Ղազար Փարպեցին, նկարագրելով սպարապետ Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ հայկական փոքրաթիվ զորաջոկաների մղած պարտիզանական կռիվները (մ.թ. 481-484թթ.) պարսկական գերակշիռ ուժերի դեմ, մեջ է բերում վերջիններիս զորահրամանատար Միհրան-Շապուհի պատասխանը Արյաց նորանշանակ Վաղարշ թագավորի հարցմանը.
«Այդ Վահանն ի՞նչ միտք ու ուժ ունի, ինչպե՞ս այսքան տարի կարողացավ դիմադրել արիներիս»:
Ըստ պարսից զորահրամանատարի՝ «…Վահանը մեզ ինչքա՜ն նեղություն պատճառեց իր քիչ մարդկանցով. սուտ չի լինի, եթե ասեմ՝ հարյուր մարդ էին… Շատ ծանր է ասել, և անհավատալի է, թե ինչպես այնքան փոքրաթիվ ջոկատով ամբողջ օրը կռվեց աներկյուղ, եկավ ամբողջ զորակայանի վրա և մեծամեծ վնասներ հասցրեց: Մեկ օրվա գործն եմ հիշում, որ այնտեղ ինքս եմ տեսել, սակայն հիմա ես՝ ականատեսս, այն համարում եմ վեր, քան մարդկայինը, ու՜ր մնաց, թե լսողը հավատա: Որովհետև երեսուն մարդկանցով երեք հազարի վրա հարձակվեց աներկյուղ և այնպիսի գործ կատարեց, որ այնտեղ գտնված բոլոր մարդիկ այսօր էլ, երբ հիշում են, թվում է երկյուղը չի հեռանում մտքներից… Հարձակվեցին այնքան մարդկանցով, ամբողջ զորքը վերից վար ճեղքեցին, ընտիր, լավ ազատներ շատ կոտորեցին… Ապա իրենք փոքր-ինչ խույս տալով հեռացան իրենց ձիերով, բայց շատ ժամեր մեզ մոտիկ, թևակից գնում էին անհոգ: Եվ մեր զորքից ոչ ոք չէր համարձակվում նայել նրանց կողմը, որովհետև նրանք բոլորն էլ մեզ թվում էին աստվածներ և ոչ թե մարդիկ…»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10204635965483005&set=a.10200092231292490.2199637.1351196033&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել