վրա՝ խորհուրդներ տալով իշխանությանը և քողարկված մեսիջներ ուղղելով նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, որովհետև կա զգացողություն, որ այդ կուսակցությունն այդքան էլ հավատարիմ չէ վերջին շրջանում իր որդեգրած քաղաքականությանը, այսինքն՝ լինել ընդդիմության կողքին:
-Այդպիսի ենթադրություն անելու համար մենք Ծառուկյանից կոնկրետ քայլեր չենք տեսել: Դա ուղղված չէր Ծառուկյանին, ուղղված էր իշխանությանը: Հիմնական ուղերձն իշխանությանը հետևյալն էր, որ նման կերպով շարունակելու դեպքում ոչ մի հաջողության չեն հասնելու, որ պետք է իրական աշխատանքով զբաղվել:
-Վերջերս շրջանառության մեջ դրվեց Քոչարյան-Տեր-Պետրոսյան հանդիպման անհրաժեշտության հարցը: Կա հասարակության մի հատված, որն այդ հնարավոր հանդիպման հետ հույսեր է կապում: Ըստ Ձեզ՝ այս առումով ի՞նչ կարելի է սպասել, կա՞ համագործակցության եզր, և եթե կայանա այդ համագործակցությունը՝ ի՞նչ սպասել:
-Ծանոթ եմ այդ նախաձեռնություններին: Այստեղ ոչ մի արտառոց իրավիճակ չկա: Ե՛վ առաջին նախագահը, և՛ երկրորդ նախագահը քաղաքականապես գոյություն ունեն, և այստեղ պետք է վերանալ անհատական հարցերից ու հարցը դիտարկել գործնական ոլորտում: Եթե ինչ-որ համագործակցություն ուղղված է ՀՀ ազգային շահերին, ապա դա դրական է:
Բնական է, որ նման խոսակցությունները և նախաձեռնությունները միշտ չէ, որ միանգամից իրագործվում են, նախապատրաստական լուրջ աշխատանքներ են անհրաժեշտ այդպիսի հանդիպման համար, և եթե այդ աշխատանքներում ի հայտ գան հստակ կետեր, որոնց շուրջ կարելի է հասնել հայոց պետականության, արտաքին քաղաքականության հաջողությունների՝ գովելի երևույթ է, բայց նման հարցերում համաձայնեցման, կոնսենսուսի շատ հարցեր կան: Ցանկացած առումով դրական երևույթ է: Եթե չլինի կոնսենսուսային տրամադրություն, ապա դա կմնա բարի ցանկություն: Եթե համաձայնեցնեն ինչ-ինչ հարցեր՝ կլինի շատ գովելի երևույթ: Սակայն այսօր կան խոսակցություններ, բայց ոչ գործնական տվյալներ:
Այնպես չէ, որ երկու կողմերը ծրագրեր են առաջ քաշել ու քննարկում են, կա պարզապես խոսակցություն, ընդհանուր ցանկություններ, բարի ցանկություններ, բայց գործնական քայլերի մասին խոսելը վաղ է: Եթե ՀՀ-ում լինեն լուրջ ճգնաժամային իրավիճակներ՝ գուցե դա ավելի իրատեսական դառնա:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այսքան պասիվ քառյակը, երբ ներկայիս իշխանությունն աշխատում է էլ ավելի ամրապնդվելու, հաջորդ նախագահական ընտրություններին նախապատրաստվելու ուղղությամբ: Ի դեպ, Սեյրան Օհանյանը, շատ փորձագետների կարծիքով, պատրաստվում է Սերժ Սարգսյանին փոխարինելու համար, նրա նկատմամբ վերաբերմունքը բավական դրական է:
-Ես չէի ասի, որ քառյակը պասիվ է: Չնայած ամառվա շոգին, քառյակն իր աշխատանքները շարունակում է և ընդհանրապես պասիվ չէ, չեմ կարող ասել, որ պասիվ է, քառյակը քննարկումներ մեջ է։ Եվ այս ընթասցքում քառյակն իրեն լավագույնս դրսևորեց լարվածության հետ կապված: Քառյակը գնում է պետական շահերի պաշտպանության, պետական շահերի ամրապնդման ուղղությամբ: Մեր նման երկրները չափազանց ուժեղ պաշտպանության նախարարություն և ազգային անվտանգության ծառայություն պետք է ունենան։
Իրենց հզորությամբ Հայաստանի այս կառույցները պետք է աշխարհի նմանատիպ հզոր կառույցների հնգյակում լինեն: Ունենք բոլոր հնարավորությունները, քանի որ դրանք ֆինանսական խնդիրներ չեն, այլ ուրիշ բնույթի խնդիրներ, այսինքն՝ քաղաքական կամքի բացակայությունն է հարցը: Պետք չէ այդ ծառայություններին զսպել ու վերածել քաղաքական միավորների, քանի որ դրանք ունեն իրենց հստակ խնդիրները: Իսկ այս իրավիճակում ողջամտություն ցուցաբերեց քառյակը: Սերժ Սարգսյանն արդեն հրաժեշտ տվող նախագահ է, և այդ սահմանադրական խաղերը ոչնչով չեն վերջանալու, հերթական շատ թույլ, էժանագին քայլերն են: Բոլորն են հասկանալու, որ իրավիճակը ԼՂ հակամարտության շուրջ էլ ավելի է թեժանալու: ՌԴ-ն ինչ-որ կերպ հանդարտեցրեց, մարեց, բայց այդ խնդիրները շարունակվելու են։
Տեղեկատվություն կա, որ 2015 թ. ավելի է սրվելու իրավիճակը, շատ լուրջ սրացումներ ենք սպասում: Հայաստանն այս կարգավիճակով չի բավարարելու տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների, որոնց հետևում կանգնած է նաև Թուրքիան, այդ կենտրոնները նաև արևմտյան երկրներում են, անկախ արևմտյան երկրների դիրքորոշումից, քաղաքականությունից, լինելու են շատ լուրջ սրացումներ: Իրավիճակը դրան է տանում, և բոլոր փակ, բաց վերլուծական, ռազմական կենտրոնները գալիս են այդ եզրահանգման, որ մենք ապագայում տեսնելու ենք ներկայիս լարվածության եռակի, քառակի անգամ ավելին: Ադրբեջանը նորից սկսելու է ագրեսիա, նորից մոտեցնելու է շփման գիծը ինքնակամ կերպով, նորից սկսվելու է տեղեկատվական պատերազմը, լրտեսական համակարգերի օգտագործումը Հայաստանի դեմ. մեր հակառակորդը պատրաստվել է ու շատ լավ պատրաստվում է։ Ու այս ամենը բերելու է դրան: Պետք է ագրեսիվ կերպով պատրաստ լինել հակահարված տալու այդ ամենին:
-Այնուամենայնիվ, հստակ է մեկ բան, որ Ռուսաստանը կարող է զսպել Ադրբեջանին։ Որտե՞ղ է այս դեպքում Ռուսաստանը, եթե կա այդ վտանգը, որտե՞ղ են այն անվտանգության երաշխիքները, որոնք տրվել են Հայաստանին և որոնք ամրապնդվել են սեպտեմբերի 3-ին Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու որոշմամբ:
-ՌԴ երաշխիքները կան: Հարցը ՀՀ իշխանությունների դիրքորոշման մեջ է: Եթե ՀՀ-ն դիմում է, ՌԴ-ն կողմ է միջամտելուն: Ես կարող եմ ասել, որ մի քանի անգամ դիմել են հայկական կողմին միջամտելու համար, սակայն ՀՀ իշխանությունները մերժել են, ասել են, թե չեն ցանկանում, եղել է խոսակցություն, որ պետք է դիմել, քանի որ սահմանները գնդակոծվում են, ՀՀ սահման նույնիսկ գոյություն չունի, իսկ նրանք գնում են սահմանին պորտֆոլիոներ են կազմակերպում: Գնացեք սահման սարքեք նորմալ, հասկացեք՝ սահման կա՞, թե՞ չկա:
Ինչպես կարելի է տեխնիկայի նման զարգացվածության դարում նման լացակումած իրավիճակում լինել և չունենալ նորմալ սահման: Սրանից լավ կանխում ռուսական կողմը չէր կարող անել: Հստակ առաջարկն ի սկզբանե եղել է, բայց հասկացան, որ ՀՀ իշխաութունները ոչ ադեկվատ են, խառնվում են իրար, չեն կարողանում քաղաքական կամք ցուցաբերել և որոշումներ ընդունել, ուստի հրատապ կերպով ՌԴ նախագահը կանչեց նախագահներին և ադրբեջանական նախագահին նախազգուշացում տվեց: ՌԴ ղեկավարությունը փայլուն է գործել, զգուշացրել է, որ Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում դեսանտ է իջեցնելու, քանի որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է և ՌԴ-ի ռազմավարական գործընկերը: Ես այստեղ այլ բան չեմ տեսնում:
-Ձեր կարծիքով, այս լարվածությունն ինչո՞ւ առաջացավ հենց այս փուլում: Տեսակետ կա, որ սա հրահրվեց Ռուսաստանի կողմից, քանի որ ՌԴ-ն այս շրջանում ուներ տարածաշրջանում էլ ավելի ամրապնդվելու կարիք, Արևմուտքին ցույց տալու, որ կարող է պատերազմ սկսել և կանխել այն:
-Ուկրաինայի հետ կապելու տրամաբանություն չեմ տեսնում: Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը դառնա Ուկրաինա: Տրամաբանություն չկա, ՌԴ-ին ձենտու չէ այդ պատերազմը: Դա սրեցին Հայաստանի և Ադրբեջանի ներքին քաղաքական իրավիճակները: Արդեն ռեսուրսն ավարտվում է, այսինքն՝ բանական ուժերին դիմակայելու ռեսուրսն ավարտվում է: Իշխանության ցուգցվանգը շարունակվում է:
-Ավարտվեց Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրը։ Քառյակն ամեն դեպքում ասում էր, որ պետք է սպասի նոր կառավարության արդյունքներին։ Այդ արդյունքները պետք է որ արդեն պարզ լինեն: Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրատապ հարցազրույցում խոստանում էր լուրջ քաղցաքական գործընթացներով աշուն: Ի՞նչ սպասել:
-Հովիկ Աբրահամյանի 100 օրը ընդհանրապես կապ չունի ընդդիմության քաղաքական օրակարգի հետ: Ես ի սկզբանե ասել եմ, որ արտառոց բան չէր սպասվում, դա նույն համակարգի մասն է: Այսօր չեն լուծվում խնդիրները, չկա ծրագիր, չի իրականացվում ոչինչ, քանի որ Հովիկ Աբրահամյանն ի վիճակի չէ որևէ բան իրականացնելու, և ինչ նախատեսված է քաղաքական ներքին զարգացումներից՝ աշնանը լինելու է: Ժողովրդի իրավիճակից շատ բան է կախված այդ հարցում: Աշնանը ընդդիմությունը վեր կկենա, հստակ պատասխան կպահանջի իշխանություններից: Սա է իրավիճակը։ Մի օր պետք է լինի՝ հարց տան այս իշխանություններին։



